Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ «Հայաստան - ԵՄ հարաբերություններում ոչինչ չի փոխվել»


Լուսանկարը՝ նախագահականի

Լուսանկարը՝ նախագահականի

Հայաստանը կարևորում է դարավոր բարեկամության ու պատմական առնչությունների վրա հիմնված հայ - հունական բազմաբնույթ հարաբերությունները, որոնք բավականաչափ ներուժ ունեն, և այն երկկողմ ջանքերով անհրաժեշտ է իրացնել: Այդ մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով պաշտոնական այցով Երևանում գտնվող Հունաստանի խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին:

Հունաստանի խորհրդարանի նախագահը ևս ընդգծել է, որ դարերի խորքից եկող հայ և հույն ժողովուրդների՝ ընդհանուր արժեքների վրա հիմնված ամուր բարեկամությունը մեծ ապագա ունի:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները երկուստեք կարևորել են խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում՝ դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերի գործունեությունը: Կողմերի համոզմամբ, օրենսդիր մարմինների միջև սերտ գործակցությունը կարող է մեծապես օգտակար լինել երկու երկրների կառավարությունների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման ու խորացման գործում:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին: Խոսելով դրանց հեռանկարի մասին՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ այդ հարաբերություններում ոչինչ չի փոխվել. անցած տարվա նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանը հաստատել է Եվրոպական միության հետ սերտ համագործակցություն զարգացնելու հանձնառությունը, երեկ Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստում հավանության է արժանացել «Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն - Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2014-2015թթ. միջոցառումների ցանկի» նախագիծը, և հետագա գործակցության խորացման ուղղությամբ համատեղ աշխատանքները շարունակվում են:

Եվրամիությունում ներկայումս նախագահող երկրի՝ Հունաստանի խորհրդարանի նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կանի ամեն հնարավորը՝ երկկողմ կապերի ամրապնդումից բացի, նպաստելու Հայաստան - ԵՄ հարաբերությունների զարգացմանը:

Վանգելիս Մեյմարակիսին այսօր ընդունել են նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, կայացել է Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ Ազգային ժողովի Հայաստան - Հունաստան բարեկամական խմբի անդամների հանդիպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG