Մատչելիության հղումներ

Յանուկովիչը Խարկով չի ժամանել


Ուկրաինա – Նախագահական նստավայրը այն բանից հետո, երբ նախագահը անհայտ ուղղությամբ հեռացավ Կիևից, 22-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինա – Նախագահական նստավայրը այն բանից հետո, երբ նախագահը անհայտ ուղղությամբ հեռացավ Կիևից, 22-ը փետրվարի, 2014թ․

Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Արաբական Էմիրություններում գտնվող Ֆուջեյրա միջազգային օդանավակայանում:

Ուկրաինայի իշխող «Ռեգիոնների» կուսակցության բազմաթիվ անդամներ լքում են երկրի մայրաքաղաք Կիևը: Հեռացել է նաև երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, նրա խորհրդական Աննա Գերմանը ավելի վաղ հայտարարել էր, որ նախագահը մեկնել է արևելյան Խարկով քաղաք «խորհրդակցության մասնակցելու համար», մինչդեռ քիչ առաջ պարզ դարձավ, որ նա կարող է չհայտնվել խորհրդակցությանը։

«Ինտերֆաքսի» տվյալներով «Ուկրաինական ճակատ» միության համաուկրաինական ժողովին մասնակցելու համար արդեն Խարկով են ժամանել Ռուսական պատվիրակության անդամները, ՌԴ դումայի ներկայացուցիչներ և մի քանի նահանգապետեր, մինչդեռ Յանուկովիչը այդպես էլ չի ժամանել։

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը հաղորդում է, որ Յանուկովիչի՝ Մեժգորիեում գտնվող նստավայրը դատարկ է, իսկ անվտանգության աշխատակիցները փոխանցել են, որ նախագահի իրերը այստեղից տեղափոխվել են դեռ երեկ։

Քիչ առաջ «ՌԲԿ Ուկրաինա» կայքէջը տեղեկություն է հրապարակել, որի համաձայն Յանուկովիչի ինքնաթիռը գիշերը 4.30-ի հատվածում վայրէջք է կատարել Արաբական Էմիրություններում գտնվող Ֆուջեյրա միջազգային օդանավակայանում։

Այսօր առավոտյան հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի Ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը, այս մասին Ռադայի նիստի բացմանը այսօր հայտարարել է Ռադայի փոխխոսնակը։ Որպես պատճառ Ռիբակը նշել է առողջական վիճակի կտրուկ վատթարանալը։

Ընդդիմադիր «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդներից Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Կիևը արդեն լքել են կառավարության բոլոր անդամները՝ վարչապետի պաշտոնակատար փոխվարչապետ Սերգեյ Արբուզովի գլխավորությամբ։

Այսօր առավոտյան Ռադայում մեկնարկել է նիստը, որի ժամանակ պատգամավորները խորհրդարանի նոր խոսնակ են նշանակել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի մերձավորներներից մեկը համարվող «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդներից Ալեքսանդր Տուրչինովին, խորհրդարանը նրան է փոխանցել նաև երկրի կառավարությունը համակարգելու լիազորությունը։

Քիչ առաջ Ռադան նշանակել է նաև նոր ներքին գործերի նախարար՝ Արսեն Ավագովին։ Ի դեպ, Ռադայի նիստը դեռ շարունակվում է, իսկ քիչ առաջ մայրաքաղաք Կիևում ցուցարարները բռնել են Յանուկովիչի «Ռեգիոնների» կուսակցության անդամներից մեկին, ում բռնի ուժով տեղափոխել են Ռադա՝ քվեարկությանը մասնակցելու։

Մայրաքաղաք Կիևում ինքնապաշտպանության հարյուրավոր մարտիկներ հսկում են կառավարության, Ռադայի և նախագահական նստավայրի շենքերը։ Կիևի փողոցները հսկում են Յանուկովիչի դեմ պայքարողների կողմն անցած ոստիկանները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG