Մատչելիության հղումներ

«Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը»


Նադեժդա Տոլոկոննիկովան (աջից) և Մարիա Ալյոխինան (աջից երկրորդը) Pussy Riot-ի երկու այլ անդամների (դիմակներով) հետ Ադլերում, 20-ը փետրվարի, 2014թ․

Նադեժդա Տոլոկոննիկովան (աջից) և Մարիա Ալյոխինան (աջից երկրորդը) Pussy Riot-ի երկու այլ անդամների (դիմակներով) հետ Ադլերում, 20-ը փետրվարի, 2014թ․

Ռուսական Pussy Riot երաժշտական խումբը ներկայացրել է հերթական սկանդալային տեսահոլովակը: Ինչպես թվիթերյան իր էջում գրել է խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան, «Պուտինը կսովորեցնի քեզ սիրել հայրենիքը» երգը նվիրվում է Բոլոտնայայի ձերբակալվածներին, կոռումպացված Օլիմպիադային, բնապահպան Վիտիշկոյին և Ռուսաստանում ազատության ճնշմանը:

Մի քանի ժամվա ընթացքում տասնյակ հազարավոր դիտումներ գրանցած տեսահոլովակում ներառված են ինչպես բեմադրված կադրեր, այնպես էլ նախօրեին խմբի անդամների նկատմամբ կիրառված բռնությունների տեսագրությունները:

Հիշեցնենք՝ վերջին օրերին խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան և Մարիա Ալյոխինան նախ բերման են ենթարկվել Սոչիում՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունների, իսկ այնուհետ՝ քաղաքի ոստիկանության և քրեական հետախուզության կողմից: Խմբի անդամների խոսքերով՝ իրենց բերման են ենթարկել գողության մեղադրանքով: Մի քանի ամիս առաջ բանտից համաներմամբ ազատ արձակված երգչուհիներին Սոչիում երեք օր շարունակ ձերբակալելուց և 7-10 ժամ ոստիկանությունում պահելուց հետո էլ, տեսահոլովակ նկարահանելու պահին, հարձակվել են մի խումբ կազակներ և սկսել մահակներով ծեծել նրանց.:

Մինչդեռ տեսահոլովակի նկարահանումներն այս անգամ անցկացվել են տաճարներից հեռու, ինչ-որ ամայի տեղում՝ «Սոչի 2014» գրությամբ պաստառի ֆոնին: «Հասարակական որևէ կոպիտ խախտումներ մեր կողմից թույլ չեն տրվել, սակայն մի խումբ կազակներ որոշել են հաշվեհարդար տեսնել», - պատմել են խմբի անդամները:

Բռնությունների, ազատությունների ճնշման, մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին պատմող՝ սեփական փորձի օրինակով նկարահանված Pussy Riot-ի տեսահոլովակը մեկ օրում հասցրել է դառնալ համացանցում ամենադիտվող նյութերից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG