Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության աճի կապակցությամբ


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնիգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյում, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնիգսթարը «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյում, արխիվ
«Միացյալ Նահանգները շատ մտահոգված է հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում լարվածության աճի կապակցությամբ»,- «Թրենդ» ադրբեջանական գործակալությանը տված ծավալուն հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը` կոչ անելով Ադրբեջանին և Հայաստանին խուսափել իրավիճակի սրացումից:

«Ըստ էության, դա վնասում է խաղաղ գործընթացին, բացի այդ՝ մշտապես կարող են լինել անկանխատեսելի հետևանքներ և սխալ հաշվարկներ, որ կարող են հանգեցնել ավելի մեծ ռազմական գործողությունների»,- հայտարարել է Միացյալ Նահանգների դեսպանը:

Մորնինգսթարի խոսքով` լավագույն և միակ միջոցը, որով կարող է լուծվել հակամարտությունը, երկու նախագահների հանդիպումների միջոցով կոնկրետ քայլերի քննարկումն ու հռչակագրի պատրաստումն է, որը կարտացոլի ադրբեջանցիների և հայերի շահերը:

«Միևնույն ժամանակ մեզ որոշ չափով հուսադրում է, որ ներկայումս իրավիճակի սրացման միտումը փոքր-ինչ նվազել է, և այժմ ավելի քիչ միջադեպեր են գրանցվում, քան շաբաթներ առաջ, երբ սահմանային միջադեպերի հեղեղ էր: Մենք ոգևորված էինք նոյեմբերին երկու երկրների նախագահների հանդիպումով, մենք կարծում ենք, որ այս հանդիպումները կշարունակվեն»,- ասել է նա։

Ղարաբաղյան հակամարտությունից բացի, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանն անդրադարձել է նաև շատ այլ հարցերի, սկսած էներգետիկ ոլորտից մինչև ադրբեջանաամերիկյան հարաբերությունները:

Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը.- «Ամենաշատը մենք ցանկանում ենք օգնել` պաշտպանելու Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը, դա շատ կարևոր է: Մենք մի շարք ընդհանուր շահեր ունենք, որ ներառում են ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացումը, անվտանգության համակարգի ռեֆորմները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, Աֆղանստանի, ահաբեկչության դեմ պայքարի հետ կապված հարցեր»:

ԱՄՆ դեսպանի խոսքով Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանն ընդհանուր շահեր ունեն նաև էներգետիկայի ոլորտում:

«Մենք ցանկանում ենք օգնել Ադրբեջանին՝ զարգացնելու նավթային ոլորտը: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի ապագան առավելագույնս հաջող կլինի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու, և մեր ժողովրդավարական պետությունների համագործակցության դեպքում»,- հայտարարել է Ռիչարդ Մորնինգսթարը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները շատ հուսադրող է համարում Ադրբեջանի ձգտումը` անդամակցել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը.- «Մենք կարծում ենք, որ կարող ենք այդ հարցում օգնել Ադրբեջանին, ինչը կդառնա ոչ էներգետիկ ոլորտի զարգացման հիմնական գործոններից մեկը: Միացյալ Նահանգները ռազմավարական տեսանկյունից գնահատում է համագործակցությունն Ադրբեջանի հետ` Աֆղանստանի մասով, այդ թվում և այդ երկրում ադրբեջանցի խաղաղապահների տեղակայման հարցով»:

ԱՄՆ դեսպանի խոսքով` շատ կարևոր է Ադրբեջանի աջակցությունը 2014 թվականից հետո, երբ ՆԱՏՕ-ի զորքերը կսկսեն լքել Աֆղանստանը, Ադրբեջանի տարածքով կկատարվի ոչ ռազմական բեռների փոխադրումը:

Էներգետիկ ոլորտում համագործակցությանն անդրադառնալով, Մորնինգսթարը կարևորել է Ադրբեջանի դերը Եվրոպայի գազամատակարարման առումով` շեշտելով, որ կարևոր քայլեր են արվել անցած տարի, երբ ընտրվեց Տրանսանատոլիական խողովակաշարը՝ Եվրոպա գազ մատակարարելու համար, ինչպես նաև տրվեց Շահ Դենիզի գազի հանքավայրի նախագծի երկրորդ փուլի մեկնարկը: Այս երկու իրադարձությունները, ըստ Մորնինգսթարի, կարևոր դերակատարություն են ունեցել Եվրոպայի գազամատակարարման անվտանգության հարցում:

«Դրանք կարևոր և հիմնական որոշումներ էին, և դա այն ոլորտն է, որտեղ մենք օգնել ենք Ադրբեջանին հասնելու իր նպատակներին»,- ասել է դեսպանը:

Մորնինգսթարի խոսքով` էներգետիկ ոլորտի զարգացումը Ադրբեջանում նպաստում է անկախության և ինքնիշխանության պահպանմանը, որոնց աջակցելը Ադրբեջանի հարցում Միացյալ նահանգների քաղաքականության կարևոր մասն է:

Երկկողմ համագործակցության ամենակարևոր ոլորտներից մեկը, ըստ Մորնիգնսթարի, ահաբեկչության դեմ պայքարն է, որի շրջանակներում Միացյալ Նահանգները սերտ համագործակցում է Ադրբեջանի հետ:

«Ամենակարևոր ոլորտներից մեկը էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունն է պոտենցիալ ահաբեկչական գործողություններից»,- հայտարարել է դեսպանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ամերիկյան օգնությունը կասեցնող` «Ազատության աջակցման ակտ»-ի 907-րդ լրացումը չեղյալ համարելու խնդրին, դեսպան Մորնինգսթարը հայտնել է, որ այդ հարցը 2002 թվականից կարգավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ամեն տարի թարմացվող հրամանագրով, որով կասեցվում է «907-րդ լրացման» կիրառումը: Ինչ վերաբերում է այդ լրացման վերջնական վերացմանը, Մորնիգսթարի խոսքով, դա իրականում կարևոր է Կոնգրեսի համար, քանի որ Կոնգրեսը այն քաղաքական հարց է համարում:

1992 թվականին Միացյալ Նահանգների կոնգրեսը ընդունել է «Ազատությանն աջակցելու ակտը», որը կարգավորում է Միացյալ Նահանգների կողմից նախկին խորհրդային պետություններին տրվող ֆինանսական օգնության հարցը, իսկ 907-րդ լրացմամբ արգելել է Ադրբեջանի պաշտոնական կառույցներին ֆինանսավորումը, քանի դեռ Բաքուն չի վերացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը: 2002 թվականից սկսած՝ ամեն տարի այդ լրացման գործունեությունը կասեցվում է ԱՄՆ նախագահի հրամանագրով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG