Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանի ելույթը ազատամարտիկների դժգոհությունն է հարուցել


Երկրապահ կամավորականների միության համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը հարուցել է ղարաբաղյան պատերազմի վետերանների դժգոհությունը, ովքեր տարբեր հարթակներից քննադատում են այսօրվա իշխանություններին, բարձրաձայնում իրենց սոցիալական խնդիրների մասին:

Անցած շաբաթավերջին հրավիրված համագումարում հանրապետության նախագահը, անդրադառնալով ազատամարտիկների կողմից կազմակերպվող հանրահավաքներին և նախագահի հրաժարականի պահանջներին, մասնավորապես ասել էր. - «Ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել և հիմա կամ շատ բարձրացրեք մեր թոշակները, կամ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով որտեղ և ինչքան արյուն է թափել»:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն թեև ԵԿՄ անդամ է, սակայն համագումարին չի մասնակցել, ասում է, որ այնտեղ իր անելիքը չի տեսել:

«Ի՞նչ կապ ունի Սամվել Ալեքսանյանը Երկրապահի հետ: Ու ի՞նչ կապ ունի Տարոն Մարգարյանը Երկրապահի հետ: Բացի մի քանի ազնիվ տղերքից, որ այնտեղ կային, ԵԿՄ-ն ցավոք վեր է ածվել ձեռք բարձրացնող, կնոպկա սեղմողների մեկ այլ տարբերակի», - հարցնում է ազատամարտիկն ու հավելում, թե այսօր Երկրապահ կամավորականների միությունը շեղվել է այն գաղափարից, որը դրվել էր կառույցի հիմքում:

«ԵԿՄ-ն պետք է վերականգնել, ԵԿՄ-ն իր գործառույթը պիտի վերագտնի, իսկ դրա համար պետք է հրաժարվել այսօրվա իշխանություններից», - ասում է Սուրեն Սարգսյանը:

Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանն էլ ասում է, թե իր համար ի վերջո հասկանալի չէ՝ ԵԿՄ-ի համագումարն էր, թե իշխող Հանրապետական կուսակցության:

«Այդ դահլիճում, օրինակ, ես տեսնում էի տղաներ, ովքեր փողոցում որ հանդիպում էինք, ասում էին՝ շատ լավ եք անում, շատ ճիշտ եք անում: Բայց ինչ ձևով են հասել նորից այդ համագումարին՝ զարմանում ես, նստած ձայն չէին հանում», - ասաց Սարուխանյանը:

Երկրապահ կամավորականների միությունում մեզ հետ զրույցում ասացին, որ Ազատության հրապարակում կամ այլ հարթակներում ազատամարտիկների բարձրացրած հարցերն օբյեկտիվորեն արդարացի են, սակայն Միությունը համարում է, որ ճիշտ չեն ընտրված դրանց լուծման ուղիները:

Դրանք պետք է լուծվեն համախմբված ու երկրապահի տանիքի տակ, ասում են կառույցում:

«Այսօր սոցիալական խնդիրները լուծելու հետ կապված մենք անում ենք գրեթե անհնարինը մեր ընկերների, մեր հաշմանդամ ընկերների, զոհված ընկերների ըն տանիքներին օգնելու առումով», - «Ազատութան» հետ զրույցում ասաց ԵԿՄ փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, - «Մեր հիմնական ֆունկցիան չի սահմանափակվում միայն պատերազմին, որին մասնակցել ենք, ու հիմա շեփորահարենք, թե մենք պատերազմին մասնակցել ենք ու հիմա այսինչ բանն ենք ուզում: Ոչ: Այսօր Երկրապահ կամավորականների միության վարչության ղեկավարի գլխավորությամբ մի համակարգ է աշխատում, որը փորձում է մեր ազատամարտիկ ընկերների սոցիալական վիճակին արձագանքել, օգնել»:

Գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ԵԿՄ վարչության անդամներ ընտրելու վերաբերյալ էլ Ուլիխանյանի պարզաբանեց․ - «Երկրապահը պետք է նորանոր մեր ընկերներին, ովքեր մասնակցություն են ունեցել: Սամվել Ալեքսանյանի մասով վարչության նախագահը՝ մեր զորավար Մանվել Գրիգորյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ նա մասնակցել է և նույնիսկ եղել է հինգերորդ բրիգադի կազմում, ծառայել է այնտեղ, այնուհետև Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքում ինքը միշտ ներկայությունը ունեցել է: Իսկ ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին՝ նա մեր ընկերն է, մեր ավագ ընկերոջ՝ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի որդին, արժանի որդին, և կարող եմ ասել, որ պատերազմին մասնակցելու-չմասնակցելու խնդիր ուղղակի չկա: 10 տարուց ավելի, ես կարող եմ ասել, որ Տարոն Մարգարյանը երկրապահի անդամ է»:

Ի դեպ, Ղուկաս Ուլիխանյանից տեղեկացանք, որ մի քանի սիրիահայեր ցանկություն են հայտնել ընդգրկվել ԵԿՄ կազմում:
XS
SM
MD
LG