Մատչելիության հղումներ

ԱԺ-ն հավանություն տվեց գազային հանձնաժողովի ստեղծմանը


Ռուսաստան - «Գազպրոմի» աշխատակիցը չափումներ է իրականացնում բաշխիչ կայանում, արխիվ

Ռուսաստան - «Գազպրոմի» աշխատակիցը չափումներ է իրականացնում բաշխիչ կայանում, արխիվ

Ազգային ժողովում կստեղծվի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Երկօրյա բուռն քննարկումներից հետո խորհրդարանը ձայների 75 կողմ, 3 դեմ, 30 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն տվեց հանձնաժողովի ստեղծման՝ Հանրապետականի առաջարկին:

Երեք դեմը «Ժառանգության» ձայներն էին, ձեռնպահ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը քվեարկեց:

Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց այդ որոշման պատճառը, ասաց՝ հանրապետականների իրական նպատակներին զգուշավորությամբ և մտահոգությամբ են վերաբերվում:

Հանձնաժողովն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կսկսի գործել, կունենա 10 անդամ՝ հինգ իշխանական և հինգ ոչ իշխանական: Խորհրդարանում ներկայացված ուժերը հիմնականում որոշել են իրենց պատվիրակներին:

«Բարգավաճ Հայաստանը» հանձնաժողովում երկու ներկայացուցիչ կունենա՝ Գուրգեն Արսենյանը և Միքայել Մելքումյանը:

Դաշնակցությունը, ըստ ամենայնի, Աղվան Վարդանյանի թեկնածությունը կներկայացնի:

Հայ ազգային կոնգրեսը, ինչպես ասաց Լյուդմիլա Սարգսյանը, նախապատվությունը տալիս է «մեր գազի մարդուն»՝ Արամ Մանուկյանին:

«Ժառանգության» մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին, Թևան Պողոսյանի խոսքով, ոչ իշխանական ուժերի՝ գործընկերների որոշումից կախված կլինի:

«Եթե խնդիր կլինի, որ բոլոր ընդդիմադիր խմբակցությունները կմասնակցեն, ապա մենք էլ կմասնակցենք, որ կարողանանք ապահովել հավասարակշռվածությունը հանձնաժողովում և այն ժամանակ, երբ որ պետք կլինի, որ մեր ձայնն էլ նույնպես հաշվի առնի և ընդդիմության կողմից չլինեն փոքրամասնության մեջ, որ մենք անպայման մասնակցենք», - պարզաբանեց Պողոսյանը:
Չնայած ընդդիմադիրների կոչերին, թե ցանկալի է հանձնաժողովն իրենց ներկայացուցիչը ղեկավարի, Հանրապետականը չզիջեց: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի երեկվա հայտարարությանը Հանրապետական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր հակադարձեց՝ հանձնաժողովը կղեկավարի իրենց ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

«Պայմանավորվածությունը քաղաքական ուժերի հետ արդեն քննարկել ենք, համաձայնություն ունենք: Մի նայեք լիագումար նիստում ինչ են անում, որովհետև երբ լրագրող չի լինում, շատ հանգիստ քննարկումներ են գնում, երբ լրագրող է լինում՝ քաղաքական գործիչներն ասում են՝ ես ասում եմ, դու անմիջապես տար հասարակությանը ներկայացրու, որ ես մաքուր եմ, արդար և ամեն ինչ», - հավելեց Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, Ռուբիկ Հակոբյանը, երեկ, մասնավորապես, ասել էր․ - «Սա աշխատանք է պահանջում, տքնաջան աշխատանք: Այստեղ պաշտոն չկա, փող չկա: Թույլ տվեք, թող ընդդիմությունը տանջվի, չարչարվի, ինքը աշխատի այդ հանձնաժողովում»:

Գազի հարցով հանձնաժողովը, ըստ Հանրապետականի հեղինակած նախագծի, ուսումնասիրելու է 2011-13թթ․ ընթացքում գազի դիմաց ռուսական կողմին կուտակած 300 միլիոն դոլար պարտքի ձևավորման օրինականությունն ու չափի հիմնավորվածությունը, ինչպես նաև «ՀայՌուսգազարդում» Հայաստանի Հանրապետության ունեցած 20 տոկոս բաժնեմասի գնահատման գործընթացը: Բայց դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված և ընդդիմադիրների գնահատմամբ խիստ վիճահարույց գազային պայմանագրերին չի անդրադառնա: Գազի գնի ձևավորման և սպառողների շրջանում գազի ցածր ջերմատվության մտահոգությունները կուսումնասիրի, չնայած գազային համաձայնագրերով մինչև 2044 թվականը Հայաստանը պարտավորվել է գազը ռուսական «Գազպրոմից» ձեռք բերել, նաև գազի այլընտրանքային ներկրման հարցը կքննարկի: Ընդդիմությունը չի հավատում Հանրապետականի բարի ցանկություններին: Ինչպես Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը ձևակերպեց՝ չի վստահում Հանրապետականին: Կարծում է՝ իշխանական ուժի նպատակը ճշմարտության թաղման հանձնաժողով ստեղծելն է:

Հանձնաժողովը, նաև ընդդիմության ուժերով, արդեն ստեղծված է, ուստի Գալուստ Սահակյանը կարող է ասել․ - «Գիշերը չենք քնելու, որովհետև ընդդիմությունը չի վստահում, որովհետև մենք այդ խնդիրն էլ չունենք՝ վստահենք, թե չվստահենք»:

Հանձնաժողովը կաշխատի փակ ռեժիմով և իր գործունեության վերաբերյալ եզրակացություն Ազգային ժողովին կներկայացնի մինչև ամառ:
XS
SM
MD
LG