Մատչելիության հղումներ

Կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները «գնահատել են բոլոր հնարավոր ռիսկերը»


Հայաստանում կենսաթոշակային պարտադիր կուտակային ֆոնդերի ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենք գնահատել են բոլոր հնարավոր ռիսկերը:

«Նախանշվող կենսաթոշակային ճգնաժամը պահանջում է հրատապ բարեփոխումներ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում», - ասված է օրերս Բրյուսելում հրապարակված Համաշխարհային բանկի (ՀԲ) զեկույցում:

«Եթե այսօր համարձակ կենսաթոշակային բարեփոխումներ չլինեն, ապա պետական կենսաթոշակային համակարգերի կողմից ծերության բազային սոցիալական ապահովություն երաշխավորելու անկարողությունից առավելապես կտուժեն այսօրվա երիտասարդները և աղքատ տարեցները», - ասված է զեկույցում:

Բերվում են մի շարք երկրների օրինակներ․ մասնավորապես, Սերբիայի ու Խորվաթիայի «միավորների» մոդելը, Լատվիայի ու Լեհաստանի «պայմանական հաշիվների» մոդելը, Վրաստանի, Ղազաստանի և Կոսովոյի «ընդհանրական կենսաթոշակների» մոդելը, Էստոնիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի և Ռուսաստանի «անհատական խնայողական հաշիվները» մոդելը:

Սակայն արմատական ժողովրդագրական փոփոխությունների պարագայում, ըստ զեկույցի, այս բարեփոխումների մի մասը «բավարար չի եղել կենսաթոշակների համարժեք մակարդակ ապահովելու համար»: Ծնելիության կտրուկ անկումը, արտագաղթի ծավալների ավելացումը վտանգել են շատ ու շատ կենսաթոշակային համակարգերի ֆինանսական դրությունը: Զեկույցի հեղինակների պնդմամբ՝ պետական կենսաթոշակային համակարգը «պետք է առաջնություն տա բազային կենսաթոշակների ապահովմանը և միջոցներ ձեռնարկի աշխատանքային կյանքի երկարացման ու անհատական խնայողությունները խրախուսելու ուղղությամբ»:

ՀԲ-ն, ի դեպ, տեխնիկական օժանդակություն է ցուցաբերում Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Զեկույցում, սակայն, որպես օրինակ չի բերվում պարտադիր բաղադրիչը կուտակային կենսաթոշակային համակարգում, ինչը մեզանում այդ համակարգի շուրջ ստեղծված աղմուկի պատճառն է:

Հիշեցնենք, որ պարտադիր ֆոնդերի կառավարիչները Հայաստանում երկու միջազգային կազմակերպություններ են: Դրանցից մեկի՝ ֆրանսիական «Ամունդի»-ի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Ռոսիոն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե համակարգի պարտադիր կամ կամավոր լինելը իրենց խնդիրը չէ․ - «Սա պետք է որոշեն քաղաքացիներն ու ղեկավարությունը, հայ ժողովուրդը»:

Նրա խոսքով՝ իրենց գործը այդ ֆոնդերը կառավարելն է, և դրանով անմիջապես կզբաղվեն, երբ հաշիվներում գումարներ հայտնվեն: Ռոսիոյի համոզմամբ՝ օրենքը կաշխատի, որովհետև Հայաստանի կառավարությունը «շատ է հավատում այս բարեփոխմանը»:

«Ես հասկանում եմ, որ մարդիկ պարզապես հիմա քիչ աշխատավարձ են ստացել, և բնական է, որ արձագանքը պետք է բացասական լիներ: Հույս ունեմ, որ շուտով կհասկանան, որ դա արվում է ի օգուտ իրենց», - հավելեց նա:

Մյուս կառավարչի՝ ավստրիագերմանական «Ցե կվադրատ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին աշխատակից Արման Վարդանյանն է,: Նա կարծում է, որ իրազեկման պակասն է օրենքի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը:

Հիշեցմանը, որ «Ցե Կվադրատ» ընկերության անունը հիշատակվում է օֆշորային սկանդալի կապակցությամբ և գուցե դա նույնպես անվստահություն է առաջացնում, Վարդանյանն արձագանքեց․ - «Մեր ընկերության ներսում և մեր մայր ընկերություններում գոյություն ունեն կորպորատիվ կառավարման և ռիսկերի կառավարման բազմամյա օգտագործվող և կիրառվող համակարգեր, որոնք բացառում են ռիսկային ներդրումների, առավել ևս՝ վատ համբավ ունեցող ընկերություններում ներդրումներ կատարելու հնարավորությունը»:

Կառավարիչների ներկայացուցիչներն «Ազատության» հետ զրույցում ասացին, որ թեպետ որոշ չափով մտահոգված են, որ բարձրացվել է օրենքի սահմանադրականության հարց և այն քննվում է Սահմանադրական դատարանում, այդուհանդերձ գնահատում են բոլոր հնարավոր ռիսկերը:

«Ինչ որոշում էլ լինի, մենք այստեղ ենք և համապատասխանաբար աշխատում ենք հայաստանյան օրենսդրության ներքո», - ասաց Վարդանյանը:

«Ռիսկ, իհարկե, կա, բայց մենք հավատում ենք, որ ռիսկեր կլինեն Սահմանադրական դատարանի ցանկացած որոշման դեպքում: Բայց, որպես կառավարիչ, ի վիճակի ենք դիմակայել բոլոր հնարավոր ռիսկերին», - նշեց Ֆիլիպ Ռոսիոն:
XS
SM
MD
LG