Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ-ն սկսեց քննարկել Մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը


Ազգային ժողովը երեքշաբթի արտահերթ կարգով սկսեց քննարկել մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ ազգային կոնգրեսի հեղինակած որոշման նախագիծը:

Իշխող Հանրապետական մեծամասնությունը խոստացել էր, որ հարցին կանդրադառնա 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, սակայն ընտրություններից հետո, երբ նախագիծը դրական եզրակացությամբ մտավ օրակարգ, Հանրապետականը մերժեց այն:

Այսօր, երբ խորհրդարանում հանձնաժողովի ստեղծման հարցը կրկին քննարկման դրվեց, հիմնական զեկուցող, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ընդգծեց, որ եթե այս հանձնաժողովը չստեղծվի, ապա ԱԺ-ն նույնպես մարտի 1-ին կատարված հանցագործությունների չբացահայտման և պարտակման մեղսակիցը կդառնա:

Գագիկ Ջհանգիրյանը շեշտեց, որ հանձնաժողով ստեղծելու իրենց նախաձեռնությունից անցել է 1.5 տարի, մարտի 1-ի դեպքերից 6 տարի, սակայն չի բացահայտվել ոչ մի սպանություն:

«Ասեմ ավելին՝ մարտի 1-ի զոհերից մեկի՝ զինծառայող, ներքին զորքերի ծառայող Տիգրան Աբգարյանի հայրը ինսուլտից մահացավ այս ընթացքում, մյուս զոհի՝ Տիգրան Խաչատրյանի մայրը իր մյուս զավակի հետ լքեց Հայաստանը, քաղաքական ապաստան ստացավ Բելգիայում, իսկ հարյուրավոր քաղաքացիներ այդպես էլ արդարություն ու պաշտպանություն չգտան մեր երկրում։ Ժողովրդի մեծ մասը, պարոն Աբրահամյան, մեր երկրից գնում է ոչ թե տնտեսական կամ նյութական պայմաններից դրդված, այլ հեռանում է, որովհետև այստեղ ինքը պաշտպանված չէ, սպանում են, սպանողին չեն դատում, խեղում են, խեղողին չեն պատժում»,- ասաց պատգամավորը։

Գագիկ Ջհանգիրյանը Հովիկ Աբրահամյանին նաև տեղեկացրեց, որ թեև այս ընթացքում նշանակվել է Հատուկ քննչական ծառայության նոր ղեկավար, 5-6 ամիս է նշանակվել է նոր գլխավոր դատախազ, բայց միևնույն է՝ մարտի 1-ի գործը տեղից չի շարժվում: Նախկին զինդատախազը՝ որպես այդ մարմիններում երկար տարիներ աշխատած անձ, վստահեցրեց, որ իրականում որևէ օպերատիվ հետախուզական և քննչական աշխատանք չի կատարվում այդ գործով:

«Ուղղակի չեն կասեցնում, չեն կարճում, որպեսզի ստիպված չլինեն գործի նյութերը տրամադրել տուժողներին և նրանց իրավահաջորդներին»,- ասաց Ջհանգիրյանը.- «Իսկ ի՞նչ կպարզվի, երբ տրամադրեն։ Կպարզվի, որ դեպքի վայրից հայտնաբերած 1500-1600 պարկուճներն ու փամփուշտները մինչ օրս իդենտիֆիկացված չեն ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող որևէ հրազենի հետ։ Կպարզվի, որ սպանվածների մարմիններից հանված գնդակները, վիրավորների մարմիններից հանված գնդակները ևս նույնականացված չեն ոստիկանության սպառազինության մեջ գտնվող որևէ զենքի հետ»։

Ջհանգիրյանը նաև նշեց, թե իրենց առաջարկած հանձնաժողովը փաստահավաք ֆունկցիա չի իրականացնելու, այս հանձնաժողովի խնդիրն է գնահատական տալ հետաքննության, նախաքննության մարմինների և գլխավոր դատախազության կատարած գործողությունների և կայացրած որոշումներին: Պատգամավորները պետք է իրենց լիազորությունների շրջանակում ամեն ինչ անեն, որպեսզի այս գործի բացահայտումը տեղից շարժվի, հորդորեց Ջհանգիրյանը.- «Ես չեմ ասում, որ մեր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման արդյունքում բոլոր սպանությունները կբացահայտվեն, բայց առնվազն 3-4-ի բացահայտմանը մենք կարող ենք իրական աջակցություն ցուցաբերել»։

Երբ Ջհանգիրյանը ավարտեց ելույթը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իրենց ուղղված հիշեցումների կապակցությամբ, թե խոստացել էր, որ հանձնաժողովը կստեղծվի, հակադարձեց.- «Դուք մարտի 1-ի հանձնաժողովի հետ կապված ընդհանուր հայտարարի չէիք եկել։ Մեր կոալիցիայի կողմից քաղաքական որոշում եղել է, որ հանձնաժողով ստեղծենք։ Եթե ընդհանուր հայտարարի կգաք, ես համաձայն եմ»։

«Պետաիրավական հանձնաժողովում որևէ առաջարկ ու առարկություն չի հնչել, տարաձայնությունները ի հայտ են եկել լիագումար նիստում»,- ասաց Ջհանգիրյանը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ ի պատասխան «Ազատության» հարցին, թե ի վերջո իշխող Հանրապետականը համաձայնելո՞ւ է մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը, Հովիկ Աբրահամյանը կոնկրետ պատասխան չտվեց՝ ասելով, թե դեռ քննարկելու են։ Աբրահամյանը չցանկացավ ասել, թե արդյոք նմանություններ տեսնո՞ւմ է 2008 թվականի մարտի 1-ի սպանությունների և Կիևում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների միջև։

«Դա վատ բան է, չեմ ցանկանում համադրել։ Յուրաքանչյուր նման դեպք դժբախտություն եմ համարում տվյալ երկրի, տվյալ ժողովրդի համար»,- ասաց Աբրահամյանը։
XS
SM
MD
LG