Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դրական է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Վրաստանի ջանքերը


ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի հանդիպումը Վրաստանի պատվիրակության հետ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 24-ը փետրվարի, 2014թ․
ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի հանդիպումը Վրաստանի պատվիրակության հետ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 24-ը փետրվարի, 2014թ․

Բարաք Օբաման Վրաստանի կառավարությանը կոչ է արել ապագայում ևս կառուցողական դիրքորոշում ցուցաբերել:

ԱՄՆ-ն դրական է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու Վրաստանի ջանքերը: Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, ով երկրի պատվիրակության կազմում երկուշաբթի օրը Վաշինգտոնում, Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի և փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ:

Ամերիկյան մամուլը նշում է, որ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության հետ փոխնախագահ Բայդենի հանդիպման ժամանակ Օբաման միացել և մոտավորապես 20 րոպե մասնակցել է հանդիպմանը՝ այդպիսով իր վերաբերմունքն արտահայտելով ժողովրդավարական զարգացման ուղի ընտրած երկրի նկատմամբ:

«Իմեդի» հեռուստաընկերության հարցազրույցում արտգործնախարար Փանջիկիձեն նաև ասել է, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, Օբաման իրենց կոչ է արել կառուցողական դիրքորոշում ցուցաբերել ապագայում ևս, նշելով, որ դա դյուրացնում է նաև ԱՄՆ-ի և Վրաստանի գործընկերների հարաբերությունները Ռուսաստանի հետ, երբ գործը վերաբերում է Վրաստանին:

Օբաման նաև նշել է, որ Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրման գործընթացը պետք է անշրջելի լինի, ու աջակցություն է հայտնել Վրաստանի ձգտումներին:

Փանջիկիձեի փոխանցմամբ՝ հանդիպմանը Վրաստանի պատվիրակությունը պատմել է, թե ինչպես են ընթանում Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները, նշելով, թե չնայած Վրաստանի կառուցողական մոտեցումներին և ռուսական կողմի որոշակի պատասխան քայլերին, այնուամենայնիվ, հակառակ կողմից շարունակվում փշալարերի տեղադրումը օկուպացված տարածքների գծի երկայնքով:

Հանդիպմանը Օբաման շնորհակալություն է հայտնել Վրաստանին Աֆղանստանում խաղաղապահ գործողություններում ներդրում ունենալու համար:

Այնուամենայնիվ, ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից Վրաստանի ակնկալիքների կապակցությամբ կոնկրետ ոչինչ չի նշվել:

Վրաստանի պատվիրակության ղեկավար, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպումից հետո ասել է, թե Վրաստանի կառավարությունը լիակատար աջակցություն է ստացել ԱՄՆ-ի նախագահի և փոխնախագահի կողմից:

«Ընդհանուր առմամբ՝ դա շատ դրական, շատ արդյունավետ հանդիպում էր, և ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ ԱՄՆ-ը մեր ամենակարևոր ռազմավարական գործընկերն է: Մենք առավելագույնս կաջակցենք մեր հարաբերությունների խորացմանը ու ամրապնդմանը: Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում մենք իսկապես նոր փուլ ենք մտնում», - հայտարարել է Ղարիբաշվիլին:

Հանդիպման մասին Սպիտակ տան հայտարարությունում նշված է, որ Բարաք Օբաման և Ջոզեֆ Բայդենը ևս մեկ անգամ պաշտպանել են ինքնիշխան Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

Օբաման ու Բայդենը շնորհավորել են վարչապետին Վրաստանի պատմական իրադարձության՝ խաղաղ ճանապարհով առաջին անգամ կատարված իշխանափոխության համար: Միաժամանակ, նրանք Վրաստանի իշխանություններին կոչ են արել բոլոր առաջնորդների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համախմբվել՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարական ձեռքբերումները:

ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը հավաստիացրել են, որ Վրաստանը կարող է համոզված լինել Վրաստանի եվրատլանտյան ձգտումները իրականացնելու, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ կատարելու, ինչպես նաև պաշտպանության ոլորտի բարեփոխումների համար Միացյալ Նահանգների լիակատար աջակցության հարցում:

Վրաստանի կառավարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ղարիբաշվիլին ԱՄՆ-ի ղեկավարներին հավաստիացրել է, որ Վրաստանի եվրոպական ու եվրատլանտյան ընտրությունը չի վերանայվելու: Նա նաև ասել է, որ մինչև 2014 թվականի աշունը Վրաստանը կստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը:

Վրաստանի վարչապետը հանդիպելու է նաև պետքարտուղար Ջոն Քերիի, ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների հետ: Իրակլի Ղարիբաշվիլին և Ջոն Քերրին ելույթ են ունենալու ԱՄՆ - Վրաստան ռազմավարական համագործակցություն խորհրդի լիագումար նիստին:

Վրաստանի պատվիրակության այցելությունը Միացյալ Նահանգներ շարունակվելու է մինչև այս շաբաթվա վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG