Մատչելիության հղումներ

«Ուկրաինական սցենարը Հայաստանում այսօր քիչ հավանական է»


Ուկրաինացի ցուցարարները պահպանում են կառավարության շենքը, Կիև, 25-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինացի ցուցարարները պահպանում են կառավարության շենքը, Կիև, 25-ը փետրվարի, 2014թ․

Ռուսաստանցի քաղաքագետը համոզված է նաև, որ Ուկրաինայում Մոսկվան չի կարող կիրառել նույն ռազմավարությունը, ինչ Վրաստանում:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, Ռուսաստան - Արևմուտք պայքարը Ուկրաինայի համար, անշուշտ, հետխորհրդային երկրների քաղաքական էլիտայի ուշադրության կենտրոնում են:

Արդյոք Ուկրաինայում Մոսկվան կկիրառի՞ նույն ռազմավարությունը, ինչ Վրաստանում:
Ղրիմում արդեն բաժանում են ռուսաստանյան անձնագրեր, իսկ տեղական իշխանությունները հայտարարում են, որ չեն ընդունում Ուկրաինայի նոր իշխանությունների որոշումները:

Իրականում Ուկրաինան Ռուսաստանի համար անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Վրաստանը, սակայն այստեղ Մոսկվան չի կարող գործել նույն տրամաբանությամբ, ինչպես գործել էր Վրաստանում, ասում է ռուսաստանցի քաղաքագետ Վադիմ Դուբնովը: Նա մանրամասնում է, որ իրավիճակը Ուկրաինայում այլ է, և միջազգային հանրության վերաբերմունքն էլ խիստ տարբերվում է: Եթե Ռուսաստանը որոշի Ուկրաինայից տարանջատել Ղրիմը կամ արևելյան շրջանները, Արևմուտքի արձագանքը կլինի մոտավորապես նույնը, ինչ եղել է Աֆղանստան սովետական զորքեր մտցնելու ժամանակ:

«Դժվար թե Մոսկվան գնա նման քայլի», - կարծում է Դուբնովը:

Կարո՞ղ են արդյոք կրկնվել ուկրաինական իրադարձությունները հետխորհրդային մյուս պետություններում: Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանում, մասնավորապես, առաջիկայում Մայդան չի կարող լինել, քանի որ չկան առաջնորդներ, ինչպիսին, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանն էր 2008 թվականին:

Այն, ինչ կատարվեց Կիևում, ըստ Դուբնովի, նման էր 2008-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին, սակայն այսօր լուրջ հեղափոխական իրադարձությունների նախադրյալներ Հայաստանում չկան, չկան առաջնորդներ, չկան ազատական, եվրոպական գաղափարախոսությամբ լիդերներ: Եվ ուկրաինական սցենարը Հայաստանում այսօր քիչ հավանական է, ասում է ռուսաստանցի քաղաքագետը:

Մայդան դեռ չի կրկնվի նաև Բելառուսում՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին կհաջողվի դեռ որոշ ժամանակ պահպանել իր ուժեղ իշխանությունը, նշում է Վադիմ Դուբնովը:

Ինչ վերաբերում է հետխորհրդային տարանքի ինտեգրացիոն գործընթացներին, ապա, քաղաքագետի համոզմամբ, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո Մոսկվան է՛լ ավելի ակտիվ գործողությունների կգնա Եվրասիական միությունը ստեղծելու համար՝ ցույց տալու համար, թե այն իրական միություն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG