Մատչելիության հղումներ

logo-print

Գյումրիում գիրք նվիրելու օրը վերադարձնում են ՀՀԿ-ի նախընտրական բուկլետները


«Գյումրին մեր տունն է» քաղաքացիական նախաձեռնության մեկ տասնյակից ավելի երիտասարդներ գիրք նվիրելու օրը նշեցին բողոքի ակցիայով:

Նրանք նախ հավաքվեցին Շիրակի մարզպետարանի շենքի մոտ՝ «Դեմ ենք պարտադիր կուտակայինին» թռուցիկներով, ապա գնացին դեպի ՀՀԿ-ի մարզային գրասենյակը՝ հանձնելու մոտ երկու տարի առաջ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետականի նախընտրական բուկլետը:

«Որոշեցինք Հայաստանի հանրապետական կուսակցությանը և իր քույր կուսակցությանը՝ «Օրինաց երկիր»-ին, նվիրել 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ իրենց նախընտրական խոստումները՝ գրքի տեսքով, որոնք բաժանել էին մեզ երկու տարի առաջ: Հիմա հետ ենք վերադարձնում իրենց, որպեսզի նվազագույնը երեք միլիոն անգամ նստեն-կարդան իրենց նախկինում տված խոստումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից Արսեն Վարդանյանը:

«Ամբողջ մի երկրի ժողովուրդ սպասում է, թե երբ է իշխանությունն ավարտելու իր գործադուլը: Նրանք նույնպես երևի մի բողոքի ձև են գտել՝ ոչինչ չանելով, ժողովրդի գումարները մսխելով իրենց գրպանները լցնել: Բայց մենք պահանջում ենք, որպեսզի նրանք դադարացնեն գործադուլը, սկսել գործել: Խոստումներ են տվել, պարտավոր են կատարել իրենց խոստումները», - հավելեց նախաձեռնության մեկ այլ անդամ:

Նրանք գրասենյակի պատին փակցրին «Դե՛մ եմ պարտադիր կուտակայինին» և «Չե՛մ արտագաղթելու» թռուցիկներ ու ներս մտնելով՝ վերադարձրին բուկլետները:

ՀՀԿ-ի մեկ այլ գրասենյակում, ուր երթով հասան ակցիայի մասնակիցները, նրանց ընդունեց ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

Զրույցի ընթացքում երիտասարդները բարձրաձայնեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման կապակցությամբ իրենց դժգոհությունը: Նրանք պահանջեցին նախ լավ վարձատրվող աշխատատեղեր ստեղծել, բարձրացնել մարդկանց կենսամակարդակը, հետո միայն ներդնել համակարգը:

«Ավելի արդար ու ճիշտ չէ՞ր լինի, քան չեղած աշխատատեղերով, քիչ աշխատավարձով․․․ Քաղաքում, երբ միջին աշխատավարձը մոտավորապես 60-70 հազար դրամ է կազմում, այդ աշխատավարձից պլյուս նորից 5 հազար դրամ, 10 հազար դրամ գանձումներ անել», - ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Սուքիաս Ավետիսյանը խոստովանեց, որ բյուջեում փող չկա սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, և ստիպված էին գնալ այս համակարգի ներդրմանը՝ թեկուզ ամենաաղքատ քաղաքի հազիվ աշխատանք գտած բնակչից գումար տանելու ճանապարհով:

«Արտոնություններ տալը նշանակում է բյուջեում որոշակի դեֆիցիտ: Չկա որևիցե տարբերակ, չկա որևիցե ձև, որ մենք կարողանանք, ասենք, մի քաղաքում կամ մի մարզում լրացուցիչ արտոնության խնդիր դնել», - պարզաբանեց նա:

Նախաձեռնության անդամները պատգամավորին կոչ արեցին այլևս նման օրենքներ չընդունել․ - «Որովհետև նման օրենքները ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում բերում են ներքաղաքական ընդվզումների: Մենք մեր իրավունքների հետևից գնալու ենք»:

«Գյումրին մեր տունն է» նախաձեռնությունը շարունակելու է բողոքի ակցիաները:
XS
SM
MD
LG