Մատչելիության հղումներ

Մադոյանը մեկ համերգում կկատարի Պագանինիի վեց կոնցերտները


Նիկոլո Պագանինի

Նիկոլո Պագանինի

Այսօր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի բեմում կկայանա աննախադեպ համերգ:

Աշխարհահռչակ հայ ջութակահար Նիկոլայ Մադոյանը այսօր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ (մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ) կկատարի Նիկոլո Պագանինիի բոլոր վեց կոնցերտները:

Պագանինիի մահից հետո նրա վեց կոնցերտները մեկ համերգի ժամանակ առանց նոտաների նվագել առայժմ չի խիզախել ոչ մի ջութակահար:

Համերգի համակարգող Սուսաննա Զորանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ արտասահմանից բազմաթիվ առաջարկներ են եղել առաջինը այս համերգը հյուրընկալելու, բայց Նիկոլայ Մադոյանը հրաժարվել է:

«Նիկոլայ Մադոյանը ցանկացավ իր ստեղծագործական բերկրանքը կիսել հայ հանդիսատեսի հետ», - փոխանցեց Զորանյանը` շարունակելով. - «Պագանինիից հետո երաժշտական բոլոր հսկաների հիշատակումներում անգամ Պագանինիի երաժշտությունը արձանագրվում է որպես եզակի, բացառիկ, ֆանտաստիկ իրողություն: Եվ չափազանց բարդ: Մեկ համերգի ընթացքում բոլոր վեց կոնցերտները աշխարհում ներկայացվում են առաջին անգամ»:

Զորանյանի խոսքով` դա հաջողվել է միայն Նիկոլո Պագանինիին:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում ասաց Գիննեսի համաշխարհային հանձնաժողովի հայաստանյան պատասխանատու Վարդան Թովմասյանը, չի բացառվում, որ այս համերգը գրանցվի Գիննեսի գրքում:

Սուսաննա Զորանյանը խորհրդանշական է համարում, որ մաեստրո Դուրգարյանը համերգը նշանակվել է հենց փերտրվարի 20-ին. - «Մենք մեզ համար նշեցինք, որ դա մի օր է, որը հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրվել է որպես զարթոնքի օր: Պատահական նշանակվեց այս օրը, բայց ես հիմա արձանագրում եմ, որ ազգային ոգու և համամարդկային արվեստի ուժը` որպես միագումար գործոն, նպաստելու են, որ հաղթենք»:
XS
SM
MD
LG