Մատչելիության հղումներ

Նոր արյունահեղություն Կիևում


Սպանված 7 անձանց դիակներ Կիևում՝ Խրեշչատիկի բարիկադների մոտ, 20-ը փետրվարի, 2014թ․

Սպանված 7 անձանց դիակներ Կիևում՝ Խրեշչատիկի բարիկադների մոտ, 20-ը փետրվարի, 2014թ․

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի և ընդդիմության առաջնորդների միջև կնքված հրադադարը տևեց ընդամենը մի քանի ժամ: Համեմատաբար հանդարտ գիշերվանից հետո լուսադեմին իրադրությունը Կիևի կենտրոնում կրկին սրվեց:

Անկախության հրապարակի՝ Եվրոմայդանի մերձակայքում գտնվող Կիևի կոնսերվատորիայի շենքի կտուրից անհայտ դիպուկահարները կրակ բացեցին թե՛ ցուցարարների և թե՛ ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Զոհերի մասին տեղեկությունները բավական իրարարամերժ են: BBC-ի տեղեկություններով՝ այսօր տեղի ունեցած բախումների արդյունքում առնվազն 17 մարդ է զոհվել: Reuters գործակալության թղթակիցը պնդում է, որ վերջին մի քանի ժամերին առնվազն 21 մարդ է զոհվել, հիմնականում՝ դիպուկահարների կրակոցներից:

Կիևի կենտրոնում այս նոր բախումները սկիզբ են առել այն պահին, երբ Ուկրաինայի մայրաքաղաք էին ժամանել Եվրամիության երեք խոշորագույն պետությունների` Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարները: Նրանք նույնիսկ ստիպված եղան փոխել նախագահ Յանուկովիչի հետ հանդիպման վայրը, քանի որ Բանկովայա փողոցում գտնվող նախագահի նստավայրի մերձակայքում ևս բախումներ էին սկիզբ առել:

Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին նշում էր․ - «Մենք իրատես ենք և պատրանքներ չունենք: Արտաքին աշխարհը Ուկրաինայի խնդիրները լուծել չի կարող: Ստեղծված իրադրության միակ դրական կողմը իշխանության և ընդդիմության միջև երկխոսության առկայությունն է: Նրանք բավական հաճախակի են շփվում: Դրա հետ մեկտեղ, այն ամենը, ինչ կատարվում է Կիևում, սարսափելի է: Սա Եվրոպայում ուժի կիրառման՝ մեր հիշողության մեջ պահպանված թերևս ամենալուրջ դեպքն է»:

Այն, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող թիվ մեկ խնդիրն է, վկայում է նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հարկ համարեց հատուկ ուղերձով անդրադառնալ կիևյան իրադարձություններին:

«Մենք շարունակում ենք պնդել, որ նախագահ Յանուկովիչն ու ուկրաինական կառավարությունը առաջնային պատասխանատվություն են կրում և պետք է կանխեն այն սարսափելի բռնության դեպքերը, որոնց ականատեսը դարձանք վերջին օրերին: Կառավարությունը պետք է դուրս բերի հատուկ ջոկատայիններին, աշխատի ընդդիմության հետ` ապահովելով երկրի առաջընթացը: Այդ առաջընթացը պետք է ներառի նաև արհեստավարժների բազմակուսակցական կառավարության ձևավորումը, որը պետք է ի վիճակի լինի աշխատել միջազգային հանրության հետ` Ուկրաինային հատկացվող օգնության փաթեթի շուրջ: Բացի այդ, նոր կառավարությունը պետք է բարեփոխումներ իրականացնի, որոնք անհրաժեշտ են հաջորդ տարի ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար», - նշում էր Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG