Մատչելիության հղումներ

ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄՈՏԱԿԱ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ


Ռիչարդ Գիրագոսյան, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն

Ուկրաինայում բռնության և խռովությունների ընդլայնման հետ մեկտեղ, անկայունությունը կարծես թե տարածվում է այսպես կոչված «մոտակա արտերկրում»` մի արտահայտություն, որը կիրառում է Մոսկվան նախկին Խորհրդային Միության տարածքը նկարագրելու համար: Հստակ է, որ ներկայումս Ուկրաինան մի քանի մակարդակներում հակամարտության և կոնֆլիկտի առանցքային ասպարեզ է հանդիսանում:

Առաջին. նախագահ Յանուկովիչի և ցուցարարների միջև եղած անդունդը միայն խորացել է` առաջացնելով բռնությունների նոր ալիք, որի արդյունքում, ըստ տվյալների` մահացել են 25 և վիրավորվել` 240 մարդ: Բռնությունների ներկայիս ինտենսիվությունը գրեթե անհնարին է դարձնում վերադարձը երկխոսությանը կամ բնականոն կյանքին:

Նշված անդունդը ունի նաև երկրորդ, ավելի հիմնարար հարթություն, քանզի Ուկրաինան կանգնած է երկու մասի բաժանվելու վտանգի առջև: Ուկրաինայի շրջաններն ու քաղաքները կոշտ դիրք են գրավում և դաշնակցում հակամարտող կողմերից մեկ հետ:

Երրորդ. Ուկրաինան Պուտինյան Ռուսաստանի և Արևմուտքի միջև ավելի լայն բաժանման ասպարեզ է հանդիսանում, ինչը Ուկրաինան յուրահատուկ փորձություն է դարձնում ամեն կողմի համար: Սա փորձություն է Ռուսաստանի նախագահ Պուտինի համար և արդյոք նա կարող է շարունակել ապավինել բիրտ ուժին Ուկրաինան գրավելու համար:

Սա նաև հավասարապես կարևոր փորձություն է Արևմուտքի համար, և մարտահրավեր է հանդիսանում արևմտյան վճռականության և միասնության համար: Արևմուտքը իրեն այդքան էլ լավ չդրսևորեց, և Եվրոպական միությունը կարծես թե ավելի բաժանված է և մասնատված, իսկ Ռուսաստանը արդեն իսկ հաջողել է ԵՄ-ին դուրս հրելու և դուրս թողնելու «մոտակա արտերկրում» ներգրավվելուց` այդպիսով հաստատելով Մոսկվայի «ազդեցության գոտին»:

Ի հեճուկս Ուկրաինայում ընթացող հակամարտության նշանակալիությանը` Կիևը նախկին խորհրդային տարածքում միակ «ձգողական կենտրոնը» չէ:

Իրականում, թվում է, որ տարածաշրջանային խռովությունները տարածում են գտնում, ինչպես օրինակ Բալկաններում վերջին շաբաթների ընթացքում: Բալկանները ներկայումս կանգնած են սոցիալական մի խռովության շեմին, որի նմանը չի եղել 1995թ. պատերազմի ավարտից ի վեր: Բալկաններում տիրող խռովության ընթացքը, երբ հազարավոր մարդիկ Բոսնիա-Հերցեգովինայում դուրս էին եկել փողոցներ և բողոքում էին աճող գործազրկության, աղքատության և կոռուպցիայի դեմ, բավականին լայն չափերի հասավ և ընդլայնվեց մինչև Սարայևո և հինգ այլ քաղաքներ:

Մոտակա արտերկրի այլ հատվածներում ևս անակնկալ զարգացումներ եղան:

Անակնկալ մի շարք դեպքերից մեկը` խռովության նոր ալիքը, սասանեց որպես կայուն և էներգակիրներով հայտնի Ղազախստանի ընկալումը: Ղազախական արժույթի անակնկալ անկումից հետո ցուցարարները բողոքի ակցիաներ կազմակերպեցին ազգային բանկի դիմաց, և առաջացավ խուճապ, քանզի հարյուրավոր մարդիկ ցանկացան միաժամանակ կանխիկացնել իրենց գումարները:

Ղազախստանում առկա ճգնաժամը, որի արդյունքում ազգային արժույթը` թենգեն, 19 տոկոսանոց անկում գրանցեց, արդեն իսկ ազդել է գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների վրա: Ճգնաժամը վատթարացել էր նաև մթերքի և սպառողական ապրանքների մեծաքանակ ներկրման ֆոնին, ինչը ստիպեց ղազախական կառավարությանը պետական նավթային ֆոնդից անհապաղ 1 տրիլիոն թենգե (5.4 միլիարդ դոլար) ներարկել տնտեսության մեջ:

Մի կողմ թողնելով անկայունության պոռթկումը էներգակիրներով հարուստ Ղազախստանում` կա մեկ այլ նկատառում նախկին խորհրդային պետությունների համար, հատկապես՝ Հայաստանի: Մտահոգությունը վերաբերում է ռուսական ռուբլու հեռանկարին, որը դարձել է ղազախական արժույթի անկման հիմնական պատճառը: Ավելի կոնկրետ, ռուբլին ևս արժեզրկվեց` անցած ամիս դոլարի համեմատ նվազելով 10 տոկոսով:

Հայաստանի համար տնտեսական խիստ արտահայտված խոցելիությունը ռուբլու նման արժեզրկման հանդեպ էական մարտահրավեր է, ինչը ևս մեկ փաստարկ է ավելացնում ռուսական «Մաքսային միություն» ծրագրին Հայաստանի միանալու դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG