Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը գազային հանձնաժողովի հարցում իրենց դիրքորոշումը կհայտնեն ԱԺ լիագումար նիստում


«Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը գազային հանձնաժողովի հարցով իրենց դիրքորոշումը կհայտնեն լիագումար նիստում
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

«Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը գազային հանձնաժողովի հարցով իրենց դիրքորոշումը կհայտնեն լիագումար նիստում

Հանրապետականների նախաձեռնած գազային հանձնաժողովը խորհրդարանի օրակարգում կհայտնվի՝ չստանալով Ազգային ժողովի բոլոր ուժերի հավանությունը:

«Ժառանգություն»-ը իր առաջարկների մերժման, Հայ ազգային կոնգրեսը վերջին րոպեին իշխանության արած նոր փոփոխությունների պատճառով այսօր չմիացան ՀՀԿ-ականների նախաձեռնած ստորագրահավաքին, որի նպատակը հարցը հերթական քառօրյայի օրակարգ արտահերթ կարգով մտցնելն է:

«Բարգավաճ Հայաստան»-ն ու Դաշնակցությունը, ինչպես «Ազատությանը» փոխանցեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ստորագրել են ձևաթուղթը:

ՀԱԿ-ին անհանգստացնում է ստեղծվելիք հանձնաժողովի նիստերի դռնփակ անցկացումը․ այս առաջարկը երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ հանձնաժողովի ստեղծման հարցով հրավիրված խորհրդակցության ընթացքում արել է Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ):

«Ազատության» հետ զրույցում ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, թե «դրանով փոխվել է առաջարկի էությունը»․ - «Բանակցությունները տանում են խարդախ ձևով: Այսինքն՝ սկզբից բերում են գայթակղիչ առաջարկ, հետո, երբ մենք համաձայնում են այդ առաջարկին, առաջարկը փոխվում է: Բոլոր բացասական դրույթները ավելացնում են առաջարկի մեջ»:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը «Ազատության» հետ զրույցում այս առնչությամբ ասաց․ - «Եթե բոլորի՝ այդ թվում նաև մեր ընդդիմախոսների, միտքը և նպատակը պայծառ է, և ընդամենը խնդիրը այն է, որ պարզաբանվեն այն խնդիրները, որոնց շուրջ ծավալվեց այս թեժ բանավեճը, ապա, կարծում եմ, սա ամենալավ առիթն է»:

Հարցին, թե մտավախություն չունեն արդյոք, որ իրենց կարող են մեղադրել ինչ-որ բան թաքցնելու մեջ, Սահակյանն արձագանքեց․ - «Ինչո՞ւմ: Նորից եմ շեշտում՝ անտրամաբանական է: Ուղղակի ես չեմ կարող այլևս բացատրել, որովհետև ես այդքան մտքի թռիչք չունեմ: Եթե ընդդիմադիր ուժի 5 ներկայացուցիչ այնտեղ են, այդ ի՞նչ հարց պետք է պայմանավորվեն 5-ի հետ, որ գաղտնի պահեն և չքննարկեն: Հազար ներողություն, ես չեմ կարող այդ հարցը մեկնաբանել»:

«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ՝ իրենց նիստերի հրապարակայնության խնդիրն առաջնային չի թվում․ - «Չգիտեմ որքանով է արդյունավետ, որ ողջ նիստը՝ 8 ժամ փաստաթղթերի հետ աշխատելը լինի կամերաներին տակ»:

Զոհրաբյանը հույս հայտնեց, որ «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները նույնպես հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու որոշում կընդունեն․ - «Սա լուրջ խնդիր է: Լուրջ խնդիր, որի պատասխանը պիտի բոլորս իմանանք: Եթե դա է նպատակը, կարծում եմ, բոլորը պիտի շահագրգռված լինեն մասնակցել»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ իրենք առաջարկել են, որ հանձնաժողովում բոլոր խմբակցություններն ունենան մեկական ներկայացուցիչ և ոչ թե, ինչպես առաջարկված է նախագծի վերջին տարբերակում՝ 4 ՀՀԿ-ական, 2 ԲՀԿ-ական և մեկական՝ մյուս խմբակցություններից:

«Ազատության» հետ զրույցում Հակոբյանն ասաց, որ իրենք նաև կասկածներ ունեն, որ հանձնաժողովը հնարավորություն չի ունենալու ստուգել «ՀայՌուսգազարդ»-ում կառավարության 20 տոկոս բաժնեմասի փոխանցման մանրամասները, ուստի այս հարցում հստակ կետի ամրագրում են պահանջում:

Ռուբիկ Հակոբյանն ասաց նաև, որ ունեին մի քանի այլ առաջարկներ, որոնք մերժվել են նախագծի քննարկումների ընթացքում, ու եթե ԱԺ դահլիճում նույնպես մերժվեն, «Ժառանգություն»-ը չի մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին:

ՀԱԿ-ը նույնպես իր վերջին խոսքը կասի ԱԺ դահլիճում: Լևոն Զուրաբյանի խոսքով՝ աչքը տեսածից է վախենում․ - «Դավիթ Հարությունյանն ուղղակի հայտարարեց, և երբ ես նրան հարցրեցի, թե՝ ինչո՞ւ եք փոխել, ինչո՞ւ հնարավոր չէր սկզբից բոլոր դրույթները բերել, ասաց՝ մենք փոշմանել ենք: Ասի՝ կարո՞ղ է էլի փոշմանեք: Ասաց՝ կարող է: Եթե իրենք րոպեն մեկ փոշմանող են, ուրեմն թող վերջնական տեքստը, որից արդեն չեն փոշմանի, բերեն Ազգային ժողովի լիագումար նիստին, այնտեղ մենք արդեն հարցեր տալով, ելույթներ ունենալով մեր դիրքորոշումը կհայտնենք»:
XS
SM
MD
LG