Մատչելիության հղումներ

«Հայֆիլմ»-ի սեփականատերը «չի կատարել պայմանագրային պարտավորությունները»


Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Գրեթե 10 տարի առաջ «Հայֆիլմ» կինոստուդիան սեփանակաշնորհած Գաֆեսճյան հիմնադրամը, ինչպես պնդում է Ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը, չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները:

Կինոստուդիան սեփականաշնորհվել էր մոտ 600 հազար դոլարին համարժեք գումարով, և կառավարությունն ու կինոգործիչների մեծ մասը հավատացած էին, որ դա շատ կարևոր դերակատարություն է ունենալու կինոյի զարգացման գործում:

Ոչ միայն ֆինանսական մեծ ներդրումներ պիտի արվեին, ոչ միայն պիտի հիմնանորոգվեր կինոստուդիան, այլև՝ պիտի դառնար խոշորագույնը տարածաշրջանում:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ անցած տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի արվել․ - «Հետևաբար, ես կարծում եմ, որ ժամանակն է, որ այսօր այդ ստուդիան վերադառնա իր տիրոջը: Ասել է թե՝ կինոյին»:

Նա նշեց, որ նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասում կինոստուդիաները չեն սեփականաշնորհվել:

Գևորգյանի համոզմամբ՝ հասունացել է պահը ահազանգելու, խոսելու «Հայֆիլմ» կինոստուդիայի հետագա ճակատագրի մասին: Նա համոզված է, որ եթե անգամ սեփականատերը հենց հիմա սկսի ներդրումներ կատարել, միևնույն է, չի հասցնելու կատարել իր վրա դրված պարտականությունները:

«Չի կատարվել ոչ մի պայմանագրային պարտավորություն: Ոչ մի բան չի կատարվել: Պիտի հաշվետվություն մեկը պահանջի», - ասաց նա:

Հարցին, թե ինչ լծակներ ունի պետությունը, Գևորգյանը պատասխանեց․ - «Պայմանագիր կա: Սեփականատերը եթե չի արել ոչ մի բան․․․»:

Հիշեցմանը, որ այս տարիներին թվայնացվել են մի շարք ֆիլմեր, նա արձագանքեց․ - «Իրենց ասելով՝ բավականին բան է արվել: Այսինքն՝ ֆիլմեր են թվայնացվել, վերանորոգման աշխատանքներ են արվել: Բայց պետք է նայել այդ թվայնացված ֆիլմերի քանակն ու որակը, և իբր վերանորոգվածի քանակն ու որակը»:

Գաֆեսճյան հիմնադրամից «Ազատությանը» խոստացան խնդրի առնչությամբ մեկնաբանություններ տալ վաղը:
XS
SM
MD
LG