Մատչելիության հղումներ

Ժողովրդի թշնամին չենք. ԱԺ նախագահն ասում է՝ կքննարկեն կենսաթոշակային բարեփոխման թերությունները


Մենք մեր ժողովրդի թշնամին չենք և եթե բարեփոխման մեջ կան թերություններ, պատրաստ ենք քննարկել, այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարել՝ հաշվի առնելով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե օրենքում միգուցե կան իրավական որոշ անհարթություններ, և պատրաստ են դրանք շտկել։

Աբրահամյան.- Նման առաջարկ չենք ստացել, բայց եթե անհրաժեշտություն կլինի փոփոխությունների, մենք միշտ պատրաստ ենք։

«Ազատություն».- Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ օրենքը կասեցվի, քանի որ դրա շուրջ կա մեծ ընդվզում, և նույնիսկ նախագահը նշեց, որ մարդկանց 80 տոկոսը դեմ է դրան։

Աբրահամյան.- Որպես բարեփոխում, որպես գաղափար՝ հիանալի գաղափար է։ Ուղղակի ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ եթե օրենքի հետ կապված խնդիրներ կան, ինչպես նախագահն է հայտարարել, մենք պատրաստ ենք այդ հարցերը վերանայել։ Բայց գլոբալ առումով գաղափարը՝ որպես ռեֆորմ, շատ լավն է։

«Ազատություն».- Իսկ ինչո՞ւ է մարդկանց 80 տոկոսը դեմ այդ բարեփոխմանը, եթե գաղափարը լավն է, և արդոք ճ՞իշտ է ժողովրդին դեմ գնալով այդ օրենքը ընդունելը։

Աբրահամյան.- Հիմա բազմաթիվ քննարկումներ են գնում և կառավարության, և Ազգային ժողովի, և քաղաքացիական հասարակության շրջանում՝ բազմաթիվ ձևաչափերով։ Հիմա հասկանանք՝ խնդիրն ինչ է, Սահմանադրական դատարանը դեռ կտա իր որոշումը, ամեն դեպքում մենք հո՞ մեր ժողովրդի թշնամին չենք, մենք ուզում ենք լավ բարեփոխում իրականացնել, եթե այդ բարեփոխման մեջ կան թերություններ, լրացման կարիք, մենք պատրաստ ենք քննարկելու։ Մենք մեր ժողովրդի հետ չենք վիճում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG