Մատչելիության հղումներ

Կիևի բախումներում սպանվել է առնվազն 18 մարդ


Ուկրաինայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը փորձում է «մաքրել» Մայդանը, Կիև, 18 փետրվարի, 2014թ.
Ուկրաինայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը փորձում է «մաքրել» Մայդանը, Կիև, 18 փետրվարի, 2014թ.
«Ռոյթեր» լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, փետրվարի 18-ին ծավալված ընդհարումների հետևանքով Կիևում սպանվել է առնվազն 18 քաղաքացի, որոնցից 7-ը` ոստիկաններ։

Սա ամենածանր բախումն է Ուկրաինայում` անցած տարվա նոյեմբերից մեկնարկած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում։ Բուժօգնության է դիմել ավելի քան 150 մարդ, որոնցից մոտ 40-ը հրազենից է վիրավորվել։ Տուժածներից 30-ը ծանր վիճակում է։

Կիևից ստացվել է հաղորդագրություն այն մասին, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչի վարչակարգը որոշել է ընդդիմության ակտիվիստներին դուրս մղել Մայդանից` ցույցերի էպիկենտրոն Անկախության հրապարակից։

Իշխանությունները պնդում են, որ առճակատման սրման համար պատասխանատվությունն ընդդիմության լիդերներն են կրում։ Այդ մասին հեռուստատեսությամբ հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան, ով ասել է, թե «ընդդիմությունը զինված գրոհ է ձեռնարկել»։

Ընդդիմությունը, իր հերթին, պնդում է, որ ցուցարարների վրա առաջինը հարձակվել է «Բերկուտը»` Ուկրաինայի ոստիկանության հատուկ ջոկատը։

Մայդանը «մաքրելու» նպատակով ոստիկանների գործողությունը Կիևում սկսվել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 8-ին։

Արևմտյան երկրների մի շարք ղեկավարներ Ուկրաինայի իշխանություններին և ընդդիմությանը կոչ են արել անհապաղ դադարեցնել ընդհարումները և երկխոսություն սկսել։

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ուկրաինայի կառավարությունն է կրում իրավիճակը մեղմելու պատասխանատվությունը։

Յանուկովիչը մտադիր է առաջիկա ժամերին հատուկ հեռուստաուղերձով դիմել բնակչությանը։

Կիևից ստացված ամենավերջին հաղորդագրության համաձայն, Մայդանում ընդդիմության կողմից որպես կենտրոնակայան ընտրված Արհմիությունների 9-հարկանի շենքը հրդեհվել է։

Այս տվյալներն ամփոփվել են Երևանի ժամանակով փետրվարի 19-ի առավոտյան ժամը 4-ի դրությամբ։

Ուկրաինայում ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ Յանուկովիչն անցած տարվա նոյեմբերին սառեցրել է Եվրամիության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրումը և քաղաքական-տնտեսական գործարք է կնքել Մոսկվայի հետ։


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG