Մատչելիության հղումներ

Եվս մեկ սիրիահայ վաճառական հարձակման է ենթարկվել


Սիրիահայ Բրուտյանների ու «Մանանդ» տաքսի ծառայության սեփականատիրոջ որդու միջև տեղի ունեցած միջադեպը դեռ չի մոռացվել, սակայն արդեն սփյուռքահայի նկատմամաբ հերթական բռնությունն է տեղի ունեցել։

Սիրիահայ Միշել Սարկոյանի ընտանիքը մեկ տարի է, ինչ Գերմանիայից տեղափոխվել է Հայաստան, մշտական բնակություն հաստատել Պտղունք գյուղում։ Տանը կից հիմնել է ավտոմասերի առք ու վաճառքի փոքրիկ կետ ու այդպես սկսել օրվա հացը վաստակել։

Դեպքը տեղի է ունեցել հենց վաճառակետում՝ ավտոմաս է վաճառել երիտասարդ հաճախորդին ու խոստացել սարքը ետ վերցնել ու գումարը վերադարձնել, եթե վաճառված սարքը մեքենային չհամապատասխանի։ Հաճախորդն էլ այդ մասը փոխարինել է մեկ այլ մասով ու փորձել հետ վերադարձնել։ Սփյուռքահայի ու հաճախորդների միջև վիճաբանություն է սկսվել, գործը հասել է նրան, որ Սարկոյանին զենքով են սպառնացել։

«Մասը ձեռքի մեջը փորձեց ներս մտնել, արգելեցի։ Ինքն իրեն բանի տեղ դրավ, ինչ կասեն ձեր մոտ արա՝ գլուխիդ տամ, մեկ հատ ծակ բանամ... Այդ վայրկյանի վրա բռնեցի իրեն, ասացի հեռացի էստեղեն, տեսնեմ մյուսը վազեց մեքենային, զենք քաշեց։ Պետք է մյուսին էլ բռնեի, փախավ, մյուս կողմից եկավ զենքով։ Էդ ժամանակ ես ինձ պաշտպանեցի իրեն ընկերոջով։ Ընկերը կկանչեր՝ «մի խփե, մի խփե, ինձ կվնասես», հետո տեսավ, որ չի կարողանում իմ վրա, ելավ, սկսավ մեքենայով իմ վրաս քշել, ընկերին վրա երկու անգամ քշեց ու փախան»,- «Ազատությանը» պատմեց Սարկոյանը։

Միշել Սարկոյանը ոստիկանություն է դիմել և ինքն իր համար վճռել՝ եթե իր վրա հարձակում գործածները արժանի պատժի չենթարկվեն, լքելու է Հայաստանը։

«Լքել եմ Եվրոպա, եկել եմ իմ հողին վրա, որովհետև պատիվ ունեցող մարդ եմ, որ չբավե ինձ, որ ամեն քայլի վրա, ամեն աշխարհի վրա հարց տան ուրդեղեն եկել եք, ասես հայաստանցի, ըսե գնա Հայաստանդ պայքարե, որ երկիր դարձնես, եկել ես մոտս զուգարան կմաքրե՞ս, թե երթամ Սիրիա, Սիրիայի դրոշի տակը քայլեմ։ Թուրքիա չսպանվանք, Արաբիստան չսպանվանք, Գերմանիա... , հիմա պիտի գանք մեր հայրենիքի վրա, հայը մեզի փոսը փորե, մեջը դնե՞»,- հարցնում է Սարկոյանը։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեպի կապակցությամբ դեռ հետաքննություն է ընթանում։

Սարկոյանն ասում է, որ ի սկզբանե նպատակադրվել էր Հայաստան գալ՝ 9-ամյա դստերը հայկական դպրոցում ուսման տալու ու հայեցի դաստիարակելու նպատակով։ Սակայն այսօր հիասթափված է, ասում է՝ երբեք չէր պատկերացնի, որ հայրենիքը, իր պատկերավորմամբ, առյուծների երկիր է դարձել։

Սփյուռքահայը դժգոհ է մարդկային հարաբերություններից։ Ասում է՝ ամեն ինչ «քավոր- սանիկական» սկզբունքով է ընթանում։

«Մեկ ուրիշը եկել էր մոտս, BMW-ի նասոս ուզեցին, ասեցին՝ ինչ արժե, ասացի՝ գինն ասքան է, ըսավ՝ հիմա լավ տղերքից կուգա, ադի առանց փողի կուդաս, կերթա։ Ամեն մեկը կկանչե՝ ես եմ, ես եմ, ես եմ փողը, օտոն ու քավորություն, ուրիշ բան չիդեն ասոն՝ քավոր, ասի աս ինչին տղան է, ասի աս ինչին բաբան է», - ասաց սիրիահայը։

Սարկոյանը նշում է, որ այս վերջին դեպքի մասին էլ չէր բարձրաձայնի, բայց համբերության բաժակն է արդեն լցվել։

«Աստված իրենց հետը, բայց որ զենք քաշին այսօր վրաս, չկարեցավ վրաս, կըլլա ուրիշի վրա քաշել, որովհետև մենք հոս գացել ենք ոտքի տակ, չի կարելի։ Եվ եթե էս արդար չեղավ, ես կլքեմ Հայաստանը ու դուրսեն կխոսեմ էս մասին։ Մենակ կուզեմ տիկին Հրանուշ Հակոբյանին մեկ հատ հարց տայի, որ ինքն ինչ արա՞վ սփյուռքահային. մենակ կկանչե աջ ձախ՝ «արի տուն, շորդ վրայեդ հանեմ ու ղրկեմ դուրս»։ Ամո՛թ է»,- ասաց վրդովված Սարկոյանը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG