Մատչելիության հղումներ

Թանկացումների մասին կարելի է խոսել միայն բանակցությունների ավարտին


Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանի խոսքով՝ Մաքսային միության հետ բանակցությունների ավարտից հետո միայն Հայաստանի կառավարությունը կարող է ասել, թե որքանով կթանկանան ապրանքները:

Այն, որ Մաքսային միություն մտնելուց հետո կյանքը Հայաստանում կթանկանա, չեն թաքցնում անգամ իշխանությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը հավաստիացնում է, որ կտրուկ գնաճ չի լինի: Իսկ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն էլ նշել է, թե կառավարությունում գտնում են, որ Մաքսային միությանը անդամակցության պատճառով առաջացող գնաճը չի գերազանցի 1.5 տոկոսը:

«Այդ ամեն ինչին ճիշտ է անդրադառնալ բանակցությունների ավարտին ստացված որոշակի փաթեթի հիման վրա: Այն թվերը, որոնց մասին խոսվում է, առաջնային ընդհանուր գնահատականներ են: Վերջնական պատկերը, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ, մենք կարող ենք ամենայն անկեղծությամբ տալ միայն այն պարագայում, երբ բանակցած ու վերջացրած լինենք մաքսատուրքերի դրույքաչափերի փաթեթը», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:

Նա շարունակեց, թե Վահրամ Ավանեսյանի նշած 1.5 տոկոսը հնարավոր է այն դեպքում, եթե որևէ ապրանքի գծով Մաքսային միությունը ընդառաջ չգնա Հայաստանին, և մեր երկիրը միության անդամ դառնալուց հետո ապրանքներ ներկրի Մաքսայինում գործող մաքսատուքերով:

Այս տարբերակը․ ըստ Գարեգին Մելքոնյանի, գրեթե բացառվում է, քանի որ, փոխնախարարի հավաստմամբ, Մոսկվայի հետ արդեն իսկ պայմանավորվածություն կա, որ որոշակի բացառություններ Հայաստանի համար, այնուամենայնիվ, կարվեն:

Սակայն հարցը այսքանով չի փակվում, որովհետև այսօր պարզվեց, որ նշված 1.5 տոկոսի մեջ ներառված չէ, այսպես կոչված, մուլտիպլիկատիվ էֆեկտը: Այսինքն՝ երբ մի ապրանքի թանկացումը իր հետ բերում է այլ ապրանքների թանկացում: Օրինակ, գազի դեպքում:

Ինչպես ասուլիսում ընդգծեց փոխնախարար Մելքոնյանը, «այդ 1.5 տոկոսը ընդամենը պարզ վարժություն է` առաջնային թիվ ստանալու համար»․ - «Այդտեղ, եթե ուզում եք, պետք է շատ բարդ հաշվարկներ անել և ստանալ դրա մուլտիպլիկացիոն էֆեկտը տնտեսության վրա, դրա հետագա ազդեցությունը և՛ հարկային մուտքերի, և՛ ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման հնարավոր սցենարների և այլն և այլնի առումով»:

Գարեգին Մլեքոնյանը տեղեկացրեց, որ Մաքսային միության հետ բանակցությունները կսկսվեն արդեն մարտին, և այն, որ դրանք հարթ չեն անցնի, կարելի է ենթադրել փոխնախարարի հետևյալ խոսքերից․ - «Յուրաքանչյուր երկիր կարող է առաջ քաշել իր շահերը: Երբ մենք սկսենք բանակցությունները Եվրասիական տնտեսական կոմիտեի հետ, ինչ-որ մի փուլից բանակցություններին լինելու են ուղղակիորեն ներգրավված նաև Մաքսային միության անդամ երկրները՝ Ղազախստանը, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը: Յուրաքանչյուր երկիր նայելու է իր շահի տեսանկյունից: Մենք էլ պետք է նայենք մեր տնտեսության շահերի պաշտպանության տեսանկյունից: Դրա համար պատրաստվել է ցանկը: Ես չեմ բացառում, որ այդ ցանկի մասով որոշ երկրներ ունենան այլ դիրքորոշում, քան մենք»:

Մաքսային միության անդամակցության հետ կապված հնարավոր է, որ Հայաստանը խնդիրներ ունենա Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) շրջանակում: Մեր երկիրը նշված կազմակերպության անդամ է 2003-ից և ունի ստանձնած պարտավորություններ՝ մաքսատուրքերը չբարձրացնել որոշակի մակարդակից: Մինչդեռ, Մաքսային միության մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԱՀԿ-ում, և Հայաստանն էլ դառնալով միության անդամ՝ պետք է բարձրացնի իր մաքսատուրքերը: Խնդիրը կարգավորելու համար մեր կառավարությունը բանակցություններ է սկսելու ԱՀԿ-ի հետ:

Սակայն հարց է առաջանում․ քանի որ կա քաղաքական որոշում՝ մեր երկիրը անդամակցելու է Մաքսայինին, եթե զուգահեռաբար՝ մինչ այդ չստացվի պայմանավորվել ԱՀԿ հետ, ու մենք հարկադրված լինենք կիրառել միության՝ բարձր մաքսատուրքեը, ի՞նչ դիրքորոշում կորդեգրի ԱՀԿ-ն կամ նրա առանձին անդամները, արդյոք Հայաստանը կդադարեցնի՞ իր անդամակցությունը կազմակերպությանը:

Գարեգին Մլեքոնյանը արձագանքեց՝ ո՛չ, չի՛ դադարեցնի, այլ կկիրառի Մաքսային միության դրուքաչափերը և կշարունակի բանակցել ԱՀԿ-ի ու նրա այն անդամների հետ, որոնց հետ խնդիրներ կառաջանան:

Հարցին, թե հնարավոր է, որ երբ մեր երկիրը սկսի կիրառել նոր՝ ավելի բարձր մաքսաչափեր, որպես պատասխան ԱՀԿ-ի մյուս անդամները նույնպես բարձրացնեն մաքսատուրքերը հայաստանյան ապրանքների նկատմամբ, փոխնախարարն արձագանքեց․ - «Հնարավոր է: Բայց ես խնդրում եմ՝ հետագայում իմ խոսքը ճիշտ արտացոլեք․ հնարավոր է, այո, բայց բանակցությունների իմաստը նրանում է կայանում, որպեսզի այդ հարցի շուրջ համաձայնության գան»:
XS
SM
MD
LG