Մատչելիության հղումներ

Կիրակի օրը Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնում հավաքված հազարավոր ցուցարարները պահանջել են վերանայել իրենց օտարված բնակարանների դիմաց տրամադրվելիք փոխհատուցման չափը:

«Մեզ առաջարկում է 1500 մանաթ մեկ քառակուսի մետրի դիմաց: Մենք ընտանիքով բնակվում ենք 20 քառակուսի մետրի վրա: Ո՞ւր գնանք: Ի՞նչ կարող ենք գնել 20-30 հազար եվրոյով: Պահանջում ենք մեզ ապահովել նորմալ կացարաններով», - «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանն ասել է ցուցարարներից մեկը:

Ադրբեջանի իշխանությունները պլանավորում են ապամոնտաժել շուրջ 100 տարի առաջ կառուցված «Սովետսկայա» կոչվող թաղամասը, որտեղ բնակվող ընտանիքների թիվն անցնում է 10 հազարից: Ըստ նախագծի` այստեղ կառուցվելու են էլիտար շենքեր:

«Պահանջում ենք մեզ ապահովել բնակարաններով այն շենքերում, որոնք կկառուցվեն մեր թաղամասում՝ վերանորոգված և բոլոր հարմարություններով: Այլապես ես չեմ պատրաստվում իմ բնակարանը նվիրել ուրիշներին», - հայտարարել է բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից:

Ցուցարարները կրում էին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի լուսանկարներով պաստառներ: Նրանք վանկարկումներով Իլհամ Ալիևից պահանջում էին օգնել իրենց:

Ոստիկանները ցրել են բողոքավորներին` թույլ չտալով, որ նրանց բողոքի ձայնը հասնի նախագահական նստավայր:

Ցուցարարները հայտարարել են, թե մի քանի օր ժամանակ են տալիս իշխանություններին, և եթե այդ ընթացքում հարցը լուծում չստանա, իրենք կդիմեն կտրուկ քայլերի:
XS
SM
MD
LG