Մատչելիության հղումներ

logo-print

Ուկրաինայում մեկնարկել է արտահերթ ընտրությունների գործընթացը


Մայդանում տեղադրել են հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաստառը։ Կիև, 25-ը փետրվարի, 2014թ.

Մայդանում տեղադրել են հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաստառը։ Կիև, 25-ը փետրվարի, 2014թ.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ թեկնածուների գրանցումը կավարտվի ապրիլի 4-ին։

Ուկրաինայում մեկնարկել է մայիսի 25-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրությունների գործընթացը։

«ՈԻԴԱՌ» կուսակցության ղեկավար, պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին ծանրքաշային չեմպիոն, Գերագույն ռադայի պատգամավոր Վիտալի Կլիչկոն այսօր հաստատել է, որ առաջադրվելու է մայիսի 25-ի ընտրություններում։

Բանտից ազատված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդն է, նույնպես համարվում է հավանական թեկնածու, թեպետ հստակ այդ մասին չի հայտնել։

Նա ասել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով մեկնում է այդ երկիր` «Շարիտե» հիվանդանոցում ողնաշարը բուժելու համար, բայց մինչ այդ կայցելի Դուբլին, որտեղ կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարին։

Հետախուզման մեջ գտնվող նախկին նախագահ Վիկտոր Յանուկյովիչը, ենթադրաբար, թաքնվել է Ղրիմում։ Այդ թերակղզին, որի բնակչության գերիշխող մեծամասնությունն էթնիկ ռուսներ են, հիմա Ուկրաինայի, ինչպես նաև Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է։

Ղրիմը կարող է դառնալ անկանխատեսելի հետևանքներով ճգնաժամի թատերաբեմ։ Ղրիմ է մեկնել Պետական դումայի պատվիրակությունը։

Պատգամավորներն ասել են, որ Ռուսաստանը կսկսի Ղրիմի բնակիչներին պարզեցված կարգով տրամադրել ՌԴ անձնագրեր, և եթե Ղրիմը հանրաքվեով կամ Գերագույն խորհրդի մակարդակով հայտնի Ռուսաստանին միանալու ցանկություն, ապա դիմումը շատ արագ կքննարկվի։

Այս առումով հարկ է հիշել, որ 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմին նախորդող ժամանակաշրջանում Մոսկվան Աբխազիայի և Հարավային Օսիայի բնակիչներին զանգվածաբար տրամադրել է Ռուսաստանի անձնագրեր, ապա «Վրաստանին խաղաղություն պարտադրելու» ռազմական գործողությունը, ի շարս այլ հանգամանքների, պատճառաբանել է նաև Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու անհրաժեշտությամբ, օգոստոսին էլ պաշտոնապես ճանաչել է այդ երկու տարածքների անկախությունը։

Պետական դումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին ասել է, թե Մոսկվան առաջիկայում կընդունի համաչափ որոշումներ։

«Մենք այս քաղաքակրթական պայքարում մենակ չենք թողնի Ուկրաինայում մեր եղբայրներին, ավելի քան մեկ միլիոն հայրենակիցներին, ովքեր ռուսալեզու տարածքի նախատեսված կաթվածի արդյունքում կհայտնվեն դժվար կացության մեջ», - ասել է Սլուցկին։

Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովն ասել է, թե անհրաժեշտ է անհապաղ գումարել Պետական խորհրդի նիստ և քննարկել Ուկրաինայի իրավիճակը։

Ուկրաինայի խնդրին այսօր անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Վտանգավոր է և անարդյունավետ Ուկրաինային պարտադրել ընտրություն անել Արևմուտքի և Ռուսաստանի միջև», - ասել է Լավրովը և հավելել, որ Մոսկվան չի միջամտում Ուկրաինայի ներքին գործերին և նույն վերաբերմունքն Արևմուտքից է ակնկալում։

Մինչդեռ այսօր Կիև է մեկնել Միացյալ Նահանգների փոխպետքարտուղար Ուիլյամ Բերնզը, իսկ երեկվանից այնտեղ է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը։

Այսօր նա ասել է, թե խիստ հրատապ է հենց այս պահին ի լուր աշխարհի հայտարարել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, միասնությունն ու անկախությունը չվտանգելու կարևորության մասին։ Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի տնտեսական դժվարություններին։

«Մենք ցանկանում ենք աջակցել և օգնել այս երկրին` ամուր լինել և առաջ շարժվել ընտրած ճանապարհով, մենք ուզում ենք սատարել այդ նպատակին հասնելուն», - ասել է Էշթոնը։

Առաջիկայում Կիև է մեկնելու նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը։

Այսօր Ուկրաինայի խորհրդարանը որոշել է մինչև հինգշաբթի օրը հետաձգել ազգային միասնության կառավարության ձևավորումը։

Գերագույն ռադան ընդունել է նաև մի շատ կարևոր վճիռ. մարդկանց զանգվածային սպանդի մեղադրանքով հետախուզվող նախկին նախագահ Յանուկովիչը, Ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն, նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, որի շքեղ ապարանքների, աներևակայելի թանկ կահույքի, սպասքի և ոսկեզօծ պետքարանի լուսանկաները ցնցել ու շփոթության մեջ են գցել նույնիսկ յանուկովիչամետ ռուսներին, ձերբակալվելու դեպքում կուղարկվեն Հաագա, որտեղ կկանգնեն Միջազգային քրեական դատարանի առաջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG