Մատչելիության հղումներ

ԱԺ-ն սկսեց քննարկել գազային հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագիծը


«Մեր մղիչ և դրդիչ ուժը Հայաստանի քաղաքացու շահով ղեկավարվելն է լինելու», - ԱԺ ամբիոնից հայտարարեց Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ)՝ ներկայացնելով իրենց նախաձեռնած գազային հանձնաժողովի նպատակները:

«Չի ստուգվի այդ պարտքի հիմնավորվածությունը, ոչ էլ դրա մարման օրինականությունը: Շատ ավելի լուրջ խնդիր ենք դնում՝ պարտքի ձևավորման օրինականությունը», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Այս պարտքը, հիշեցնենք, առաջացել է 2011 թվականից՝ թանկացած, բայց ժողովրդից գաղտնի պահած գազի ներմուծման դիմաց: Հայաստանի կառավարությունը 300 մլն դոլարը մարեց «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասով:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ պայմանագրի ուսումնասիրության հարցը եղել է Հանրապետականի ներկայացրած նախագծի առաջին տարբերակում, բայց հանվել է:

«Մենք ձեզ բացարձակապես չենք վստահում: Չենք վստահում, որովհետև մենք վստահ ենք, որ կատարվել են ապօրինություններ, շրջանցվել են Սահմանադրությունը և Ազգային ժողովը», - հայտարարեց նա:

«Վստահեցնում եմ ձեզ, որ կարող եմ ամբիոնը օգտագործել և ներկայացնել թե ինչու ե՛ս ձեզ չեմ վստահում․ առնվազն երկու անգամ ավելի շատ կետեր: Այնուամենայնիվ ձեռնպահ կմնամ այդ ամենից, և կարծում եմ, որ համատեղ աշխատանքը, եթե երկուսս էլ, թեկուզև միմյանց չվստահելով, բայց առաջնորդվենք Հայաստանի քաղաքացու շահերով, մենք կկարողանանք մի քայլ առաջ կատարել: Խնդիրը ընդամենը մեկն է․ պատրա՞ստ եք դուք ևս ստանձնելու պատասխանատվությունը՝ կատարելու մի քայլ առաջ, ավելի բարելավելու վիճակը», - հակադարձեց Դավիթ Հարությունյանը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը (ՀԱԿ) արձագանքեց․ - «Մենք չենք ուզում ուսումնասիրել, [թե] այդ դեկտեմբերի 2-ի պայմանագիրը ինչպես է ստորագրվել: Ես գուցե մոլորության մե՞ջ եմ, թող մեծամասնությունն ինձ ասի: Ես կարծում եմ, օրինակ, որ հնարավոր է, որ Հայաստանում այսօր այն վիճակն է, որ եթե թեկուզ Էներգետիկայի նախարարը կամ փոխնախարարը մի քիչ ջանք թափեին, մի քիչ բանավիճեին ռուսների հետ, մենք այդպիսի պայմանագիր չէինք ստանա»:

«Անկեղծորեն ասած՝ ինձ դա չի հետաքրքրում, և իմ ծրագրերի մեջ չէր մտնում պարզել, թե ինչպես է այն ստորագրվել», - նախկին վարչապետին արձագանքեց Դավիթ Հարությունյանը:

Հանրապետականն անզիջում է նաև հանձնաժողովի աշխատանքները գաղտնի պահելու հարցում․ նախագծի հատուկ կետով ամրագրված է, որ նիստերը դռնփակ պետք է անցկացվեն, իսկ քննարկված հարցերը չպետք է հրապարակվեն:

«[Եթե] Դա դռնբաց նիստ է, պատկերացնում եք, չէ՞, լրագրողներ են, բոլորս ուզում ենք մեզ ցույց տալ: Մենք ուղղակի ժամանակ կվատնենք», - փաստարկեց Հարությունյանը:

«Մենք ուզում ենք հանրության առաջ պատասխան տաք», - ասաց Լևոն Զուրաբյանը՝ հավելելով, որ հրապարակայնության պահանջը հենց այդ ցանկությունից է բխում․ - «Դուք առաջինը պետք է շահագրգռված լինեիք, որ օգտվեիք այդ հրապարակային գործիքից նրա համար, որ փարատեք այն կասկածները, որ ժողովրդի մեջ կան: Բայց դուք դրանից հրաժարվում եք: Եվ եթե դուք հրաժարվում եք բոլոր այս հարցերի քննարկումից, սա ցույց է տալիս, որ իրականում դուք խուսափում եք»:

«Բացը երբեք վնաս չի տալու», - ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը՝ հնչեցնելով իր կասկածը․ - «Ընդհակառակը՝ դուք մեզ ուզում եք քաշել ուրիշ տեղ, բայց մենք չենք գա այդտեղ»:

Ըստ ամենայնի, 10 հոգանոց գազային հանձնաժողովը կղեկավարի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը: Նման ձևակերպում որոշման նախագծում չկա, բայց տրամադրվածությունն այդպիսին է:

«Այդ տաժանակիր աշխատանքը թողեք մեզ», - նկատեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Միքայել Մելքումյանը («Բարգավաճ Հայաստան») հետաքրքրվեց, թե հնարավոր է հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ակնկալել գազի գնի մեղմացում: Դավիթ Հարությունյանը հարցը միանգամից փակեց․ - «Կառաջարկեինք այդ առումով ավելորդ պատրանքներ չստեղծենք»:

Ընդամենը երեք շաբաթ առաջ գազային հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական խորհրդարանական ուժերի նախաձեռնությունը խստորեն քննադատած Հանրապետականը այդ նույն ուժերին այսօր մասնակցության հարցը համատեղ ուսումնասիրելու հորդոր էր անում:

Ոչ իշխանական ուժերից հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու հստակ որոշում ընդունել է միայն Դաշնակցությունը: ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը դեռ նախորդ շաբաթ էին հայտարարել, որ կկողմնորոշվեն խորհրդարանական քննարկումներից հետո:

Այսօր նրանց միացավ նաև «Բարգավաճ Հայաստան»-ը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենց քվեարկությունը պայմանավորված կլինի իրենց ներկայացրած առաջարկի ընդունմամբ՝ եթե կրճատվեն հանձնաժողովի գործունեության ժամկետները: ՀՀԿ-Ի նախագծով նախատեսվում է կատարված աշխատանքը ԱԺ ներկայացնել մինչև նոյեմբերի 8-ը, իսկ ԲՀԿ այդ ժամկետը երկար է համարում:

Քննարկումները կշարունակվեն վաղը:
XS
SM
MD
LG