Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կշարունակի հետևել Վանո Մերաբիշվիլիի գործին


Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատարանի դահլիճում, արխիվ
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատարանի դահլիճում, արխիվ
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին առաջիկա տարիները կանցկացնի ճաղերի ետևում։

Երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Քութաիսի քաղաքային դատարանը նախօրեին նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման՝ պաշտոնական լիազորությունների գերազանցման, ընտրողներին կաշառելու, պետական միջոցները վատնելու մեղադրանքով։

Նույն գործով Կախեթիի նախկին նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլին ենթարկվել է ավելի քան 28 հազար դոլարի դրամական տույժի։ Չիաբերաշվիլին և Մերաբիշիվին իրենց մեղավոր չեն համարում և մտադիր են առաջիկայում բողոքարկել դատավճիռը։

«Քութաիսիի դատարանը չկարողացավ դիմակայել իշխանությունների ճնշմանը և անօրինական վճիռ կայացրեց»,- լրագրողներին ասել է նախկին վարչապետի փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին:

«Ես կարծում եմ, որ Վանո Մերաբիշվիլիի նկատմամբ անօրինական վճիռ է կայացվել: Իշխանությունները մեծ ճնշում էին գործադրում դատարանի վրա, այդ պատճառով էլ սկզբից ևեթ հայտնի էր, թե ինչ վճիռ է կայացվելու: Մենք անպայման կշարունակենք արդարության վերականգնման համար մեր պայքարը,- իր հերթին ասել է Կախեթիի նախկին նահանգապետ Զուրաբ Չիաբերաշվիլին:

Բացի այդ, Մերաբիշվիլին մեղադրվում էր Կվարիատի գյուղում ամառանոցի անօրինական յուրացման համար։ Այդ գործով տարվող հետաքննության արդյունքում հարցաքննվել են շուրջ 180 հոգի, որոնցից 170-ը Վրաստանի նախկին վարչապետի դեմ փաստաթղթեր են ներկայացրել դատարան։

Մերաբիշվիլին 2002 թվականից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղարն էր: 2004 թվականից նա եղել է Վրաստանի նախագահի օգնականը ազգային անվտանգության հարցերով, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը, պետական անվտանգության նախարարը, ոստիկանության և հասարակական կարգի նախարարը: 2012-ի հուլիսից մինչև հոկտեմբեր Մերաբիշվիլին գլխավորել է Վրաստանի կառավարությունը: Նույնիսկ այդ երկրի ընդդիմությունը համարում էր, որ Միրաբիշվիլին Սաակաշվիլիի թիմի եզակի հաջող կադրերից է։

Դեռևս անցյալ տարի Մերաբիշվիլիի կալանավորելուց անմիջապես հետո Եվրամիության ղեկավարները հայտարարեցին, թե ուշադիր հետևելու են նրա գործով դատաքննությանը ՝ կոչ անելով գործը զերծ պահել քաղաքական աստառից։

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը այսօր Բրյուսելում հայտարարել է՝ հետևելով գործին Եվրամիությունը շարունակում է պնդել, որ «անպատժելիությունը պետք է շրջանցի օրենքը խախտած մարդկանց, բայց միևնույն ժամանակ քրեական հետապնդումները պետք է հիմնված լինեն ապացույցների վրա, զերծ քաղաքական դրդապատճառներից, անկողմնակալ և ժողովրդական արժեքներին համապատասխան լինեն»։

«Մենք շարունակելու ենք հետևել այս գործին, քանի որ այն դեռևս բողոքարկվելու է»,- ասել է Էշթոնի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG