Մատչելիության հղումներ

«Ազատության» լրագրողին Բաքվում կանչել են դատախազություն


Խաջիդա Իսմայլովա, արխիվ, Պրահա, 30 մայիսի, 2013թ.

Խաջիդա Իսմայլովա, արխիվ, Պրահա, 30 մայիսի, 2013թ.

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խաջիդա Իսմայլովային հրավիրել են դատախազություն` դեռևս վկայի կարգավիճակով։

«Ինձ զանգահարել են գլխավոր դատախազությունից և հայտնել, որ ՔՕ 284 հոդվածով գործ են հարուցում», - ասել է Խաջիդան։

Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 284 հոդվածը (պետական գաղտնիքի հրապարակում) ենթադրում է 3-7 տարվա ազատազրկում և որևէ կոնկրետ գործունեությամբ 5 տարի զբաղվելու արգելք։

Ի՞նչ է արել հետաքննող լրագրող, միջազգային մրցանակների արժանացած Խաջիդա Իսմայլովան։ Պարզվում է, երեկ նա Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է նամակ, որը, ըստ դատախազության, պարունակում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության գործունեությանը վերաբերող նյութեր։

Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո խոսնակ Էլդար Սուլթանովը «Դեյ Ազ» լրատվական կայքին ասել է, որ սոցիալական ցանցում Իսմայլովայի հրապարակած փաստաթղթերում կան անվտանգության նախարարության ծառայողական գործառույթներին առնչվող և պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ։

Նրա խոսքերով՝ գլխավոր դատախազն է արձակել պատկան մարմինների հետ համատեղ քննություն անցնակցելու որոշումը։

Ինքը Խաջիդան պնդում է, որ այդ նյութերը վերցել է մի նամակից, որը ստացել է դեռ 2011 թվականին, ընդ որում` հենց Անվտանգության նախարարությունից։

Իսկ անցած շաբաթ իշխանամետ մամուլը հրապարակել է հոդված, որի համաձայն, Խաջիդա Իսմայլովան, իբրև թե, ամերիկյան Սենատի աշխատակազմի ներկայացուցիչներին փոխանցել է մի ցուցակ, որում նշված Ադրբեջանի ընդդիմության լիդերներից մի քանիսը, ինչպես նաև ճանաչված այլ անձինք ֆինանսավորվում և ղեկավարվում են են Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից։

Այդ ցանկը մեծ աղմուկ է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հոդվածը «աբսուրդ» է անվանել։ Խաջիդա Իսմայլովան պնդում է, որ ոչ մի ցանկ ոչ մեկին չի փոխանցել և իշխանամետ մամուլում լույս տեսած հադվածը որակում է «սադրանք»։

Ըստ մեկնաբանների, կարելի է ենթադրել, որ այդ հոդվածն ունի առնվազն երկու նպատակ` վարկաբեկել հետաքննող լրագրողին և փոխադարձ թշնամանք ու անվստահություն սերմանել ընդդիմության շրջանում։

Ադրբեջանի իշխանությունները վաղուց են հետապնդումների թիրախ դարձրել մեր գործընկերուհուն։

Հետաքննող լրագրող Խաջիդա Իսմայլովան նյութեր է հրապարակում Ադրբեջանում կոռուպցիայի թեմայով, մասնավորապես, նախագահ Իլհամ Ալիևի և նրա գերդաստանի ֆինանսական ապօրինի գործարքների մասին, վարում է թոք-շոուներ։

2012 թվականին նրա նկատմամբ կատարված մի արարք ոչ այլ ինչ էր, եթե ոչ անբարոյականություն և ճղճիմութուն։ Խոսքը լրագրողի անձնական կյանքին միջամտելու և տեսանյութը համացանցում տեղադրելու դեպքի մասին է։

Խաջիդան այդ ամենն անվանել է «շանտաժ», ասելով, որ դրանից չի վախենում և կշարունակի իր աշխատանքը։

«Եթե նրանք կարծում են, թե այդպես ինձ կարող են լռեցնել, ապա չարաչար սխալվում են, ես շարունակելու եմ հետաքննությունները, ես չեմ ընկճվել, ինձ նույնիսկ կրոնական սպասավորներն են սատարում», - ասել է Խաջիդան։

«Ազատություն» ռադիոկայանի ղեկավարությունը, իրավապաշտպան միջազգային կառույցները և արևմտյան մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ դատապարտել են լրագրողի նկատմամբ կեղտոտ «PR»-ի փաստը և իրենց աջակցությունն են հայտնել Խաջիդային։

Այս պահին մեր գործընկերուհին պետք է պատասխանմի Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցների հարցերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG