Մատչելիության հղումներ

Վիկտոր Յանուկովիչից հրաժարված թիմը «որակյալ ու ուժեղ չէր»


Վիկտոր Յանուկովիչից հրաժարված թիմը «որակյալ ու ուժեղ չէր»
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Վիկտոր Յանուկովիչից հրաժարված թիմը «որակյալ ու ուժեղ չէր»

Իշխող Հանրապետականի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Ռեգիոնների կուսակցությունը որակյալ և ուժեղ թիմ չէր, այդ պատճառով այն հրաժարվեց իր ղեկավարից՝ ամեն ինչ բարդելով Վիկտոր Յանուկովիչի վրա:

Նախօրեին Գերագույն Ռադայի Ռեգիոնների խմբակցությունը հայտարարեց, որ Ուկրաինայում տեղի ունեցած սպանությունների համար պատասխանատու է Յանուկովիչը, և որ մեկ միլիոնանոց կուսակցությունը իրականում պատանդ է եղել մեկ կոռումպացված ընտանիքի՝ Յանուկովիչի ձեռքում:

«Որակյալ թիմ չէ, նման թիմը որակյալ չի կարող լինել»,- գնահատեց Հանրապետականի փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

Պատասխանելով վերջին օրերին հաճախ հնչող այն պնդումներին, թե բացառված չէ, որ Ուկրաինայի օրինակով մի օր էլ Հայաստանում իշխող Հանրապետականը հրաժարվի իր ղեկավարից և բոլոր ձախողումները բարդի Սերժ Սարգսյանի վրա, Գալուստ Սահակյանն ասաց, թե կոնկրետ ինքը նման քայլի երբեք չի դիմի, քանի որ գլխավոր դերակատարներից մեկն էլ հենց ինքն է:

«Հիմնական դերակատարներից մեկն եմ, ես ո՞ւմ վրա կարող եմ բարդել»,- հարցրեց Սահակյանը։

Ուշագրավ է, որ Գալուստ Սահակյանի համոզմամբ Ուկրաինայում իշխանությունը դեռևս չի փոխվել:

«Իշխանություն պիտի փոխվի, Յանուկովիչը հրաժարական չի տվել, և որևէ մեկը չի կարող ասել, թե նա այլևս չկա»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը։

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները գնահատելուց անմասն չմնաց նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը՝ ընդգծելով, թե կարևորը ժողովրդի ցանկությունն է:

«Որ ժողովրդի սրտով է, ուրեմն լավ ա, եթե դիկտատորներից ազատվում են, ուրեմն լավ ա, մեր մոտը սենց բան չկա, որ մեր մոտ էլ լիներ, մեր մոտ էլ Ուկրաինա կլիներ, էլի»,- ասաց Գրիգորյանը։

Հանրապետական մեկ այլ պատգամավոր՝ Մհեր Սեդրակյանը նույնպես դրական արտահայտվեց՝ ասելով, որ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, ճիշտ էր:

«Եթե լավ չաշխատեն, ամեն տեղ էլ կարա հեղափոխություն լինի»,- ասաց Սեդրակյանը՝ պրովակացիոն որակելով «իսկ Հայաստանում կարո՞ղ է լինել» հարցը.- «Մեզ մոտ խի՞ վատ է վիճակը։ Ես տենց վատ բան չեմ տեսնում, բայց Ուկրաինայում երևի ճիշտ եղավ»։

Անդրադառնալով կուսակիցների՝ Յանուկովիչից հրաժարվելու փաստին՝ Սեդրակյանն ասաց.- «Տենց ա լինում ընդհանրապես, էշը ընկնում է, դանակավորները շատանում են, հիմա Յանուկովիչինն է։ Հայաստանում չգիտեմ ինչ կարա լինի...»։

Այն, որ իշխող ուժը ցուցարարների սպանություններն ու երկրում իրականացված թալանը բարդում է միմիայն իր ղեկավարի վրա, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի համոզմամբ, հնարավոր է ցանկացած երկրում։ Նրա փոխանցմամբ՝ Հայաստանում արդեն իսկ ականատես են եղել, երբ մի ուժի անդամները մի քաղաքական միավորումից վազել են մեկ ուրիշը։ Անդրադառնալով Մայդանի իրադարձություններին՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց՝ դրանք ցույց տվեցին, որ ուկրաինացի ժողովուրդը պարզապես չշարունակեց ապրել այնպես, ինչպես նրան պարտադրում էին։ Ժողովուրդը նախագահ էր ընտրել, որ իր կյանքը բարելավվի, մինչդեռ Յանուկովիչը իր վիճակն էր լավացրել, ընդգծեց նա։

«Պայմանների խախտում է եղել, ժողովուրդը նախագահ է նշանակել, պարզվել է նախագահը ոսկե ունիտազներից է օգտվում»,- ասաց Խաչատրյանը։

Հավելենք, որ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում «իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով մահացած տասնյակ ցուցարարների հիշատակը»։

«Մահաբեր զենքի կիրառումը իշխանությունների կողմից ընդհանարապես մեծ չարիք է, մեծ ողբերգություն է եղել, և մենք, կարծում եմ, պարտավոր ենք մեր պառլամենտում հոտնկայս հարգել նրանց հիշատակը՝ նաև ցույց տալով, որ մեզ համար սա անընդունելի, դատապարտելի չարիք է»,- ասաց Զուրաբյանը։

«Պարոն Զուրաբյան, ես դեմ չեմ, որ մենք հարգենք բոլոր զոհերին, ոստիկաններին ինչո՞ւ չհարգենք, այն ոստիկաններին, որոնց մահաբեր զենքով սպանել են։ Ես խնդրում եմ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,- պատասխանեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
XS
SM
MD
LG