Մատչելիության հղումներ

Nymphomaniac-ի պրեմիերան չկայացավ


Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի աղմկահարույց Nymphomaniac` թարգմանաբար «Հեշտամոլը» աղմկահարույց ֆիլմի այսօր նախատեսված երևանյան պրեմիերան չկայացավ:

Դանիացի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի աղմկահարույց Nymphomaniac` թարգմանաբար «Հեշտամոլը» աղմկահարույց ֆիլմի այսօր նախատեսված երևանյան պրեմիերան չկայացավ:

Ֆիլմի ցուցադրության իրավունքը ձեռք բերած «Սինեմա Սթար» կինոթատրոնը, «Հեշտամոլը» դրաման թարգմանելով որպես «Նիմֆոնաուհին», արդեն ներառել էր այսօրվա խաղացանկում, սակայն վերջին պահին հրաժարվեց այն էկրան բարձրացնել՝ ֆեյսբուքյան էջում վկայակոչելով՝ «մի շարք քաղաքացիների և հասարակական խմբերի բազմաթիվ առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանով ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ»:

Երևանյան մյուս խոշոր՝ «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններից մեզ փոխանցեցին, որ առաջիկայում առհասարակ մտադրություն չունեն ցուցադրել աղմկահարույց ֆիլմը:

«Սինեմա Սթարում» հրաժարվում են որևէ լրացուցիչ մեկնաբանություն անել, սակայն ֆեյսբուքյան էջի միջոցով արձագանքել են կինոթատրոնի հասցեին հնչող խիստ քննադատությանը՝ շեշտելով, որ իրենց կենտրոնը ընտանեկան է, ուստի որոշել են «խուսափել իրավիճակից, երբ ֆիլմի ցուցադրությունը կարող է հակասական կարծիքներ առաջացնել այցելուների մոտ»:

Կինոգետ Զավեն Բոյաջյանը տարակուսած է՝ կինոթատրոնի բացատրությունը նույնիսկ տրամաբանորեն հնարավոր չէ արդարացնել․ - «Ինչպե՞ս պատահեց, որ գնեց այդ ֆիլմի ցուցադրության իրավունքը, իսկ հետո ինչ-ինչ անձանց և հասարակական խմբերի ճնշման տակ որոշեց հրաժարվել հասանելիք շահույթներից, որովհետև հենց իրենք էին ֆիլմի շուրջը աղմուկ գոյացրել և պոտենցիալ հանդիսասրահի մի որոշ մաս այդ աղմուկի հետևանքով էր ցանկանում դիտել ֆիլմը, որովհետև ես չեմ կարծում, որ Հայաստանում խանդավառված ամբոխները ուզում են դիտել Լարս ֆոն Թրիերի նոր աշխատանքը, որը բավականաչափ էլիտար ռեժիսոր է, ավելի շատ հեղինակային կինոյի ներկայացուցիչ»:

«Սինեմա Սթարը» այդպես էլ չի հրապարակում, թե այդ ինչ քաղաքացիներ ու հասարակական խմբեր են առարկել ֆիլմի ցուցադրությանը կամ հատկապես ինչից են դժգոհել: Դատելով մամուլի հրապարակումներից՝ կինոգետը կռահում է՝ ֆիլմի բաց տեսարաններն են կինոթատրոնի ղեկավարությանը հետ պահել այն ցուցադրելու մտքից:

«Ներկայացվում էր, որ խոսքը պոռնոդրամայի մասին է՝ մի ծիծաղելի բնորոշում, որ ընդհանրապես գոյություն չունի, իսկ եթե նույնիսկ գոյություն ունի, ապա Լարս ֆոն Թրիերի մասշտաբի ռեժիսորի նկատմամբ կիրառելը առնվազն վկայում է տգիտության մասին», - ասում է Զավեն Բոյաջյանը՝ հիշեցնելով, որ այսօր ֆիլմի համաշխարհային պրեմիերան է և մարդիկ քննադատել են այն դեռ չտեսած, իսկ կինոթատրոնը տարիքային սահմանափակում կիրառելու փոխարեն, որպես գրաքննող է հանդես եկել:

«Ստացվեց շատ այդպես սովետական ֆենոմեն, երբ որ, ասենք, Սոլժենիցինի գրքերը չէին կարդացել կամ Պաստեռնակի գրքերը չէին կարդացել, բայց հոդվածներ էին գրում ու հանդես էին գալիս այդ գրքերի կամ ֆիլմերի դեմ: Դրա համար արդյունքը ստացվում է այսպես՝ ինչ-որ գավառական, ծիծաղելի, անիմաստ ժեստեր: Սա կարող է վատ նախադեպ դառնալ մի երկրի համար, որտեղ պաշտոնապես և սահմանադրորեն գրաքննություն գոյություն չունի», - ասում է Բոյաջյանը:

Այդուհանդերձ, ոչ բոլորն են դժգոհ ստեղծված իրավիճակից: «ՎԷՄ» հոգևոր ռադիոկայանի լրագրող և հաղորդավար Արաքս Պողոսյանն ասում է՝ կինոթատրոններն այնքան շատ են ցուցադրել այսպիսի ֆիլմեր, որ այս քայլը նույնիսկ ուշացած էր:

«Սակայն, ինչպես ասում են, լավ է ուշ, քան երբեք: Գիտեք, ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, եթե ֆիլմը արգելվեց, ուրեմն այդ ֆիլմը տեսնելու ոչ մի հնար մարդ իր համար չի գտնի: Բայց դա արդեն տվյալ անհատի խնդիրն է: Իսկ պետությունը դրանով իր դիրքորոշումն է ցույց տալիս, և ես դա համարում եմ նորմալ: Եվ եթե անգամ գրաքննություն է դրա անունը, ես համարում եմ դա պիտանի գրաքննություն», - ասում է նա:

Արաքս Պողոսյանի կարծիքով, ազատության քրիստոնեական ձևակերպուներով պետք է առաջնորդվենք, եթե քրիստոնյա հասարակություն ենք: Լրագրողը չի հերքում, որ ֆիլմը չի դիտել․ - «Բոլորովին պետք չէ ֆիլմը տեսնել, որպեսզի դիրքորոշում արտահայտել: Ես այսպես հասկացա, որ ֆիլմը գրեթե պոռնոգրաֆիկ ֆիլմ է, գոնե կիսով չափ: Եվ հենց այստեղ էր իմ կոշտ դիրքորոշումը»:

Երիտասարդ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը զայրացած է․կինոթատրոնի մեղքով Կաննի մրցանակակիր ռեժիսորը Երևանում պոռնոբեմադրիչի համբավ ստացավ:

Սկանդալային այս պատմությունից հիասթափված կինոսերներն էլ իրենց սերը Լարս ֆոն Թրիերի նկատմամբ արտահայտելու համար կինոակումբում ամեն չորեքշաբթի անցկացվող կինոդիտումների համար ընտել են ռոժիսորի վաղ շրջանի աշխատանքները, որ, իրենց ձևակերպմամբ՝ «եղիցի Լարս ֆոն Թրիերը»:

«Մենք կդիտենք ամեն դեպքում: Մարդիկ, ովքեր հասկանում են կինոյից, ովքեր հասկանում են ով է Լարս ֆոն Թրիերը, և ոչ թե սպասում են մերկ տեսարանների, այլ սպասում են լավ կինոյի», - մեզ հետ զրույցում մեկնաբանեցին նրանք:
XS
SM
MD
LG