Մատչելիության հղումներ

Աշոտ Ղուլյանը մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի վեհաժողովին


Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի մամուլի ծառայության

Լուսանկարը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի մամուլի ծառայության

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը երեկ մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին:

Ղարաբաղի Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ղուլյանը Իսպանիայի Սանտյագո դե Կոմպոստելա քաղաք է ժամանել նախօրեին՝ ԵԱԴ-ի քաղաքական ղեկավարության հրավերով:

Լիագումար նիստի քննարկումների ժամանակ, որը նվիրված էր մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում:

Նախատեսվում են Ղուլյանի հանդիպումները Եվրոպայի ազատ դաշինքի նախագահության (բյուրոյի) անդամների հետ, ինչպես նաև ԵԱԴ-ի կազմի մեջ մտնող մի շարք եվրոպական կուսակցությունների ղեկավարների հետ:

Եվրոպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է քաղաքական ինքնիշխանության կամ իրենց երկրի ու տարածաշրջանի ինքնակառավարմանը ձգտող տարբեր եվրոպական կուսակցությունների։ Դաշինքը ինքնորոշման իրավունքի ջատագովներից է և պաշտպանում է իրենց ապագան տնօրինելու ժողովուրդների իրավունքը: Ինքնորոշման իրավունքն առանցքային տեղ ունի ԵԱԴ-ի ծրագրում և գաղափարախոսության մեջ:

Եվրոպական ազատ դաշինքի կազմում են մոտ 40 ազգային, տարածաշրջանային և ինքնավար կուսակցություններ Եվրամիության ավելի քան 17 երկրներից, որոնք ներկայացնում են պետականություն չունեցող ժողովուրդներին, Եվրոպայի ավանդական փոքրամասնություններն ու տարածաշրջանները։ Այդ երկրների շարքում են Ավստրիան, Բելգիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան և այլն։ ԵԱԴ-ն ներկայացված է Եվրախորհրդարանում՝ 7 անդամով, որոնք Եվրախորդարանի թվով չորրորդ քաղաքական միավորի՝ Կանաչների խմբակցության մաս են կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG