Մատչելիության հղումներ

«Արդարացիություն չկար այդ պատերազմում»


Խորհրդային զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, արխիվ

Խորհրդային զորքերի դուրսբերումը Աֆղանստանից, արխիվ

Աֆղանական պատերազմի հայ վետերանները նշեցին Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման օրը:

Ամեն տարի փետրվարի 15-ին՝ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման օրը, Աֆղանական պատերազմի հայ վետերանները հավաքվում են Հաղթանակի զբոսայգում տարիներ առաջ տեղադրված՝ այդ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դնում, վերհիշում երիտասարդ տարիքում անցած պատերազմական ուղին:

Շաբաթ օրը կրկին, երբ լրացավ այդ իրադարձության 25-րդ տարին, Աֆղանական պատերազմի հարյուրից ավելի հայ վետերաններ հուշակոթողի մոտ էին:

Լևոն Քոչարյանը Աֆղանստանում ծառայել է 1980 թվականին, 20 տարեկան հասակում, զորացրվելուց ամիսներ առաջ: Ասում է, որ երբ տեղափոխեցին Աֆղանստան, իրեն զգում էր որպես ազատարար:

«Ծառայում էի Ղազախստանում՝ Սեմիպալատինսկում: 79 թվի դեկտեմբերին ամբողջ գունդը տեղափոխվեց Աֆղանստան՝ Քանդահար, ինտերնացիոնալ պարտքը կատարելու համար: Այնտեղ կոմունիստական կուսակցությունը գլուխ էր բարձրացրել, Ապրիլյան հեղափոխություն էր, Բաբրաք Քարմալին նշանակել էին առաջին քարտուղար, մեզ էլ տարան, որ կոմունիստական կուսակցության շահերը պաշտպանենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցի՝ նա նշեց, որ արդարացված չի համարում այդ պատերազմը․ - «Չէ, արդարացիություն չկար այդտեղ»:

Քոչարյանի ասելով՝ Աֆղանական պատերազմի վետերաններին այսօր մոռացության են մատնել․ - «Այսօր արդեն որ կոմունիստական կուսակցություն չկա, մենք էլ արդեն համարվում ենք հետինը՝ ինտերնացիոնալ պարտք կատարողներ: Հիմա արտոնություն չկա՝ ամեն մեկս մենք մեր գլխի տերն ենք: Թոշակն ինչ է՝ 4-5 հազար դրամ փող են տալիս: Որպես Աֆղանական պատերազմի մասնակից՝ դա այն 50 տոկոսների փոխարեն, որ այն ժամանակ 50 տոկոս կրճատում էին՝ գազը, ջուրը, լույսը [վարձավճարները], հիմա դրանց դիմաց տալիս են 5 հազար: [Աֆղանական պատերազմի հայ վետերանների] Միությունն ինչքան կարողանում է՝ օգնում է, ամեն մեկս մեկին հասնում ենք»:

Հրակ Կնյազյանը խորհրդային բանակ զորակոչվելուց անմիջապես հետո ծառայությունը շարունակել է Աֆղանստանում:

«Մենք պայքարել ենք դուշմանների դեմ՝ դուշման էին ասում այն ժամանակ: Չնայած թռուցիկներ էին գցում ամերիկացիները, թե ովքեր էին, դուշմանները, թռուցիկներ էին գցում, որ «ինչի՞ եք եկել, ինչի՞ եք կռվում, ո՞ւմ համար եք կռվում, մեկ է՝ քանդվելու է ամեն ինչ, դուք հեռանալու եք այստեղից», բայց մենք ոչ մեկս էլ այն ժամանակ, երիտասարդ տղաներ էինք, բանի տեղ չէինք դնում: Մեզ պրիկազ էր տրված ծառայել՝ մենք ծառայում էինք, կատարում էինք մեր ինտերնացիոնալ պարտքը՝ որպես ազատարար», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Կնյազյանը:

Նրա խոսքերով՝ այդ պատերազմը «արդարացված էր այնքանով, որ պաշտպանված էր մեր հայրենիքը»:

Աֆղանական պատերազմի մեկ այլ վետերան՝ Հենրիկ Ասատրյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Սովետական կառավարության ժամանակ մենք չէինք մտածում՝ պետությունն էր մտածում, մենք հրամաններ էինք կատարում, մեզ չէին հարցնում, թե որտեղ գնաս, ուր գնաս, մեզ ուղարկում էին: Մեզ ասում էին, որ այնպես, ինչպես Ամերիկան, ասենք, Վիետնամ մտավ, սովետական պետությունը, բոլորս էլ գիտեինք՝ սովետական Ռուսաստանն ու Ամերիկայի կապիտալիստական այդ պետությունը մեկը մյուսին հակադիր պետություններ էին, նույն ձևով էլ սովետական պետությունն էլ մտավ [Աֆղանստան]»:

«Այնքանով էր արդարացված, որ մենք այն ժամանակ հավատում էինք մեր հզոր երկրին, հզոր Միությանը, հայրենիքին՝ հզոր հայրենիքին», - ընդգծեց Ասատրյանը՝ շարունակելով․ - «Այսօր որ հետադարձ հայացքով նայում եմ ես՝ ոչ մի պետություն իրավունք չունի մյուս պետության ներքին հարցերին խառնվելու»:

Աֆղանական պատերազմի հայ վետերանների միության նախագահն է Ազգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Մխիթարյանը: Նա ասում է՝ միությունը սատարում է վետերաններին, որքան կարողանում է, իսկ ինչ վերաբերում է պետության աջակցությանը, ապա Մխիթարյանը նշեց․ - «5 հազար դրամը տրանսպորտի փոխհատուցումն է ընդամենը: Բայց այսօր մենք ունենք մոտ 30 հազար «Երկրապահ»-ի անդամներ, բավականին զոհվածներ, այսօր Հայաստանի բյուջեն, Հայաստանի ֆինանսական վիճակը այն չէ, որ կարողանա բոլորին [աջակցել]․․․ Բայց ինչով կարողանում է պետությունը, թե մեր միությունը, սատար է կանգնում՝ հնարավորությունների սահմաններում»:

Աֆղանական պատերազմին մասնակցել են 4 հազար 100 հայեր, որոնցից 86-ը զոհվել են:
XS
SM
MD
LG