Մատչելիության հղումներ

Նախագահը հորդորել է չկռվել ֆեդերացիաների հետ, օգտագործել դրանց ներուժը


Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը այցելել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, որտեղ խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ, լսել նախարարության աշխատակիցների զեկույցները 2013 թվականի իրականացրած աշխատանքների վերաբերյալ։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նախարարության աշխատակազմին հորդորել է ավելի ակտիվ և նախաձեռնողական լինել նախարարության առջև դրված խնդիրների լուծման գործում, չպարփակվել աշխատասենյակներում, այլև դպրոցներում, այլ ուսումնական հաստատություններում սեփական օրինակով, լավագույն մարզիկների, լեգենդների, Սպորտի և երիտասարդության նախարարության պարագայում՝ ծանրամարտի լեգենդ, նախարար Յուրի Վարդանյանի օրինակով քարոզել առողջ ապրելակերպ:

«Եթե դուք հինգ տեղեկանք պակաս գրեք, ես դա թերություն չեմ համարի, բայց եթե դուք ձեռքից բաց թողնեք այն երիտասարդներին, այն երեխաներին, ովքեր կարող են Յուրի Վարդանյանի ճանապարհով գնալ, ա՛յ, դա մեծ թերություն կլինի: Դուք պետք է ակտիվ լինեք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը նախարարության ղեկավար անձնակազմին նաև կոչ է արել արդյունավետ համագործակցություն ծավալել ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ Հայաստանում սպորտի զարգացման:

«Ձեր ելույթներում պետք է ասեիք՝ ի՞նչ աշխատանք եք տարել ընդհանրապես ֆեդերացիաների, մնացած հասարակական կազմակերպությունների հետ: Ես դեմ չեմ որևէ օրենսդրական անդրադարձի՝ լինի դա խստացման, թե թուլացման առումով, բայց բերել եք նախարարին ի՞նչ եք ցույց տալիս, որ՝ հավաստագրեր տանք, այսինքն՝ հասարակական կազմակերպություններին դնենք ինչ-որ շրջանակների մեջ: Մի ֆեդերացիայի նախագահ էլ ես եմ: Պետք չի մեզ դնել ռամկաների մեջ, այլ պետք է մեր պոտենցիալն օգտագործել: Որևէ մեկն ինձ չի պարտադրել 15 տարի առաջ և ավելի ընկղմվել այդ ֆեդերացիայի աշխատանքների մեջ: Պետք է այդպիսի մարդկանց հնարավորություններն օգտագործել, ոչ թե կռվել ֆեդերացիաների հետ, ոչ թե նրանց փորձել ինչ-որ բան պարտադրել, այլ փորձել նրանց օժանդակել, ներուժն օգտագործել»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG