Մատչելիության հղումներ

Բոլոտնայայի գործով ամբաստանյալները դատապարտվեցին 2.5-4 տարվա ազատազրկման


Բոլոտնայա հրապարակի գործով ամբաստանյալները
Բոլոտնայա հրապարակի գործով ամբաստանյալները
Զամոսկվորեցկի շրջանի դատարանն այսօր հրապարակեց Բոլոտնայա հրապարակում զանգվածային անկարգությունների գործով անցնող 8 ամբաստանյալների դատավճիռը՝ նրանց դատապարտելով 2.5-4 տարվա ազատազրկման։

Մինչ դատավորն ընթերցում էր դատավճիռը, հարյուրավոր ակտիվիստներ դատարանի շենքի մոտ պահանջում էին ազատ արձակել մեղադրվող ակտիվիստներին։ Արդյունքում շուրջ երկու հարյուր ակտիվիստներ բերման ենթարկվեցին ոստիկանների կողմից՝ հանրային կարգը խախտելու համար։

Այսօր երեկոյան ընդդիմադիր ակտիվիստները մտադիր են շարունակել իրենց բողոքի ցույցը Մանեժնայա հրապարակում՝ չարտոնված բողոքի ակցիայի տեսքով։

Բոլոտնայայի գործով 8 ամբաստանյալները մեղադրվում են ոստիկանների նկատմամբ զանգվածային անկարգությունների և բռնության կիրառելու մեջ։

Մեղադրյալների մեծ մասը երիտասարդներ են` յոթ տղամարդ և մի կին, ովքեր 2012 թվականի մայիսի 6-ին՝ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության նախօրեին, Մոսկվայում մասնակցել են հակակառավարական հզոր ցույցին, որը Բոլոտնայա հրապարակում վերածվել է բախումների ցուցարարների և իրավապահների միջև:

Մինչդեռ մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում, նրանց փաստաբանները ևս պնդում են, որ իրենց պաշտպանյալները ոչ միայն բացարձակ անմեղ են, այլ հենց նրանք են բռնությունների ենթարկվել ոստիկանների կողմից։

Ռուսաստանում հայտնի իրավապաշտպան Լյուդմիլա Ալեքսեևան «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում ասել է, որ դատավճիռը արդար չի եղել, քանի որ դատավճռի հիմնական մասը զանգվածային անկարգությունների մասին է, իսկ զանգվածային անկարգություններ, որպես այդպիսին, չեն եղել։

«Դա սուտ է, այդ մասին գիտի թե դատավորը, և թե սուտ վկայություն տվածները։ Չի եղել այդպիսի բան։ Մի՞թե կարելի է մայիս 6-ի իրադարձությունները համարել զանգվածային անկարգություններ՝ այսօր աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ Ավելի քան սուտ է և անհեթեթ»,- ասել է իրավապաշտպան Ալեքսեևան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG