Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանը կրկին պաշտպանեց կենսաթոշակային բարեփոխումը


Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը երեքշաբթի ևս մեկ անգամ հաստատեց, որ կենսաթոշակային բարեփոխումների մասին իր շատ հստակ դիրքորոշումը հայտնել է և շարունակում եմ նույն կարծիքն մնալ:

ԱՄՆ-ի դեսպանի օրեր առաջ արված հայտարարությունն այն մասին, թե դրական է վերաբերվում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և կարծում է, որ այն շատ կարևոր է Հայաստանի համար, դժգոհություն էր առաջացրել օրենքի դեմ պայքարող քաղաքացիական հասարակության շրջանում:

Դեսպանը թվարկել էր այն առավելությունները, որոնք Հայաստանը կստանան կուտակային կենսաթոշակային համակարգից. մասնավորապես, ըստ դեսպանի, աշխատողների աշխատավարձերը դուրս կգան ստվերից, համակարգը կպարզեցնի հարկային վարչարարությունը և կկրճատի կոռուպցիոն ռիսկերը, կխթանի տնտեսական զարգացումը:

«Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում, պատասխանելով դեսպանին, գրել էր.- «Որևէ երկրի դեսպան, ով տվյալ երկրի ներկայացուցիչն է ՀՀ-ում, չպետք է միջամտի մեր երկրի ներքին գործերին և հատկապես իրեն թույլ տա գնահատականներ տալու մի օրենքի, որի գնահատականն ու սահմանադրական լինել-չլինելու բնորոշումը դեռևս տալու է ՀՀ-ի բարձրագույն դատարանը»։

Այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ դեսպան Հեֆերնն ասաց, որ և «Ֆեյսբուք»-ում, և «Թվիթեր»-ում, և ԶԼՄ-ների միջոցով լսել է արձագանքը իր դիրքորոշումների վերաբերյալ:

«Իմ պատասխանն է, որ գործընթացի կողմերը պետք է լսեն միմյանց՝ քաղաքացիական նախաձեռնությունը, կառավարությունը, աշխատողները, և առաջ ընթանան: Իսկ բարեփոխումները կարևոր են, Միացյալ Նահանգների զարգացման գործակալությունն է աջակցել այս գործընթացին, և այդ ուղղությամբ կողմերը պետք է միմյանց հետ խոսեն և առաջ շարժվեն»,- ասաց դեսպանը։

«Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը այսօր էլ մեզ հետ զրույցում պնդեց, որ եթե իրենք Հայաստանի իշխանություններից են պահանջում մինչև ՍԴ-ի որոշումը կարծիք չհայտնել, ապա նույն պահանջը դրվում է նաև բոլոր միջազգային կառույցների առջև:

«Սա միջամտություն է մեր ներքին հարցերին և ոտնձգություն Հայաստանի սուվերենությանը»,- ասաց Մանուկյանը։

Նշենք, որ արևմտյան շատ երկրներում չի գործում այս պարտադիր համակարգը և իշխանություններն էլ բազմիցս նշել են, որ հետևում են Չիլիի օրինակին: «Դեմ եմ» նախաձեռնության անդամն էլ դեսպանին խորհուրդ էր տվել կենսաթոշակային համակարգի փոփոխությունների հայաստանյան ներկայիս տարբերակը առաջարկել ԱՄՆ-ի կառավարությանն ու հանրությանը:

Պատասխանելով ակտիվիստի առաջարկին, ինչպես նաև պարզաբանում տալով մեր այն հարցին, թե պարտադիր կուտակային համակարգի ներդրումն արդյոք չի վատթարացնի՞ ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակը, դեսպանը պատասխանեց․- «ԱՄՆ-ում մենք ունեն պարտադիր սոցիալական ապահովության համակարգ, դա պետության կողմից վարվող կենսաթոշակային սոցիալական ապահովության համակարգն է: Այստեղ հարցը այն է, թե արդյոք Հայաստանը ցանկանո՞ւմ է ունենալ մի համակարգ, որտեղ պահումներն արվում են պետության կողմից և միջոցները տնօրինվում են կառավարության կողմից, թե՞ միջազգային ճանաչում ունեցող ներդրումային ընկերությունների»։

Հարկ է նշել, իհարկե, կան տարբերություններ ԱՄՆ-ի և Հայաստանի պարտադիր սոցիալական ապահովության համակարգերի միջև: ԱՄՆ-ում մարդիկ չեն ընտրում կառավարչին, պետությունն է հոգ տանում, թե ինչպես պետք է պահվեն ծերության համար նախատեսված գումարները, և պետությունն էլ երաշխավորում է դրանց վերադարձը: Այսինքն այնտեղ քաղաքացին մասնավոր ընկերություններին փող չի վստահում և մտահոգվելու խնդիր չունի, որ դրանք մի օր կսնանկանան:
Այդուհանդերձ, նույնիսկ ԱՄՆ-ում այսօր կարծում են, որ եթե կենսաթոշակային բարեփոխումներ հիմա չլինեն, որոշ ժամանակ անց անգամ այս ապահովագրական համակարգը կսնանկանա:
XS
SM
MD
LG