Մատչելիության հղումներ

««Արմենպրես»-ը մեկ տարի առաջ նախաձեռնեց «Երևանյան բեստսելեր» հատուկ նախագիծը, որի նպատակը պարզ էր: Երբ մենք նշում էինք հայ գրատպության 500-ամյակը, փորձեցինք հասկանալ, թե ինչ իրավիճակ կա գրքի շուկայում: Հայերենով, մայրենիով ընթերցանությունը և գրքի վաճառքներն ենք փորձում խրախուսել», - ասաց գործակալության տնօրեն Արամ Անանյանը՝ հավելելով․ - «Այսօր մայրենի լեզվի տոնն է, բոլորիս շնորհավորում եմ»:

Մեզանում հրատարակվող գրքերի տպաքանակները փոքր են, համապատասխաբար վաճառքի ցուցանիշներն էլ մեծ չեն: Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց, որ նման պարագայում շաբաթվա կտրվածքով ամենաշատ վաճառված գրքերը ներկայացնելու գաղափարը լավն է, բայց եթե այդ թիվը 5-10 կամ 10-15 է, սա «ավելի հումորի ժանրից է»՝ համեմատած համաշխարհային բեսթսելերների հետ, որոնց տպաքանակը կարող է հասնել միլիոնավոր օրինակների:

Այսուհանդերձ, կարևոր է տեղեկանալ, թե ինչ գրքեր է նախընտրում գնել այսօրվա հայ ընթերցողը:

Անանյանի փոխանցմամբ՝ դիտարկումն անցկացվել է միայն գեղարվեստական գրականության շրջանակում, չեն անդրադարձել դասագրքերին, հանրագիտարաններին, գիտական ժողովածուներին և այլն: Իրենց ամենշաբաթյա ուսումնասիրությունների արդյունքը զետեղել են «Արմենպրես»-ի կայքում և հրապարակել «Գրական թերթ»-ում:

2013-ի բեսթսելեր ճանաչվեց ռումինահայ հայտնի գրող Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» վեպը, որն անդրադառնում է Մեծ եղեռնին: Քանի որ հեղինակը ներկա չէր, համապատասխան հավաստագիրը հանձնվեց Հայաստանում Ռումինիայի հյուպատոսին: «Շշուկների մատյան» վեպը այս տարի Հայաստանի, Իսրայելի և Ռումինիայի կողմից ներկայացվել է Նոբելյան մրցանակաբաշխության հանձնաժողովին:

Հավաստագիր հանձնվեց նաև «Անտարես» հրատարակչության փոխտնօրեն և գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանին, քանի որ հենց այս հրատարակչության գրքերն են ամենաշատը գնվել:

Մանկական գրքերից տարվա բեսթսելեր հռչակվեց «Մաշան և արջը» մանկական ժողովածուն («Բուկինիստ» հրատարակչություն), որի ավելի քան երկու հազար օրինակ է վաճառվել:

Թարգմանական գրականության տարվա բեսթսելերները Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպն է (վաճառվել է 3000 օրինակ) և Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG