Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի պատրաստվում հրաժարական տալ, քիչ առաջ նա այդ մասին հայտարարեց տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում։

Կիևում տեղի ունեցող իրադարձությունները նա որակել է, որպես հեղաշրջում, իսկ այսօր Ռադայի կողմից ընդունված մի քանի որոշումները նրա խոսքով անօրինական են։

«Իմ աջակիցներին հետապնդում են իրենց աշխատավայրերում, իրենց տներում, ճանապարհներին, ես անում եմ ամեն ինչ, որպեսզի թույլ չտամ իմ աջակցիների հանդեպ բռնությունները», - ասել է Յանուկովիչը:

Ուկրաինայում տեղի ունեցած մյուս կարևոր իրադարձությունը Ռադայի կայացրած որոշումն է, որով պատգամավորները ձայների գերակշիռ մեծամասնությամբ քվեարկել են երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին անհապաղ ազատ արձակելու օգտին:

Օրվա ընթացքում մի քանի անգամ հակասական տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Տիմոշենկոն ազատության մեջ է, մինչդեռ այս հարցի հստակ պատասխանը դեռ չկա։

Այսօր առավոտից Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների» կուսակցության բազմաթիվ անդամներ լքում են երկրի մայրաքաղաք Կիևը, հեռացել է նաև երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։ Նախագահի Մեժգորիեում գտնվող նստավայրը դատարկ է, իսկ անվտանգության աշխատակիցները փոխանցել են, որ Յանուկովիչի իրերը այստեղից տեղափոխվել են դեռ երեկ։

Այսօր առավոտյան հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը։ Որպես պատճառ Ռիբակը նշել է առողջական վիճակի կտրուկ վատթարանալը։

Ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդներից Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Կիևը արդեն լքել են կառավարության բոլոր անդամները, վարչապետի պաշտոնակատար փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի գլխավորությամբ։

Այսօր առավոտյան Ռադայում մեկնարկած նիստի ժամանակ պատգամավորները խորհրդարանի նոր խոսնակ են նշանակել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մերձավորներից մեկը համարվող, «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդներից Ալեքսանդր Տուրչինովին, խորհրդարանը նրան է փոխանցել նաև երկրի կառավարությունը համակարգելու լիազորությունը։

Այսօր Ռադան երկրի ներքին գործերի նախարար է նշանակել Տիմոշենկոյի դաշնակից Արսեն Ավակովին, ով ազգությամբ հայ է։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության կայքէջում հաղորդագրություն է հրապարակվել, հավաստիացնելով, որ նախարարությունը «ուկրաինացի ժողովրդի հետ է» և կոչ անելով «միացյալ ուժերով վերականգնել հանրային կարգը»:

Խորհրդարանը նաև անվստահություն է հայտնել գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկային:

Մայրաքաղաք Կիևում ինքնապաշտպանության հարյուրավոր մարտիկներ հսկում են կառավարության, խորհրդարանի և նախագահական նստավայրի շենքերը։ Կիևի փողոցները հսկում են Յանուկովիչի դեմ պայքարողների կողմն անցած ոստիկանները։

Իրենց հերթին Վիկտոր Յանուկովիչին աջակցող ուժերը այսօր համաժողով են անցկացրել Խարկովում, որտեղ հայտարարել են, որ երկրի մի քանի նահանգներ չեն պատրաստվում ենթարկվել Կիևում իշխանությունը գրաված անձանց և ժամանակավորապես իրենց վրա են վերցնում երկրի մի քանի նահանգներում իշխանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG