Մատչելիության հղումներ

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն դատապարտում է Յանուկովիչի գործողությունները


Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն դատապարտում է Յանուկովիչի գործողությունները
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն դատապարտում է Յանուկովիչի գործողությունները

Ձևավորվել է Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե, որի կազմում ընդգրկված են տասնյակից ավելի իրավապաշտպաններ, վերլուծաբաններ ու ակտիվիստներ։

Քաղաքական գործիչներից կոմիտեին անդամակցում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը։ Կոմիտեի շարքերը համալրել են նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը, լրագրող Գայանե Առուստամյանը։

Կոմիտեն այսօր հանդես է եկել հռչակագրով. «զանգվածային արյունահեղություն» որակելով Կիևում այս օրերին կատարվողը՝ կոմիտեի անդամները համոզմունք են հայտնում, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանցագործություններ է կատարել իր երկրի քաղաքացիների և մարդկության դեմ, ստեղծելով Ուկրաինայի մասնատման լուրջ վտանգ։ «Իսկ ժողովուրդը պայքարում է, որպեսզի թույլ չտա իրենց երկիրը Հայաստանից հետո դարձնել Կրեմլի նեոկայսերապետական քաղաքականության հերթական ավարը»,- ընդգծում են նրանք։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի բացահայտ ճնշումների արդյունքում Հայաստանի ոչ լեգիտիմ իշխանություններին ստիպեցին Մաքսային միության հորովելը երգել, իսկ Յանուկովիչին կարողացան պարտադրել հրաժարվել Արևելյան գործընկերությանը անդամակցելուց։ Այնպես չկարողացան նրան ստիպել Մաքսային միության ճամփան բռնել, ինչպես Սարգսյանին, բայց նմանությունները ակնհայտ են»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի զուգահեռներ անցկացրեց Լևոն Բարսեղյանը։

«Հայաստանի դեպքում այս ոչ լեգիտիմ իշխանությունը հլու-հնազանդ ինչ ասեցին, գնաց Մոսկվայում ասաց, ստեց, իհարկե, և հայտարարեց, թե Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը, նման ցանկություն Հայաստանը չի հայտնել, դա Սերժ Սարգսյանի և իր մերձավոր շրջապատի ցանկությունն է, գուցե՝ երազանքը։ Ուկրաինայի դեպքում կենացներն անհամեմատ թանկ են՝ երկրի առանձնահատկությունները հաշվի առնելով»,- ընդգծեց Բարսեղյանը։

Մայդանի հետ համերաշխության կոմիտեն պատրաստակամություն է հայտնում Մայդանին ցուցաբերել քաղաքական ու բարոյական աջակցություն, իսկ միջազգային հանրությանը և առաջին հերթին Եվրոպական միությանը, ԱՄՆ-ին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում «անհապաղ ձեռնարկել Ուկրաինայի քաղաքացիներին սպանդի ենթարկող իշխանություններից պաշտպանող և առաջին հերթին Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից հեռացնելու գործուն միջոցներ, ստեղծել միջազգային տրիբունալ՝ ուկրաինացի պաշտոնական անձանց մասնակցությամբ, ինչպես նաև օտարերկրյա միջամտությամբ Ուկրաինայի պետականության ու ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունները բացահայտելու նպատակով»:

«Այս ամբողջ պատմության մեջ Ռուսաստանի իշխանությունների ճնշումները, թելադրանքը, երբեմն շանտաժը երևում է բացահայտ կերպով։ Ռուսական ալիքները որ հիմա նայում ես, և մերոնք նայում ու վերարտադրում են, կարծես թե վերածվել են Բերկուտի լրատվական ծառայության, հիմնականում՝ տեսեք էս խեղճ տղերքին ոնց են քարով զարկել, ոնց են կրակել... էն մյուս կողմի մասին գրեթե ոչինչ չկա»,- նշեց Լևոն Բարսեղյանը։

«Դա սահմռկեցուցիչ է, ես վերապրում եմ ամբողջովին այն, ինչ կատարվում էր մարտի 1-ի գիշերը Հայաստանում, Երևանի կենտրոնում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը.- «Եվ այժմ այն մարդիկ, որոնք անմիջականորեն ներգրավված են մարտի 1-ի հանցագործություններում, դեռևս քաղաքական ակտիվ դերակատարում ունեն, կարծես ոչինչ չի եղել, կարծես նրանք մասնակից չեն եղել, կարծես նրանք չեն եղել որոշում կայացնողները՝ կրակելու սեփական ժողովրդի վրա։ Ինձ համար դա ուղղակի հակամարդկային է։ Եթե դատապարտվեին այդ իրադարձությունները ինչպես հարկն է, չէր կրկնվի այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում»։

Շարքային քաղաքացիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տարբեր կարծիքներ էին արտահայտում Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ. Ոմանք միայն իշխանություններին էին մեղադրում, ոմանք էլ համոզված էին, որ և իշխանությունները և ընդդիմությունն իրենց մեղքի բաժինն ունեն այս արյունահեղության մեջ։

Այսօր Գյումրիում այսօր անցկացվել է քաղաքացիական հավաք-մոմավառություն ի հիշատակ Ուկրաինայի բախումների զոհերի։
XS
SM
MD
LG