Մատչելիության հղումներ

297 միլիոն դրամի պահանջ` Ռուբեն Հայրապետյանին և 6 ամբաստանյալներին


«Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծից 12 օր անց մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչներն այսօր Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանին ներկայացրին քաղաքացիական հայց:

Կերակրողին կորցնելու հետևանքով պատճառած նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և մյուս տուժողների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի հանրագումարը, ըստ տուժող կողմի, 2 հարյուր 97 միլիոն 51 հազար դրամ է, մոտ՝ 721 հազար դոլար:

Տուժող կողմը դատարանին միջնորդեց որպես հայցի ապահովման միջոց կալանք դնել «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի, «Հարսնաքարի» գործով վեց ամբաստանյալների, ինչպես նաև «Դավիդ ԴՎՍ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքի նկատմամբ՝ մինչև պատասխանող կողմը փաստացի կբավարարի պահանջները:

Տուժող Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը, ներկայացնելով քաղհայցը, նշեց, որ Ավետյանի 5 տարեկան որդուն և 7 տարեկան դստերը կերակրողի մահվան հետևանքով նյութական վնասի փոխհատուցում պետք է տրվի յուրաքանչյուրին հասանելիք գումարի չափը հաշվարկելով՝ սկսած «Հարսնաքարում» տեղի ունեցած դեպքի օրվանից մինչև նրանց 23 տարեկանը լրանալը:

Ըստ քաղհայցի, անհրաժեշտ է նաև Վահե Ավետյանի կնոջը և երկու անչափահաս երեխաներին հատուցել բարոյական վնասի դիմաց:

«Նմանօրինակ գործերով նշանակված փոխհատուցման չափերի, այդ գործերով ՄԻԵԴ նախադեպային որոշումներում փոխհատուցման չափը, ըստ վերջին 5 տարիներին կայացված վճիռների, տատանվում է 3 հազարից մինչև 7 հազար 5 հարյուր եվրոյի սահմաններում: Միաժամանակ, հայցվորներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը, դիմելով դատարանին, խնդրում են սահմանել և ապահովել սույն քրեական գործով իրենց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման դիմաց բարոյական փոխհատուցման ավելի բարձր ստանդարտ», - նշեց փաստաբանը:

«Հարսնաքարի» գործով տուժողներին հասանելիք բարոյական վնասի չափերը նույնպես նշված են քաղաքացիական հայցի մեջ՝ «Որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ հայցվորներ Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի 10 միլիոն ՀՀ դրամ, իսկ հայցվորներ Արկադի Աղաջանյանի և Էդգար Նիկոյանի՝ 5 միլիոն ՀՀ դրամ»:

Այն պահին, երբ տուժող կողմը հրապարակում էր քաղաքացիական հայցը, ամբաստանյալներն ու նրանց հարազատները ռեպլիկներ և կշտամբանքի խոսքեր էին հասցեագրում տուժող կողմին:

Քաղաքացիական հայցի վերաբերյալ 13 էջանոց փաստաթղթերին ծանոթանալու համար ժամանակ խնդրեցին մեղադրողն ու պաշտպանական կողմը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 12-ին:

Ի դեպ, անցած դատական նիստերին առանց ձեռնաշղթաների էին ներկայանում ամբաստանյալները: Այսօր առանց ձեռնաշղթաների դատարան ներկայացավ միայն ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը: Նա համաներում հայտարարելու վերաբերյալ Ազգային ժողովի որոշումից հետո ցուցմունք էր տվել՝ ստանձնելով Վահե Ավետյանին հարվածելու պատասխանատվությունը:
XS
SM
MD
LG