Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել չորեքշաբթի երեկոյան Երևանի կենտրոնում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի և իշխող Հանրապետական կուսակցության անդամների մասնակցությամբ միջադեպի առիթով:

«Մի խումբ անձինք կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների, փողոցով երթևեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն», - ասված է երեկ ուշ երեկոյան Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հինգշաբթի օրը Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից», հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հաղորդագրությունում ասված է նաև, որ ոստիկանապետը ծառայողական քննություն է նշանակել լրագրող Անի Գևորգյանի այն հայտարարության կապակցությամբ, թե իր նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվել են անօրինական գործողություններ:

Ընդդիմադիրների պնդմամբ՝ ՀՀԿ-ական երիտասարդները խոչընդոտել են իրենց՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկման թռուցիկներ տարածել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG