Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀԿ-ն նախատեսում է գազային հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը քննարկել առաջիկա քառօրյայում


Գազային հանձնաժողովի մոլի հակառակորդ Հանրապետականը ընդդիմության նախաձեռնությունը տապալելուց մի քանի օր անց նույնանման առաջարկ է անում:

Ավելի վաղ արտահայտած պատրաստակամությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը (ՀՀԿ), որոշման նախագծի վերածած, երեկ հնչեցրել է իր աշխատասենյակում:

Իշխող կուսակցությունը հանձնաժողովում աշխատելու է հրավիրում խորհրդարանական բոլոր ուժերին «2011-2012 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակած պարտքի հիմնավորվածության չափի և դրա մարման գործընթացի ուսումնասիրության, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրության, բնական գազի այլընտրանքի ներկրման, նաև Հայաստանի տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորություններն ուսումնասիրելու համար»:

«Ազատության» հետ զրույցում հարցին, թե ինչու մերժեցին գազային հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունների նույնանման առաջարկը, ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արձագանքեց, թե մինչև ներկայացնելը չէին քննարկել մեծամասնության հետ:

Սահակյանը կարծում է նաև, որ նախագծերի լուրջ տարբերություն կա՝ իրենցն ավելի պրոֆեսիոնալ է․ - «Ներառված են բոլոր այն խնդիրները, որ հասարակությանը մտահոգում են: Ոչ միայն ընդդիմությանը, այլ ընդհանրապես: Սկսած գազի որակից, վերջացրած ամենանեղ, որտեղ մտածում են ինչ-որ խնդիրներ կարող է եղած լինի, ամեն ինչը ընդգրկված է»:

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, Հայ ազգային կոնգրեսն ու Դաշնակցությունը, ուզում էին առաջարկվող հանձնաժողովի միջոցով իմանալ, թե ինչպես է գոյացել 300 մլն դոլար պետական պարտքը, որի դիմաց ռուսական կողմին է փոխանցվել «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի կառավարության վերջին 20 տոկոս բաժնեմասը, ինչու է դա թաքցվել ժողովրդից, ինչու է սահմանին 159 դոլար արժեցող գազը բնակչության հասնում է 380-ով և այլն:

Երբ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցությունն ամսվա սկզբին տապալեց նախաձեռնությունը, ոչ իշխանական ուժերը հայտարարեցին, որ այդ քվեարկությամբ նրանք ապացուցեցին, որ հանցավոր գործարք են թաքցնում:

Գալուստ Սահակյանն այսօր ասաց, թե իրենք համոզված են, որ խնդիրներ չունեն, իսկ կասկածները կցրեն․ - «Երբ բացահայտվեց, բնականաբար, ամենաանհանդուժողը մենք կլինեն: Ամեն ինչ կարելի է հանդուրժել, բայց ժողովրդից գողանալը մենք չենք հանդուրժելու»:

Հարցին՝ եթե անօրինականություններ հայտնաբերվեն, արդյո՞ք այդ պայմանագրերը չեղյալ կհայտարարվեն, Սահակյանն արձագանքեց․ - «Որևէ եթե նախագիծ լինի գազի առումով, ինչպես վերջերս հայտարարեց Հանրապետության նախագահը, մենք ի վիճակի ենք ամեն ինչ անելու»:

Նա կարծում է, որ ոչ իշխանական ուժերը կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ կասկածներն իրենք են հասարակության մեջ գցել․ - «Մենք հավատում ենք, որ ամեն ինչ օրինական է: Եթե իրենք չմասնակցեն, ուրեմն իրենք էլ են հավատում»:

Առայժմ միայն Դաշնակցությունն է որոշել ընդունել ՀՀԿ-ի առաջարկը: ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք կհետևեն հանձնաժողովի աշխատանին: Իսկ խնդիրները վերհանելու առումով ՀՀԿ-ն անկեղծ չեղավ, հատուկ կարծիք ներկայացնելը «միշտ կա ու կա»․ - «Ամբողջ խնդիրն այն է, թե հանձնաժողովն արդեն պրակտիկ աշխատանքների մեջ որքանով իսկապես խորքային ուսումնասիրություններ կկատարի այս ամբողջի հետ կապված»:

ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ն ու ՀԱԿ-ը դեռևս քննարկում են հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել-չմասնակցելու հարցը: Իրենց տեսակետները պետք է ներկայացնեն ԱԺ նախագահի մոտ գալիք հինգշաբթի կայանալիք հանդիպմանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, մինչդեռ, ՀՀԿ-ի հեղանական նախագծում մեկ մտահոգիչ հարց տեսնում է․ - «Մեր հարցադրման առանցքն այն է, որ մենք համարում ենք, որ գազի պարտքը կուտակվել է ապօրինաբար, շրջանցելով Սահմանադրությունը և Ազգային ժողովը: Ներկայացված փաստաթղթում օրինականության ուսումնասիրման մասին ոչինչ գրված չէ: Գրված է՝ գազի պարտքի կուտակման հիմնավորվածությունը: Այստեղ շատ կարևոր է, որ օրինականություն բառը մտնի փաստաթղթի մեջ, այլապես միշտ կարող են դեմագոգիա անել, որ հանձնաժողովը գազի պարտքի կուտակման օրինականությունը ուսումնասիրելու լիազորությունները չունի»:

Գալուստ Սահակյանի փոխանցմամբ՝ իրենք նախատեսում են հանձնաժողովի ստեղծման հարցը քննարկել առաջիկա քառօրյայում: Գործունեության արդյունքները, ստեղծման դեպքում, կամփոփի, ըստ նախագծի, մինչև նոյեմբերի 8-ը:
XS
SM
MD
LG