Մատչելիության հղումներ

Մետրոպոլիտենի աշխատակիցն ասում է՝ իրենց հեռացրել են կուտակայինի դեմ բողոքի ցույցի պատճառով


Հայաստան -- Մետրոպոլիտենի աշխատակից Անդրանիկ Գևորգյանը պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիայի ժամանակ հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 12-ը փետրվարի, 2014թ․

Հայաստան -- Մետրոպոլիտենի աշխատակից Անդրանիկ Գևորգյանը պարտադիր կուտակայինի դեմ բողոքի ակցիայի ժամանակ հարցազրույց է տալիս «Ազատությանը», Երևան, 12-ը փետրվարի, 2014թ․

Մետրոպոլիտենի տնօրենի տեղակալի հետ անձնական զրույցի ընթացքում պարզ է դարձել, որ մեքենավարներին ազատել են բողոքի ակցիան կազմակերպելու և հարցազրույց տալու պատճառով։

Երևանի մետրոպոլիտենի տնօրինությունն աշխատանքից ազատել է երեք մեքենավարի՝ Անդրանիկ Գևորգյանին, Գագիկ Գալստյանին և Սևակ Հովհաննիսյանին։ Նրանք երեքն էլ աշխատանքից ազատվել են այն բանից հետո, երբ երկու օր առաջ Մետրոպոլիտենի առջև մասնակցեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային:

«Ազատության» հետ զրույցում Անդրանիկ Գևորգյանը այսօր ասել էր, որ իրենց աշխատանքից հեռացրել են առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու՝ շեշտելով, որ ինքը Մետրոպոլիտենում 15 աշխատանքային տարիների ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ նկատողություն չի ստացել։ Սակայն ավելի ուշ՝ Մետրոպոլիտենի տնօրենի տեղակալի հետ հանդիպումից հետո Գևորգյանը փոխանցեց՝ անձնական զրույցի ընթացքում պարզ է դարձել, որ իրենց աշխատանքից ազատել են բողոքի ակցիան կազմակերպելու և դրան մասնակցելու պատճառով։

Աշխատանքից ազատված մեքենավարները Մետրոպոլիտենի առջև կազմակերպված ցույցի ժամանակ ամենակտիվն էին, նրանք «Ազատության» հետ զրույցում դատապարտում էին տնօրինությանը՝ առանց զգուշացնելու իրենց աշխատավարձերից պարտադիր պահումներ անելու համար: Ընդ որում Անդրանիկ Գևորգյանը, ում վրա տարիքի պատճառով կուտակային կենսաթոշակների մասին օրենքը չի էլ տարածվում, իր գործընկերների ստորագրություններով դիմում բողոքը անձամբ էր փոխանցել տնօրինությանը:

«Պատճառաբանում են, որ բողոքի ակցիան ես եմ կազմակերպել, բայց էնտեղ մարդիկ իրենց կամքով էին եկել, դեմ էին, որ իրենց աշխատավարձից պահվել է, երբ Սահմանադրական դատարանը կասեցրել է պարտադիր բաղադրիչը»,- ասաց Գևորգյանը՝ շարունակելով.- «Իսկ աշխատանքից ազատելու հրամանի մեջ նշված է, որ մենք ազատված ենք 113-րդ հոդվածի հիման վրա՝ գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի խզումը աշխատողի նկատմամբ անվստահության համար»։

Գևորգյան և մյուս երկու մեքենավարները՝ Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանը, այժմ փաստաբան է փնտրում՝ գործատուի դեմ դատական հայց ներկայացնելու համար։

«Աշխատանքից մյուս ազատվածներին նույնպես նույն պատճառաբանությունն է ներկայացվել, որ բողոքի ցույցի եք մասնակցել, ու մեկ էլ որ ինտերվյու եք տվել, բայց ինտերվյուն Սևակին չի վերաբերվում։ Սևակը հարցազրույց չի տվել»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ Մետրոպոլիտենի մյուս աշխատակիցները սատարում են և պատրաստ են աջակցել իրենց։

​Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը «Ազատության» հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդյոք մարդիկ աշխատանքից ազատվե՞լ են կուտակայինի դեմ ցույցի մասնակցության պատճառով, մասնավորապես, ասել էր․ - «Ոչ, պարզապես զուգադիպություն է, որովհետև դրանք այն անձնավորություններն են, որոնց աշխատանքից դժգոհ է իրենց ուղեմասի պետը: Ուղեմասի պետը զեկուցագիր է գրել համապատասխան մասնաճյուղի պետին, մասնաճյուղի պետն էլ իրազեկ լինելով ամեն ինչից, քանիցս մարդկանց զգուշացնելուց հետո, սխալը շտկելու հնարավորություն ընձեռելուց հետո, երբ նրանք մնացել են նույն ոճի աշխատող, տնօրենի հրամանով ազատվել են աշխատանքից»։

Պատասխանելով հարցին, թե կոնկրետ ինչո՞ւմ են թերացել աշխատանքից ազատվածները, Վարդանյանը ասել էր.- «Ես ինչքան գիտեմ, նրանք աշխատում են շարժասանդուղքի հետ, շարժասանդուղքը և հոսանք է, և անվտանգության խնդիրներ կան, ինչ-որ օտար մարդիկ են բերել, մի խոսքով, չեն պահպանել համապատասխան կետերը։ Ես նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում, իրենք շատ լավ գիտեն, թե իրենց ուղեմասի պետը ինչքան դժգոհ է իրեն աշխատանքից։ Բազմաթիվ անգամներ իրենց զգուշացվել է։ Ես բացառում եմ, որ միտինգի հետ կապված մեզ մոտ հեռացման գործընթաց է տեղի ունենում։ Այդպիսի բան չկա»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG