Մատչելիության հղումներ

ՌԴ միգրացիոն օրենքը խախտած 170 հազար ՀՀ քաղաքացիների ճակատագիրն անհայտ է


Հայ աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ

Հայ աշխատանքային միգրանտները օդանավակայանում, արխիվ

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքէջի տվյալների համաձայն՝ Հայաստանի ավելի քան 170 հազար քաղաքացի զրկված է Ռուսաստան մուտք գործելու իրավունքից, քանի որ արդեն խախտել է այս երկրի միգրացիոն օրենքները։

Հունվարի 1-ից սկսած առանց մուտքի վիզայի Ռուսաստան մեկնելու իրավունք ունեցող պետությունների քաղաքացիները կարող են այդ երկրի տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր՝ 180 օրվա ընթացքում։ Ենթադրվում է, որ ՌԴ-ում մնալու երեք ամսվա ընթացքում միգրանտը արդեն պետք է ձեռք բերի աշխատանքային պայմանագիր կամ այսպես կոչված Ռուսաստանում աշխատելու համար պատենտ։

Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ՌԴ միգրացիոն օրենքների խստացումը հարցեր է առաջացրել. եթե Հայաստանը միանում է Կրեմլի նախաձեռնած Մաքսային միությանը, եթե արդեն կա «Ճանապարհային քարտեզը» և ենթադրվում է, որ արդեն այս տարի Հայաստանը պետք է դառնա Մաքսային միության լիիրավ անդամ, ինչո՞ւ Հայաստանցիները չունեն Ռուսաստանում ապրելու և աշխատելու հատուկ պայմաններ։ Նկատենք, որ ՌԴ-ում 90 օր մնալու մասին նոր օրենքը չի վերաբերում Մաքսային միության անդամ Ղազախստանի և Բելառուսի քաղաքացիներին։

«Հայ-ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը կարծում է, որ սա երկկողմ հարթակում լուծվելիք խնդիր է, և նման օրակարգ պետք է առաջարկեն հենց Հայաստանի իշխանություններն իրենց քաղաքացիների շահերը պաշտպանելու համար։

«Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ձևավորի իր օրակարգը Ռուսաստանի հետ հարաբերություններում, և ավելին՝ կարծում եմ, որ դեկտեմբերի 24-ին ստորագրված «Ճանապարհային քարտեզում» պետք է նաև նման կետ լիներ»,- «Ազատությանը» ասաց Նավոյանը։

«Հայ-ռուսական համագործակցության» կազմակերպության ղեկավարի խոսքով՝ հասկանալի է, որ խոսքը ոչ միայն քաղաքացիների շահերի պաշտպանության, այլ նաև պետության շահերի մասին է.- «Աշխատանքային միգրացիայի արդյունքում Ռուսաստանից Հայաստանը ստանում է ՀՆԱ-ի 15 տոկոսին համարժեք դրամական փոխանցում»,- ասաց Նավոյանը։

Նավոյանը ասում է՝ եթե Հայաստանը ՄՄ-ի անդամ դառնա, ՌԴ-ում 90 օր մնալու խնդիրը օրակարգից կարող է դուրս գալ, սակայն հասկանալի չէ, թե ինչ ճակատագիր կունենան այն 170 հազար հայաստանցիները, ովքեր արդեն ՌԴ միգրացիոն ծառայության «սև ցուցակում» են և չեն կարող մուտք գործել այդ երկրի տարածք։

«Երկու վարչական կամ միգրացիոն օրենսդրության խախտում կատարած արտասահմանցիների համար փակվում է Ռուսաստան ժամանելու մուտքը՝ 3, 5, 2 տարի ժամկետով։ Ահա այս խնդիրը հիմա պետք է լուծել, իսկ դա կարելի է լուծել միջպետական պայմանագրով՝ ապահովելու 175 հազար ՀՀ քաղաքացիների «ամնիստիայի» հարցը»,- ասաց Նավոյանը։
XS
SM
MD
LG