Մատչելիության հղումներ

Վարչապետները քննարկել են «Ճանապարհային քարտեզ»-ի միջոցառումների կատարման ընթացքը


Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրել է հանդիպման որոշ մանրամասներ:

Կառավարության կայքէջի փոխանցմամբ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ քննարկվել է Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «Ճանապարհային քարտեզ»-ով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը:

«Արձանագրվեցին այն միջոցառումները, որոնք հայկական կողմն արդեն իրականացրել է: Ռուսական կողմը բարձր է գնահատել մեր աշխատանքային խմբերի գործունեության արդյունքները: Քննարկվեցին նաև հարցեր, թե ինչպես Ռուսաստանը մեզ պետք է օժանդակի, որպեսզի «Ճանապարհային քարտեզ»-ն ավելի արդյունավետ ներդրվի, որովհետև անհրաժեշտ են նաև գրանտային միջոցներ, որոնք տրամադրվելու են ենթակառուցվածքների ձևավորմանը, տվյալների միասնական բազայի ստեղծմանը, ինչպես նաև, որպեսզի ունենանք միասնական ցանցեր: Այդտեղ մենք ակնկալում ենք մեր գործընկերների օժանդակությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ կան հաշվարկներ, թե ըստ ոլորտների ինչպիսի միջոցներ են անհրաժեշտ այդ ենթակառուցվածքները բարելավելու համար, սակայն այդ ցուցանիշները կհնչեցվեն այն բանից հետո, երբ բանակցությունները կավարտվեն:

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերի քննարկման հաջորդ կարևորագույն հարցը վերաբերել է Հայաստանում «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագրերին:

«Մենք լսեցինք «Ռոսնեֆտ» ընկերության նախագահ Իգոր Սեչինի հաշվետվությունը՝ կատարված աշխատանքների և իրենց ծրագրերի մասին: Նախատեսվում է Հայաստանում իրականացնել շուրջ 500 միլին դոլարի ներդրումային ծրագիր: Մոտակա շաբաթվա ընթացքում մենք արդեն առարկայական քննարկելու ենք, թե ինչ պայմաններ պետք է ստեղծենք այդ ներդրումների համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն: Բնականաբար, ծրագիրն առնչվում է «Նաիրիտ» գործարանին, քանի որ նոր կառուցվելիք գործարանում հիմնական աշխատողները լինելու են հենց «Նաիրիտ»-ի աշխատողները»,- ասել է վարչապետը:
XS
SM
MD
LG