Մատչելիության հղումներ

Այսօր տեղի ունեցավ հայ անվանի աստղագետ, գեղանկարիչ, բազմաթիվ գրական ստեղծագործությունների հեղինակ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հուղարկավորությունը: Մեծանուն գիտնականի աճյունն ամփոփվեց Երևանի քաղաքային պանթեոնում:

Գրիգոր Գուրզադյանի մասին «Մենակը» գեղարվեստական գրքի հեղինակ Աշոտ Աղաբաբյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Երկիր դատարկվեց, տիեզերքը հարստացավ Գուրզադյանի գնալով: Այս մարդը տիեզերքի մարդ էր ու գնում է տիեզերք: Սա եզակի տեսակ էր մարդու, որ այսօր մեզ պակասում է: Ինձ թվում է, մինչև վերջ չհասկացված մնաց ինքը»:

Գառնիում Գուրզադյանի ստեղծած հանրահայտ տիեզերական կենտրոնը, ավաղ, այսօր չի գործում․ վերածվել է փոքրիկ թանգարանի, որտեղ ցուցադրվում են նրա «Օրիոն - 1» և «Օրիոն - 2» տիեզերական աստղադիտակները, նրա գրած ավելի քան երկու տասնյակ գրքերը՝ թե՛ գիտական, թե՛ տիեզերափիլիսոփայական, նրա գիտական հոդվածները, աստղագիտական տեսությունները, նրա գեղանկարները:

Գուրզադյանը, ցավոք, վերջին 20 տարիներին հնարավորություն չունեցավ իրագործելու իր մտահղացումների գոնե մի մասը: «Որպես գիտնական այնքան հզոր էր, որ մեր փոքրիկ երկրի ֆինանսները չհերիքեց, որ նրա ծրագրերը իրագործվեն», - այդ կապակցությամբ ասաց Աղաբաբյանը:

«Շատ ցավալի է, որ մենք էլ չօգտվեցինք իր մեծ տաղանդից, շնորհքից, որովհետև նա կարող էր վերջին 20 տարիներին, դեռ 70 տարեկան էր, և՛ մեր ռազմական արդյունաբերության, և՛ մեր գիտության զարգացման համար ահռելի գործ կատարել», - «Ազատությանը» ասաց գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը՝ հավելելով․ - «Մենք տեր չենք կանգնում մեր ունեցածին, և ցավալիորեն անհատին տեր չենք կանգնում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG