Մատչելիության հղումներ

Սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Նազելի Վարդանյանի խոսքով՝ սպանված զինծառայողի ընտանիքը հիասթափված է, վիճակը էլ ավելի է ծանրացնում այն, որ մեղավորը ազատության մեջ է։

2013 թվականի փետրվարից Եվրոպական դատարանում գտնվող Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիային վերաբերող Հայաստանի հայցադիմումը դեռևս մնում է անպատասխան։ «Ազատության» հետ զրույցում Մարգարյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչը ասաց, որ դատարանը արդեն մեկ տարի է չի պատասխանում՝ արդյոք ընդունո՞ւմ է հայցադիմումը քննության, թե՝ ոչ։

«Մենք դիմել ենք և հունգարական կառավարության դեմ, և Ադրբեջանի, որ Հունգարիան խախտել է միջազգային նորմերը՝ արտահանձնելով Ռամիլ Սաֆարովին, իսկ Ադրբեջանը խախտել է և սեփական օրենսդրությունը, և միջազգային նորմերը, ներում է շնորհել Ռամիլ Սաֆարովին, հերոսի կոչում է տվել և այլ արտոնություններ»,- ասաց Վարդանյանը։

Վարդանյանի խոսքով՝ դատարանը հայցադիմումը ընդունելու հարցը որոշում է մոտավորապես մեկ տարվա շրջանակներում, և հավանաբար առաջիկա ամիսներին որոշումը կկայացվի։ Դրանից հետո տեղի ունեցող գործընթացները ավելի երկար են տևում։

«Եղած փաստերը հիմնավորված են և ինքը իր պատիժը բոլոր դեպքերում պետք է կրի։ Թե ինչ որոշում կկայացնի Եվրադատարանը, ժամանակի հարց է, բայց արտահանձնելուց հետո դատապարտումը եղել է և համաշխարհային հանրության կողմից, և միջազգային կազմակերպությունների, պետությունների բարձրաստիճան անձանց կողմից։ Բոլոր դեպքերում միջազգային գնահատականը տրվել է դեռ 2012 թվականին։ Չեմ կարծում, որ անտարբերության մատնեն և չընդունեն այդ գործը»,- ասաց Վարդանյանը։

10 տարի առաջ այս օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։

Թեև ավելի վաղ Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել, այն էլ՝ 30 տարի առանց ներման իրավունքի, սակայն 2012 թվականի օգոստոսի 31-ին Հունգարիան Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, որտեղ էլ նրան Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից ներում շնորհվեց և տրվեց զինվորական բարձր կոչում:

Այս փաստը կոշտ արձագանքի արժանացավ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում, իսկ անարդարությունից վրդովված Մարգարյանի հայրը ինքնասպանության փորձ կատարեց, և հազիվ հաջողվեց նրա կյանքը փրկել:

Հայաստանը հենց արտահանձնման օրը խզեց բոլոր դիվանագիտական կապերը Հունգարիայի հետ, այնուհետև արդարությունը վերականգնելու պահանջով դիմեց Եվրոպական դատարան։

Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի առիթով նրան հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Եռաբլուր էին այցելել նրա հարազատները, ընկերները, մի շարք բարձրաստիճան զինվորականներ, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով այնուհետև այցելել է նաև Գուրգեն Մարգարյանի ծնողներին։

«Այդ իրավիճակում ցանկացած սպա կարող էր լինել և դա մեզ, և դա պետք է հանգեցնի զգոնության, մենք գործ ունենք մի ազգի հետ, որը ցանկացած պահի էլ կարող է գնալ ոճրագործության մեր նկատմամբ։ Սա մեզ պետք է պարտավորեցնի, որ պատասխանատու ձևով մոտենանք, կարողանանք նորմալ բանակ կառուցել»,- ասել է նախարարը։

Ի դեպ, այսօր հայ հաքերները Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի առիթով մի շարք ադրբեջանական և հունգարական կայքեր են կոտրել ու տեղադրել են Գուրգեն Մարգարյանի նկարը։
XS
SM
MD
LG