Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը բացառել է կտրուկ գնաճը ՄՄ-ին միանալու արդյունքում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կտրուկ գնաճի մասին տեղեկությունների տարածումը անթույլատրելի է համարել և նշել, որ պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան ցանկացած նմանօրինակ ապատեղեկատվության տարածման դեպքում:

Սերժ Սարգսյանն այս մասին խոսել է Քաղաքաշինության նախարարության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցության ժամանակ:

Մասնավորապես, պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ են իրականությանը համապատասխանում Մաքսային միությանը Հայաստանի միանալուց հետո իբր անխուսափելի կտրուկ գնաճի մասին տարածվող տեղեկությունները, որոնք հասարակության մեջ անհանգստություն են առաջացնում, նախագահը վստահեցրել է, որ կտրուկ գնաճ լինել չի կարող՝ անկախ նրանից Հայաստանը միանալու է Մաքսային միությանը, թե ոչ:

Սերժ Սարգսյանի խոսքով, որոշակի ապրանքներ կարող են էժանանալ, որոշները՝ թանկանալ, բայց կտրուկ գնաճը բացառվում է: Նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամակցությունը բխում է մեր ժողովրդի շահերից, և խոսքը չի վերաբերում միայն տնտեսությանը: Կտրուկ գնաճի մասին և նմանատիպ ոչ հավաստի տարբեր տեղեկությունների տարածումը Հանրապետության Նախագահը անթույլատրելի է համարել և նշել, որ պատկան մարմիններն ակտիվորեն պետք է հրապարակային մեկնաբանություններ տան ցանկացած նմանօրինակ, իր ձևակերպմամբ՝ ապատեղեկատվության տարածման դեպքում և հանրությանն առավելագույնս ներկայացնեն իրականությունն ու ճշմարտությունը:

«Միայն լավ գործ անելը, լավ պայմանագիր կնքելը, լավ որոշում ընդունելը բավարար չէ, որպեսզի հանրության շրջանում ունենանք համապատասխան պատկերացում այդ որոշման, օրենքի նախագծի կամ գործընթացի մասին», - նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Սերժ Սարգսյանը, - «Նայեք՝ ի՞նչ է կատարվում մեր երկրում. որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են և՛ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, և՛ մեր աշխատանքը: Այս պարագայում, մենք, իհարկե, շատ ակտիվ պետք է լինենք, որպեսզի կարողանանք մեր ընդունած որոշումները հասցնել մեր հանրությանը, որպեսզի ունենանք նաև հասարակական աջակցություն, որպեսզի ունենանք հետադարձ կապ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG