Մատչելիության հղումներ

Բանակի միջամտությունը կխորացնի հակամարտությունը


Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումը հսկում է խորհրդարանի շենքը, Կիև, 20 փետրվարի, 2014թ.

Ուկրաինայի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումը հսկում է խորհրդարանի շենքը, Կիև, 20 փետրվարի, 2014թ.

Ընդհուպ մինչև վերջերս Ուկրաինայի զինված ուժերը փորձել են չներքաշվել ընթացիկ հակամարտության մեջ։

Տարբեր ուժեր հզոր ճնշում են գործադրում Ուկրաինայի բանակի վրա՝ խնդրելով, հորդորելով և նույնիսկ պահանջելով կոշտ և արագ միջամտությամբ կարգուկանոն հաստատել և վերջ տալ երկրում տիրող քաոսին։

Հունվարի 26-ին պաշտպանության նախարար Պավել Լեբեդևը հայտարարել է, որ բանակը չեզոք կառույց է, որը քաղաքականությանը չի առնչվում։ Բայց փետրվարի 19-ին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են ամբողջ երկրի տարածքում «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին, որը պետք է ղեկավարի Անվտանգության հատուկ գործակալությունը։

Նույն օրը նախագահ Վիկտոր Յանուկովիչն աշխատանքից ազատել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վոլոդիմիր Զամանային և այդ պաշտոնում է նշանակել նավատորմի հրամանատար Յուրի Իլյինին։

Պարզաբանումներ չեն տրվել, սակայն հայտնի է, որ Զամանան հակաճառել է նախագահին, երբ նա արծարծել է արտակարգ դրություն մտցնելու տարբերակը։

Վերլուծաբանների համոզմամբ, բանակում ծառայողների շրջանում, ինչպես և հասարակությունում, չկա միանշանակ կարծիք քաոսին վերջ տալու ուղիների վերաբերյալ։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Անատոլի Լոպատան «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում չի բացառել, որ բանակի գոնե մի հատվածը կարող է չենթարկվել հրամաններին, այդ երևույթն արդեն նկատվել է ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների դեպքում։

«Չեմ կասկածում, որ շատերը կհրաժարվեն կատարել հանցավոր հրամանները, եթե նրանցից պահանջեն ձեռք բարձրացնել սեփական ժողովրդի, իրենց մայրերի, քույրերի, ծնողների վրա», - ասել է Լոպատան։

Բանակն արտացոլում է հասարակության պատկերը, դրա բացատրություններից մեկն այն է, որ Ուկրաինայում բանակը դեռ ամբողջությամբ չի անցել պայմանագրային համակարգի, մեծ մասը` 60 տոկոսը, զորակոչված զինվորներ են։

Արդյոք նրանց շրջանում չի՞ սկսվի պառակտում տարածքային և երկրամասային սկզբունքով այն դեպքում, եթե ղեկավարությունը հրամայի գործողության անցնել։ Այդ վտանգը կա, քանի որ զորակոչիկները, որպես կանոն, ծառայում են իրենց բնակության վայրերից ոչ հեռու։

Մոսկվայում աշխատող Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մարք Գալեոտիի փոխանցմամբ, նախկինում ամեն ինչ արվել է, որ զինվորը ծառայի հարազատ շրջանից հեռու, ինչը նրան ավելի անտարբեր է դարձնում ծառայության վայրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։

Զինծառայողներին ներշնչել են ոչ թե այս կամ այն կառավարությանը, այլ երկրին ծառայելու գաղափարի կարևորությունը։ Դրա շնորհիվ, Ուկրաինայի բանակը չի միջամտել 1991 թվականին անկախություն հռչակած երկրում գրանցված բազում ներքին ճգնաժամերին։ Եվ, այնուամենայնիվ, այսօրվա խճճված իրավիճակում դժվար է կանխատեսել բանակի դիրքորոշումը։

Իսկ առավել ծանր հարցն այս է` արդյոք բանակի միջամտությունը չի՞ հանգեցնի քաղաքացիական պատերազմի։

Շատ մտահոգիչ է և ոչ անսպասելի այն, որ Արևմտյան Ուկրաինայի հզոր կենտրոն Լվովում ընդդիմությունը հարձակվել է ռազմակայանի վրա և մեծ թվով զենք գրավել։ Արևմտյան Ուկրաինան միանշանակ ձգտում է դեպի Եվրամիություն։

Յանուկովիչի հենարան Արևելյան Ուկրաինայի ռուսախոս բնակչությունն էլ դեպի Ռուսաստան է ձգտում։ Ճգնաժամի հետագա սրումը, այդ թվում՝ բանակի միջամտությունը, կխորացնեն ճեղքը և երկրի ապագան որոշող երկու հատվածների հակամարտությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG