Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հակված են մասնակցել գազային հանձնաժողովի աշխատանքին


Ոչ իշխանական կուսակցությունները քննարկում են իրենց մասնակցությունը Գազային հանձնաժողովին
please wait

No media source currently available

0:00 0:02:47 0:00
Ազգային Ժողովի ոչ իշխանական խմբակցություններից «Բարգավաճ Հայաստան»-ն ու Դաշնակցությունը, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն Ազգային ժողովում Հանրապետականի առաջարկությամբ ստեղծվելիք գազային հանձնաժողովի աշխատանքներին: «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը դեռ պետք է քննարկեն հարցը։

Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը այսօր քննարվել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում անցկացված հանդիպմանը:

Քննարկման ավարտին նախ գազային հանձնաժողովը ստեղծելու՝ ոչ իշխանական ուժերի առաջարկը տապալած, ապա նման առաջարկով հանդես եկած ՀՀԿ խմբակցության ղեկավարը լրագրողներին ասաց, որ ոչ իշխանական ուժերի առաջարկությունները կարող են ընդունելի լինեն Հանրապետականի համար․ - «Փաստաթուղթը այնպես գրագետ էր կազմվել, որ այն առաջարկությունները, որ ընդդիմությունն արեց, կասեի, որ կասկածամտությունից ելած են այդ առաջարկները: Մենք այսօր կքննարկենք, կարծում եմ՝ ընդունելի կլինի»:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը, մինչդեռ, ասաց, թե իրենց առաջարկները հիմնականում չեն ընդուվել․ մի շարք տարաձայնություններ են ունեցել:

«Տարբեր հարցեր կային, բայց առաջնայինը հանձնաժողովի ձևավորման կարգն էր», - ասաց Ռուբեն Հակոբյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննարկումից դուրս եկավ զայրացած: Զուրաբյանը հայտնաբերել է, որ, ի տարբերություն ՀՀԿ-ի ներկայացրած նախագծի նախնական տարբերակի, մեծամասնություն կազմող խմբակցությունը ցանկանում է սահմանափակումներ մցնել հանձանժողովի աշխատանքների հրապարակայնության հարցում։

«Նիստերը պիտի փակ լինեն, ինֆորմացիա հնարավոր չի տարածել և այլն: Սա ես համարում եմ ընդհանրապես քաղաքական բանակցությունների էթիկայի շատ լուրջ խախտում», - ասաց նա՝ հավելելով, որ բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել, և իրենք պետք է այդ ամենը քննարկեն խմբակցությունում:

Գալուստ Սահակյանը, սակայն, պնդում է, թե ամեն ինչ հանուն հանրության լայն շերտերի իրազեկման են անում․ - «Մենք նպատակադրում ենք, որ հնարավորություն ստեղծենք հնարավորինս ավելի շատ հասարակության համար, քան ինքներս մեզ համար»:

«Եթե կասկածները ցրելու համար է, ուրեմն պետք է անել այնպես, ինչպես ամբողջ դեմոկրատական աշխարհում ընդունված է՝ բաց քննարկումներ, բաց հանձնաժողով», - հակադարձեց Զուրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) ասաց, թե իրենց խմբակցությունը չի բոյկոտի հանձնաժողովի աշխատանքները․ - «Մեզ համար կարևորն այն է, որ հարցերը իրենց պատասխանները ստանան: Մենք ինքնանպատակ հակադրվելու ճանապարհով չենք գնում: Եթե իրենք բերում են նախագիծ, որտեղ մեր հիմնական մտահոգությունները ներառված են, ինչո՞ւ մերժել, ինչո՞ւ չմասնակցել»:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը, ուզում էին առաջարկվող հանձնաժողովի միջոցով իմանալ, թե ինչպես է գոյացել 300 մլն դոլար պետական պարտքը, որի դիմաց ռուսական կողմին է փոխանցվել «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության վերջին 20 տոկոս բաժնեմասը, ինչու է դա թաքցվել ժողովրդից, ինչու է սահմանին 159 դոլար արժեցող գազը բնակչության հասնում է 380-ով և այլն:
XS
SM
MD
LG