Մատչելիության հղումներ

logo-print

«Դեմ եմ» շարժումը իրազեկման ակցիա անցկացրեց Ճարտարագիտականում


Ճարտարագիտականի ռեկտորը պահանջում է «Դեմ եմ»-ի ակտիվիստներին հեռանալ բուհի տարածքից, 20-ը փետրվարի, 2014

Ճարտարագիտականի ռեկտորը պահանջում է «Դեմ եմ»-ի ակտիվիստներին հեռանալ բուհի տարածքից, 20-ը փետրվարի, 2014

Թեև Ճարտարագիտական համալսարանի ղեկավարությունը երեկ տարածած հայտարարությամբ կոչ էր արել բուհի բակում որևէ հավաք չանցկացնել, այդուհանդերձ «Դեմ եմ պարտադիրին» շարժման ակտիվիստները, որ հիմնականում այս բուհի շրջանավարտներ են, կեսօրին Պոլիտեխնիկի առջև էին։

Նրանց դիմավորեց ռեկտոր Արա Ավետիսյանը՝ հրահանգելով հեռանալ տարածքից։ Ակտիվիստները հակադարձեցին՝ ո՞ր օրենքով է արգելվում բուհի տարածքում գտնվելը։

«Շատ հարգելի նախկին պոլիտեխնիկցիներ, բոլորը չէ, որ կիսում են այդ ինքնարտահայտման դրսևորման ձևը։ Կա Սահմանադրական դատարան, մինչև դատարանի որոշումը դուք ինչո՞ւ եք ուզում այս հանդիպումներով, իրազեկումներով ճնշում գործադրել»,- ասաց ռեկտորը։

Պոլիտեխնիկի հայտարարության մեջ ասվում էր, թե երթերն ու հանրահավաքները ժամանակի կորուստ են. ռեկտոր Արա Ավետիսյանն էլ հավելեց՝ ուսանողները լրատվամիջոցներից էլ կարող են տեղեկանալ օրենքի մասին, և իրազեկման ակցիայի կարիք չկա։

Բուհի ղեկավարը պահանջում էր իջեցնել «Դեմ եմ» գրությամբ դրոշներն ու թաքցնել բարձրախոսը։

«Ուսումնական տարածք է, դուք խանգարում եք, ուշադրություն եք գրավում դասի ժամանակ։ Վարժարանում հենց հիմա դասի ժամ է»,- ասաց Ավետիսյանը։

Մեծ դասամիջոցի ընթացքում՝ մոտ 20 րոպե տևած հանրահավաքին միացան հարյուրավոր ուսանողներ, նաև դասախոսներ կային, ովքեր ակտիվ վանկարկում էին «Դեմ եմ պարտադիրին» շարժման կարգախոսները։

Դասամիջոցի ավարտին ռեկտորը մոտեցավ ամբիոնին՝ խնդրելով իրեն տրամադրել բարձրախոսը և ուսանողներին ու դասախոսներին կոչ արեց վերադառնալ դասերին։

Ճարտարագիտական համալսարանի ղեկավարության այս գործելաոճը «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությունը գնահատում է որպես քայլ՝ կանխելու իրենց ակցիան: Շարժման անդամ Արսեն Մանուկյանն ասում էր, թե սպասում էին այսպիսի հակազդեցության։

«Այսօր բուհերի ղեկավարների մեծամասնությունը կուսակցականներ են, մասնավորապես, Հանրապետականի անդամներ են։ Կարևորում եմ ավելի շատ ուսանողության և դասախոսության կեցվածքը, որը շատ ողջունելի էր։ Հաջորդ հանդիպումները, կարծում եմ, կլինեն էլ ավելի բազմամարդ»,- ասաց Մանուկյանը։

Ակտիվիստները կոչ են անում գործատուներին առաջնորդվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ, թեև Ֆինանսների նախարարությունը և Պետական եկամուտների կոմիտեն նախօրեին հաղորդագրություն տարածեցին՝ զգուշացնելով, որ պահումները պետք է փոխանցվեն պետական հաշվեհամարին։

«Նրանք, բնականաբար, փորձելու են հավաքել գումարները և դրա համար պետական քարոզչամեքենան բոլոր տեսակի ճնշումներն օգտագործում է, որպեսզի հավաքի այդ գումարները գործատուներից»,- ասաց Արսեն Մանուկյանը։

Մեկ այլ ակտիվիստ՝ Արտաշես Արաբաջյանն էլ ասում է՝ ճնշումների մասին մեծ թվով արձագանքներ են ստացել.- «Փորձում են ապահովել քանակ, որ հետո մարտի 28-ին ցույց տան, որ այսքան մարդ ընտրել է կենսաթոշակային ֆոնդեր»։

Ի դեպ, Պոլիտեխնիկի ռեկտոր Արա Ավետիսյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ բուհում կուտակայինի պահումներն արվել են, սակայն, 460 երիտասարդ աշխատողները որպես սոցիալական աջակցություն փոխհատուցում են ստացել։

«Մարդիկ լրացուցիչ գումար են ստացել, որպեսզի իրենց փաստացի ստացածը որևէ լումայով չպակասի։ Ես կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պարտադիր պետք է ենթարկվի օրենքին, դրա կիրարկմանը։ Հենց ՍԴ-ի որոշումը կլինի, մենք տառացիորեն կենթարկվենք դրան»,- ասաց ռեկտորը։
XS
SM
MD
LG