Մատչելիության հղումներ

Ո՞վ կփոխարինի Յանուկովիչին


Ուկրաինացիները Մայդանում հարգանքի տուրք են մատուցում բախումներում սպանված ակտիվիստների հիշատակին, Կիև, 24-ը փետրվարի, 2014թ.
Ուկրաինացիները Մայդանում հարգանքի տուրք են մատուցում բախումներում սպանված ակտիվիստների հիշատակին, Կիև, 24-ը փետրվարի, 2014թ.

Վիկտոր Յանուկովիչին եռամսյա առճակատման արդյունքում գահընկեց անելը մեծ հաղթանակ է եվրոպամետ ուկրաինացիների համար, սակայն ապագա լիդերների հարցում դեռ անորոշություն է։

45-միլիոնանոց երկիրը նորից հայտնվել է անորոշության մեջ։ «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբանները նշում են, որ հիմա առաջին դիրքերում մի քանի գործիչ է։


Օլեկսանդր Տուրչինով

Օլեկսանդր Տուրչինովին Գերագույն ռադան քվեների գերիշխող մեծամասնությամբ ընտրել է խոսնակ և նրան էլ փետրվարի 23-ին փոխանցել է նախագահի պաշտոնակատարի լիազորությունները։

Տուրչինովը համարվում է բանտից ազատ արձակված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի քաղաքական դաշնակիցը։ Նախկինում նա ղեկավարել է Ուկրաինայի անվտանգության ծառայությունը։

Տուրչինովը «Բատկիվշչինա» («Հայրենիք») կուսակցության ղեկավարներից է։ Նա բապտիստ է, ինչը նրան տարանջատում է ուղղափառ և կաթոլիկ բնակիչներից։

Տուրչինովը հայտնի գրող է։ Նրա հեղինակած «Վախի տեսիլքը» ստեղծագործության հիման վրա նկարահանված հոգեբանական սարսափ-ֆիլմը 2008 թվականին Ուկրաինայի կողմից ներկայացվել է «Օսկար» մրցանակի։

Ըստ վերլուծաբանների՝ Մայդանի մի մասը նրան չի վստահում։ WikiLeaks-ի հրապարակումների համաձայն՝ Տուրչինովը ոչնչացրել է Տիմոշենկոյի և քրեական խմբավորումների կապի մասին պատմող փաստաթղթերը։

2008 թվականին Տուրչինովը պայքարել է Կիևի քաղաքապետ ընտրվելու համար, սակայն ծանր պարտություն է կրել՝ չնայած Տիմոշենկոյի աջակցությանը։


Յուլիա Տիմոշենկո

2004 թվականի «Նարնջագույն հեղափոխության» առաջամարտիկ Յուլիա Տիմոշենկոն Յանուկովիչի ոխերիմ թշնամին է։

2010-ի նախագահական ընտրություններում նա քվեների աննշան տարբերությամբ պարտվել է Յանուկովիչին և ավելի ուշ դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ռուսաստանի հետ գազային գործարքում «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու» հոդվածով։ Ամբողջ աշխարհում դա դիտվել է որպես քաղաքական վրեժխնդրություն Յանուկովիչի կողմից։ Մի շարք արևմտյան գործիչներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ողջունել են Տիմոշենկոյին բանտից ազատելու փաստը։

Մայդանը Տիմոշենկոյի հանդեպ էլ չունի շատ մեծ վստահություն, ինչի պատճառներից մեկը «Ուկրաինայի Ժաննա դ'Արկի» և «Նարնջագույն հեղափոխության» մյուս առաջնորդ՝ նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հարաբերությունների խզումն էր։


Վիտալի Կլիչկո

Տասը տարի Յանուկովիչին անխնա քննադատող Վիտալի Կլիչկոն, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի ծանրքաշային նախկին չեմպիոն է, պայքարում է կոռուպցիայի դեմ։ Ի տարբերություն մեծ թվով քաղաքական գործիչների, այդ թվում՝ ընդդիմության ճամբարից, 42-ամյա Կլիչկոյի անունը ոչ ոք չի կապում կոռուպցիայի հետ։

Նա մերժել է փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու Յանուկովիչի առաջարկը։ Նա հորդորել է Մայդանի ակտիվիստներին չհեռանալ հրապարակից և պնդել է, որ սպանված ցուցարարների համար մեղավորները կդատվեն։ Սակայն Մայդանը չի ողջունել Յանուկովիչի ձեռքը սեղմելու փաստը։

Կլիչկոն ասել է, որ կառաջադրվի մայիսի 25-ի ընտրություններում։


Արսենի Յացենյուկ

Տիմոշենկոյի մյուս մտերիմ դաշնակիցը տնտեսագետ և իրավաբան Արսենի Յացենյուկն է, ով ավելի վաղ ժամանակաշրջանում Ուկրաինայում բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ աշխատել է որպես Գերագույն ռադայի խոսնակ, արտաքին գործոց նախարար և Կենտրոնական բանկի փոխնախագահ։

Յացենյուկը Եվրամիության հետ ինտեգրման գաղափարի երդվյալ ջատագով է։ Սակայն Տուրչինովին նախագահի պաշտոնակատար նշանակելու իրողությունը Յացենյուկին որոշակի իմաստով դարձրել է երկրորդ պլանի լիդեր։


Պյոտր Պորոշենկո

Պյոտր Պորոշենկոյին անվանում են Ուկրաինայի «շոկոլադե արքա»։ Նա հեղինակավոր գործարար է, Տիմոշենկոյի դաշնակիցն է և շատ հարուստ է՝ ենթադրվում է, որ նրա կարողությունը հասնում է 1 միլիարդ դոլարի։

Տարբեր ժամանակներում նա զբաղեցրել է արտգործնախարարի և առևտրի նախարարի պաշտոնները։

Նա այն «օլիգարխներից» է, ովքեր բացահայտ սատարել են Մայդանին։


Մայդան

Եվ վերջապես՝ առանձին գործոն է բուն Մայդանը, որտեղ երեք ամիս պայքարող ակտիվիստներից շատերը պարզապես չեն վստահում Ուկրաինայի այսօրվա հայտնի քաղաքական այրերին։

Այդ վերաբերմունքը ընդգծելու համար Եվրոմայդանի ինքնապաշտպանության խումբը կանգնեցրել է ցույցից հեռացող Յացենյուկի և Տիմոշենկոյի մեքենաները, նախատել է երկու գործիչներին երթևեկության կանոնները խախտելու համար։

«Նոր Ուկրաինայում բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առաջ, դուք պետք է հիշեք, թե ովքեր են իրականացրել մեր հեղափոխությունը», - ասել են «մայդանականները»։

Յացենյուկը և Տիմոշենկոն ընդունել են քննադատությունը և հեռացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG