Մատչելիության հղումներ

Երկաթուղայինները մարզերից եկել էին «Դեմ եմ»-ի քննարկմանը մասնակցելու


Հայաստան -- Ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում պարտադիր կենսաթոշակների դեմ, արխիվ

Հայաստան -- Ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում պարտադիր կենսաթոշակների դեմ, արխիվ

«Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցներն այսօր Մասիսից, Արտաշատից եկել էին Երևան՝ մասնակցելու «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկմանը:

Երկաթուղայինները պատմեցին, որ ղեկավարությունը, իմանալով, որ աշխատակիցները պատրաստվում են մեկնել Երևան, շտապ աշխատանքի էր կանչել և ինչի արդյունքում երևանյան հավաքին նախատեսվածից քիչ մարդ էր մասնակցում:

Այդուհանդերձ, մի քանի տասնյակ մարդ այսօր հասել էր Երևան: Մեզ հետ զրույցում նրանք պնդեցին, որ պայքարելու են մինչև վերջ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող երկաթուղայինները այս օրերին նամակ են պատրաստում հանձնել Հանրապետության նախագահին:

Ի դեպ, այսօր «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության հանրային քննարկմանը մասնակցում էին նաև Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանն ու Անդրանիկ Գևորգյանը: Նրանք հրաժարվեցին հարցազրուցից՝ ասելով, որ փաստաբան խնդրել է առայժմ զերծ մնալ լրատվամիջոցների հետ շփումից, քանի դեռ քննարկվում է դատարան դիմելու հարցը: Նրանք միայն ասացին, որ արդեն այլ աշխատանքի առաջարկներ են ստացվել և չի բացառվում, որ մարտի 1-ից կանցնեն աշխատանքի: Տեղեկացանք նաև, որ Մետրոպոլիտենի ղեկավարությունը չի փորձել կապ հաստատել նրանց հետ աշխատանքից ազատելուց հետո:

«Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության անդամներն այսօր ևս մեկ անգամ նշեցին, որ պատրաստ են կանգնել այս և բոլոր այն մարդկանց կողքին, ովքեր կենթարկվեն ճնշումների: Նախաձեռնությունը պատրաստվում է նոր ակցիաների, որոնց մասին կտեղեկացնի հաջորդ շաբաթ:
XS
SM
MD
LG