Մատչելիության հղումներ

Ռուսաստանը «ըմբռնումով է մոտենում» հայ միգրանտների խնդրին


Ռուսաստանը «ըմբռնումով է մոտենում» հայ միգրանտների խնդրին
please wait

No media source currently available

0:00 0:02:44 0:00

Ռուսաստանը «ըմբռնումով է մոտենում» հայ միգրանտների խնդրին

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Ռուսաստանն ըմբռնումով է մոտենում հայ միգրանտների հանդեպ վիզային նոր ռեժիմը բացառության կարգով մեղմացնելու Հայաստանի առաջարկին։

«Խոսքը միայն պաշտոնապես հայտարարված 170 հազար մեր հայրենակիցների դեպորտի վտանգի մասին չէ, խոսքը նաև այնպիսի դեպքերի մասին, որոնք կան մեր իրականության մեջ, երբ ամուսնուն արդեն իսկ արտաքսել են, ընտանիքը մնացել է այնտեղ։ Շատ նման դեպքեր կան, և սա իսկապես լրջագույն խնդիր է։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորելու համատեղ միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը վաղը Մոսկվայում կգումարի իր անդրանիկ նիստը»,- ասաց Բաղդասարյանը։

Բաղդասարյանը վերջերս նամակ էր հղել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ խնդրելով Ռուսաստանում աշխատող Հայաստանի քաղաքացիների վերաբերությամբ վերանայել միգրացիոն գործող նորմերը: Ռուսաստանցի գործընկերոջը ուղղված նամակում Բաղդասարյանը նշել էր, որ Հայաստանի տարածքում գտնվող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ նման սահմանափակումներ չեն կիրառվում և չեն կիրառվելու հետագայում: «Ելնելով սրանից՝ մեր պետությունների քաղաքացիների վերաբերյալ միգրացիոն քաղաքականությունն անհրաժեշտ է մշակել և իրականացնել կողմերի հավասարության հիման վրա»,- ասված է նամակում:

«Ռուսաստանցի մեր գործընկերները հասկանում են խնդրի կարևորությունը մեզ համար, սա վերաբերում է միլիոնավոր մարդկանց։ Այսօր 2.5-3 միլիոն մարդ է բնակվում ՌԴ-ում, եթե մենք չկարողանանք փոխընդունելի լուծումներ գտնել, սա իսկապես շատ լուրջ սոցիալական, տնտեսական, քաղաքական մտահոգություններ է առաջացնում»,- ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքէջի համաձայն՝ Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացի զրկված է Ռուսաստան մուտք գործելու իրավունքից, քանի որ արդեն իսկ խախտել է այս երկրի միգրացիոն օրենքները։ Բացի այդ, ռուսական միգրացիոն օրենսդրության համաձայն, հունվարի 1-ից առանց մուտքի վիզայի Ռուսաստան մուտք գործած քաղաքացիները կարող են մնալ այդ երկրում 180 օրվա ընթացքում ոչ ավելի, քան 90 օր:

Միգրացիոն հարցերով անկախ փորձագետ Վարդան Գևորգյանը կարծում է, որ հարցը պետք է դիտարկել Հայաստանին Մաքսային միության մեջ ներքաշելու գործընթացների համատեքստում:

«Ես կարծում եմ, սա Ռուսաստանի հերթական քայլերից մեկն է, որ Հայաստանին ստիպի ավելի ակտիվացնել ՄՄ-ին կամ Ռուսաստանի համակարգին ինտեգրվելը։ Ուղղակի Հայաստանի վզին գցած ռուսական օղակը ավելի ձգելու փորձերից մեկն էր, որ Հայաստանը ստիպված լինի էլ ավելի կախյալ վիճակում էլ ավելի մեծ զիջումների գնալու, չնայած չգիտեմ, թե էլ ինչ զիջումների տեղ է թողել Հայաստանը»,- ասաց Գևորգյանը։

Ինչ վերաբերում է Պատրուշևին ուղղված Արթուր Բաղդասարյանի նամակին, ապա միգրացիոն հարցերով անկախ փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը կարող է ընդառաջել ու Հայաստանի քաղաքացիների համար մեղմացնել միգրացիոն նորմերը միայն այն պարագայում, երբ օրենսդրության խստացումն ու նամակ գրելու գործընթացը փոխկապակցված լինեն:

«Ռուսաստանի մոտեցումը կարող է հետևյալը լինել՝ դուք նամակ գրեք մեզ, մենք քննարկենք, հնարավոր է՝ ներքին կարգով դրան լուծում տանք, դրանով իսկ ձեր երկրում ձեր իշխանությունների կշիռը կբարձրացնենք որոշակիորեն, որ բնակչության մոտ տպավորություն լինի, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ բան կարողանում են փոխել և ստեղծել Հայաստան-Ռուսաստան իշխանական փոխհարաբերությունների հավասարություն զգացողություն կամ իմիտացիա։ Իրականում Հայաստան-Ռուսաստան քաղաքական, սոցիալական, տնտեսական փոխհարաբերությունները անհավասար փոխհարաբերություններ են»,- ասաց փորձագետը։

Գևորգյանի կարծիքով՝ դժվար թե Ռուսաստանը հենց այնպես գնա զիջումների.- «Այսինքն աշխատանքային միգրանտներին թույլատրելով, նրանց նկատմամբ գրանցման սահմանային ժամկետը հանելով, ՌԴ-ն կարող է նրանց նկատմամբ հարկային և այլ մոտեցումները ավելի խստացնել, ի վերջո այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ստիպված լինեն իրենց աշխատածի մեծ մասը թողնել Ռուսաստանում, կամ այդ գումարները շատ ավելի ծանր պայմաններով հասնեն Հայաստան»։

Մաքսային միությանն անդամակցելու դեպքում միգրացիոն հոսքերը չեն նվազի, եթե Հայաստանում չիրականացվեն քաղաքական և սոցիալ-տնտեսական արմատական բարեփոխումներ, ասում է միգրացիոն հարցերով անկախ փորձագետը:
XS
SM
MD
LG